...

Փիառի համար են անում, ինչը նման է ժողովրդի աչքին մոխիր փչելուն

Փիառի համար են անում, ինչը նման է ժողովրդի աչքին մոխիր փչելուն

«ՉԻ» զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը:

- Պարոն Միսկարյան, կառավարությունը ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանին: Հայտնի է, որ վերջինս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է, որը Մարտի 1-ի ոճրագործության ակտիվ դերակատարներից մեկն էր: Ըստ Ձեզ, ինչո՞ւ իշխանությունը կանգ առավ այդ թեկնածության վրա:

- Ճիշտն ասած, Սահմանադրական դատարանի շուրջ տարօրինակ ու անցանկալի երևույթներ են տեղի ունենում ու ինձ համար գոնե դեռ դժվար է որևէ բացատրություն գտնել այդ ամենի վերաբերյալ: Դժվարանում եմ այս պահին մեկնաբանություն անել: Մի բան կասեմ միայն. ո՞ւմ էին պետք այս փոփոխությունները, եթե Սահմանադրական դատարանի դատավորների կազմը, բովանդակությունը, արժեքները մնալու են նույնը, ինչը տրամաբանության մեջ չէ: Փաստորեն, ՍԴ դատավորի պաշտոնի համար ներկայացվում է մի մարդու թեկնածություն, որի հարցազրույցներից ու գրառումներից դժվար է հասկանալ, թե այդ մարդը իրականում պատկերացնում է, թե ուր է գնում, ինչ գործառույթ է կատարելու և թե ինչ արժեքներ է պահպանելու:

- Անընդհատ խոսվում է սահմանադրական ճգնաժամի մասին, բայց, կարծես թե, այն դեռևս հանգուցալուծում չի ստանում: Ըստ Ձեզ, որ դեպքում և երբ վերջնական արդյունք կունենանք, ե՞րբ ՍԴ-ն կսկսի լիարժեք աշխատել:

- Եթե այս տեմպով գնա, ապա առհասարակ սահմանադրական դատարան չունենալն է, կամ բոլորովին նոր սահմանադրական դատարան ձևավորելը: Չգիտեմ, որ ճանապարհով կգնանք, բայց կարծում եմ՝ դա կլինի սահմանադրական փոփոխություններից հետո: Եթե լինի:

- Իսկ ի՞նչ կասեք դատավորների վեթինգի՝ բարեվարքության գործընթացի մասին, հատկապես, որ վերջերս դատավորներ կալանավորվեցին: Արդյոք դա վկայո՞ւմ է այն մասին, որ իշխանությունները պատրաստակամորեն են տրամադրված բարեփոխումներ անելու:

- Պետք է ասեմ, որ այն, ինչ կատարվում է դատական համակարգի շուրջ, ավելի շուտ նման է փիառի՝ ժողովրդի աչքին մոխիր փչելու նման մի բան է: Նույն ԲԴԽ-ն վերջերս բազմաթիվ ծիծաղելի հայտարարությունների հեղինակ է դարձել, որոնք ուղղակի աբսուրդի ժանրից են: Ինչ-որ մեկնաբանություններ են տալիս հարազատական կապերի վերաբերյալ և փորձում են արդարացնել այդ ամենը, որ իբր Հայաստանը փոքր երկիր է, և մեկը մեկին կարող է բարեկամ լինել: Նման մոտեցումը, նման վերաբերմունքը օրենքին և իրավունքին, ուղղակի անհեթեթ է, իսկ ԲԴԽ-ի գործունեության մեջ ինչ-որ էթիկա ակնկալելն՝ անհնար: Ես կարծում եմ, այս դատական համակարգում միայն լուրջ վիրահատական միջամտությունից հետո կարելի է դրական տեղաշարժ ակնկալել: Հակառակ դեպքում, սպասել, որ դատավոր առ դատավոր փոփոխվելու են և ինչ-որ մի օր մենք կունենանք արդար դատարան, կարող է մեկ դարն էլ չբավականացնի: Ձևավորված այն արատավոր մշակույթը, որ տասնյակ տարիներ կարծրացել է, դժվար է լինելու փոխել այդ պաշտոնյաների մեջ և դա, ըստ էության, շարունակաբար փոխանցվելու է սերնդեսերունդ:

- Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն: Ի՞նչ կտա այդ ուսումնասիրությունը:

- Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ միայն ուսումնասիրություններ կատարելով որևէ հարց չի կարգավորվում: Ինչ-որ մի տեղ ցույց տալու համար, թե աշխատում են և դա անում են առանց վերլուծության, առանց իրական փոփոխությունների, կարծում եմ՝ անարդյունք գործառույթ է:

- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Զարուհի Բաթոյանին հայտարարագիրը պատշաճ չներկայացնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի որոշումը:

- Իրականում օրենքն է պահպանվել, բայց, ցավոք սրտի, մենք իրավունք չունենք օրենքի գերակայությունը կամ դրա կատարման պարտադիր լինելը կապել առանձին դրվագների հետ: Ասել, որ եթե Զարուհի Բաթոյանին տուգանել են, հետևաբար Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը գործում է, կամ ամեն ինչ կարգին է, իրականությանը չի համապատասխանի: Ոչ, այդ դեպքը ընդամենը մի փոքրիկ դրվագ է, որը ինչքան որ իրավունքի տարր է պարունակում, նույնքան էլ պարունակում է փիառի տարրեր: Մասնավորապես ոչ միայն Զարուհի Բաթոյանի հետ կապված: Ընդհանրապես նկատվում է միտում, որ ինչ-որ աշխատանքներ են կատարվում և ցանկանում են հանրության մոտ դա ի ցույց դնել:

- Համացանցում քննարկման առարկա է դարձել այն, որ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը փարթիի է մասնակցում Շորժայում, առանց դիմակի, մի լավ զվարճանում, հետո էլ հայտարարում, թե ընդամենը մի պահ դիմակ չի կրել և դա վերագրում է սոսկ անզգուշությանը։ Ի՞նչ կասեիք այս մասին, արտոնյալներին ամեն ինչ կարելի՞ է: Մինչդեռ տևական ժամանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր բազմամարդ միջոցառումներից լուսանկարներ, քննադատում հակահամաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիներին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մշտապես կոչ է անում մնալ տանը, հետաձգել այցելությունները, խնջույքները և այլն։

- Ճիշտն ասած, ես ծանոթ եմ Հայկ Սարգսյանի պարզաբանման հետ, երբ ինքը ներողություն է խնդրում իր քաղաքական թիմից և պարետից: Կարծում եմ, իրականում այնքան էլ հեշտ չէ դիմակ կրելը ու շատ մեծ խնդիրներ ու անհարմարություն է առաջացնում՝ թե առողջական, թե առավել ևս բնության գրկում հանգստանալիս: Բայց հարցի մի կողմն է, որ Հայկ Սարգսյանը դիմակ չի կրել, լիներ միայնակ, թե ընտանիքի որևէ անդամի հետ, այլ հարց է, երբ մասսայական միջոցառում է կազմակերպվում և դիմակներ չեն կրում: Հայկ Սարգսյանը հերքում է, թե դա իր կազմակերպած միջոցառումն է: Նման դեպքում ճիշտ կլինի, որ քննություն կատարվի և իրականում բացահայտվեն հանրությանը հուզող մի քանի հարցերի պատասխաններ: Արդյոք այդ օբյեկտը, որտեղ տեղի է ունեցել այդ միջոցառումը, ինչ-որ ձևով կապ ունի Հայկի հետ, քանի որ կադրերում պարզ երևում է, որ նա ազատորեն օգտվում է այդ օբյեկտի համակարգչից՝ առանց տեղի աշխատակիցների: Այսինքն, դա հիմք է տալիս կասկածելու, որ ինքը ավելի մեծ ազդեցություն ունի տվյալ օբյեկտի վրա, քան պարզապես հյուրը: Իսկ այդ վարկածը հերքելու կամ հաստատելու համար պետք է քննություն կատարվի: Պետք է պարզել, թե ովքեր են կազմակերպիչները և նրանք նույնպես տուգանվեն: Եթե դա Հայկ Սարգսյանն է եղել, ապա ես ցավում եմ, որ մենք հերթական անգամ մեծ հիասթափությունն ենք ապրելու կառավարող ուժի քաղաքական թիմի ներկայացուցիչների կողմից անպատասխանատու վարքագծի հետ կապված:

- Պարոն Միսկարյան, իսկ ո՞րն է Ձեզ մտահոգող ամենակարևոր հարցը:

- Մտահոգող շատ հարցեր կան, ու չկա մի ոլորտ, որ ասեմ՝ գոհ եմ այդ ոլորտի աշխատանքներից: Այս պահին ինձ ամենաշատ մտահոգողը ոստիկանական համակարգի բարեփոխումներն են, որոնք դեռևս չկան: Անձամբ ես սպասում էի, որ այս համակարգում որակական առումով դրական փոփոխություն տեղի կունենա, բայց, ցավոք սրտի, դեռ դրան չենք հասել: Ավելին՝ ականատես լինելով այն իրադարձություններին, որ կատարվում են մեր շուրջը, որպես քաղաքացի՝ օր օրի ավելի քիչ եմ հավատում, որ կունենանք այն, ինչ խոստացել էին այս իշխանությունները, այսինքն՝ վստահ չեմ, որ ոստիկանական համակարգում կունենանք լիարժեք ռեֆորմներ:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1802 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ