...

Քանի զրոն է սիմվոլիկ Միշիկի համար

Քանի զրոն է սիմվոլիկ Միշիկի համար

Երկու օր է, ինչ համացանցը ցնցվել է՝ Միքայել Մինասյանը վերջապես իր «ծանրակշիռ» խոսքն ասաց Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ: Եվ քանի որ այն իսկապես քննարկվեց, նրա տիրապետության տակ գտնվող մեդիաները և ֆեյսբուքյան հաստիքային ստատուսչիները շտապեցին դա ներկայացնել իբրև Միքայել Մինասյանի աճող վարկանիշի ապացույց:

Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է: Մեկի մասին շատ խոսելը և քննարկելը դեռևս դրական վարկանիշ չէ:   Հակառակը, Մինասյանը մնում է Հայաստանում բացասական վարկանիշով երրորդ գործիչը՝ զիջելով ավելի   փորձառու Քոչարյանին ու Սարգսյանին: Եվ քանի դեռ մի քանի տասնյակ անգամ մոնտաժված խոհանոցային տեսաուղերձը չէր հրապարակվել, Մինասյանն ավելի լուրջ ու ստվերային գործչի համբավ ուներ: Այդ բեմելը ամբողջովին փչացրեց տարիներ շարունակ խնամքով կառուցված միֆը:

Բայց խնդիրը Մինասյանի վարկանիշը չէ, չեղած բանը չի կարող անհետանալ:

Մինասյանը պնդեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը Հռոմի հյուրանոցներից մեկում շուրջ մեկ տարի առաջ    իրեն առաջարկություն է արել Նիկոլ Փաշինյանի անունից: Այն է՝ ինչ-որ ֆոնդի վճարիր սիմվոլիկ գումար և   կկարճենք քո նկատմամբ քրեական գործերը: Եվ վերոհիշյալ համակիրների խումբը շտապեց հարցեր հնչեցնել և   մեղադրանքներ ներկայացնել: Հասեք՝ գործող իշխանությունը ապօրինություններ է արել և շրջանցել օրենքը:

Այս պնդումն իսկապես զավեշտալի է: Գործող իշխանությունը երկու տարի է նույն բանն է ասում՝ մեր նպատակը   բանտերը լցնելը չէ, ով կվերադարձնի թալանածը, դուրս կմնա քրեական հետապնդում ունենալու հեռանկարից: Իմիջիայլոց, այս պնդումը բազմիցս ենթարկվել է քննադատության, բայց իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ վերանայելու են իրենց այս դիրքորոշումը: Եվ այո, շատ հնարավոր է, որ նման ուղերձ հղվել է նաև Միքայել Մինասյանին:

Այստեղ ուրիշ հարցեր են առաջանում: Ի՞նչ նկատի ունի Մինասյանը սիմվոլիկ գումար ասելով: Ավելի շուտ, քանի զրոն է նրա համար սիմվոլիկ: Ամենայն մանրամասնություններ պատմողն ինչո՞ւ չի ասում, թե որքան գումարի մասին է խոսքը: Դա շատ կարևոր հանգամանք է: 

Ամենայն հավանականությամբ, ինչպես Վանեցյանը ինքն իրեն գաղտնալսեց ու հետո սլիվ արեց, կունենա նաև   Փաշինյանի հետ առանձնազրույցի ձայնագրությունը, որտեղ նրան տրվում են հանձնարարականներ խոսելու Մինասյանի հետ: Բայց եթե Վանեցյանը հաստատի Մինասյանի խոսքերը, պետք է նաև հրապարակի նրա հետ   զրույցի մանրամասները և հատկապես, թե ինչ գումարի շուրջ են բանակցել:

Եթե Մինասյանին ընդամենը մի քանի միլիոն դոլարի առաջարկ է եղել և ապացուցվի, որ դա ճշմարիտ թիվ է, ապա հարցեր կառաջանան Փաշինյանին: Ինչո՞ւ է այդքան մեղմ առաջարկ արել նախկին թիվ մեկ փեսային: Իսկ եթե թիվը աստղաբախշական է, ասենք՝ մի քանի հարյուր միլիոն դոլար, ապա Մինասյանը նախ պետք է բացատրի, թե ինչու և ինչպես է 9 զրոյով թիվը համարում սիմվոլիկ: Այդ ինչքան ունի, որ մի քանի հարյուր միլիոնը համարում է սիմվոլիկ:  

Ամեն դեպքում Վանեցյանն արդեն պարզորոշ ցուցադրել է, որ խաղում է նախորդների դաշտում, ուստի նրա   ցանկացած խոսք պետք է ունենա լուրջ ապացուցողական բազա՝ գոնե աուդիո ձայնագրությունների տեսքով:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ