...

Պողոսի երազը

Պողոսի երազը

Բազմոցին փռված՝ կանչում է կնոջը․ «Փիրո՛ւզ, մի հատ կոֆե դիր, համ էլ էն Ազատության ձայնը միացրու, տենանք՝ ինչ են ասում»։ Ու այդ պահին էլ անջատված հեռուստացույցից շատ ծանոթ ու ճղճղան ձայն է լսվում․ «սիրելի ժեխովուրդ, վերջապես եկավ աննախադեպ պատմական պահը, երբ պիտի նախկին շնաբարո դուրսպրծուկների թալանածը վերադարձնենք ձեզ։ Խնդրում եմ բոլորը անձնագրերով մոտենան կառավարության շենքին»։ Ինքը բազմոցից վեր է ցատկում, արագ-արագ թուրքական սպարտիվկան քաշում վրան ու դռնից դուրս նետվում։ «Մի հատ էլ տոպրակ վեկալ, որ Լֆիկի թալանածը բաժանեն՝ պեսոկո՛վ կուզես»,- հուզմունքից կարմրատակած՝ ետևից գոռում է կինը, բայց ինքն այլևս չի լսում։ Իրեն գցում է «Օպելի» մեջ (1,3-նոց բալոն, իդեալական վիճակ, նիսյա չառաջարկել) ու քշում հրապարակ․․․

Բայց արդեն Ամիրյան փողոցից սկսած՝ ահավոր հերթ է ու հրմշտոց։ Մի կերպ արմունկներով ճանապարհ է բացում ու հասնում մետաղյա արգելափակոցին, բայց պարզվում է՝ մուտքը վճարովի է։ Պիտի 5 հազար դրամ փոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Նիսյայով չի լնի՞»,- շողոքորթ ժպտում է «հեղափոխության պահապանների» պարեկներին, բայց սրանք, որպես կոռուպցիայի դեմ պայքարող սկզբունքային մարտիկներ, թարս-թարս նայում են, ու ինքը սուսուփուս վճարում է և հասնում հաջորդ արգելապատնեշին․․․ Պարզվում է՝ այստեղ էլ PCR տեստ են ուզում, եթե չունես՝ կարող ես տեղում անել ընդամենը 18 հազար դրամով։ Փորձում է բողոքել, բայց կողքին կանգնած «ծիգրովկա» տրիկոյով անատամ մի կին հարձակվում է վրան՝ «բա լավ ա՞, որ էն մութուլուսի վախտով մազութը զեմլյա էին տալի, ուզում ես 30 տարվա քանդածը իրեք տարում սարքե՞ն»։ «Եթե էդ նույնը Հ1-ի միկրաֆոնի դեմը ասես՝ PCR տեստը կես գին ա»,- ոգևորվում է պարեկը։ «Հովանավոր՝ Վիվարո ընկերություն»,- անուշիկ ժպտում է Ալենը․․․ Իսկ հրմշտոցի մեջ խեղդվող մարդկանց «Սիլ» ջուր են բաժանում՝ շիշն ընդամենը 400 դրամով․․․

Վերջապես հասնում է կառավարության շենք ու իրեն ներս գցում։ Ներսում երկու շարք հերթ է։ Նրանք, ովքեր եկել են իրենց փայը քյաբաբ առ քյաբաբ ստանալու՝ հետները լավաշ են բերել, իսկ ովքեր քյաշ փող են ուզում՝ տոպրակներ։ Ինքը մոտենում է այս երկրորդ շարքին, հասնում սեղանին, որի ետևում նստած է անձամբ Նիկոլը, և մեկնում անձնագիրը։ «Սիրելի ժեխովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի, քո փայը 2100 դրամ ա, հարկերն ու տուրքերը հանած՝ 1300 դրամ»,- ասում է Նիկոլն ու իրեն մեկնում 1100 դրամ։ Ինքը փորձում է առարկել, բայց շիշ բռնողը հետևից ինչ-որ բանով մի քանի անգամ բամփում է գլխին։ «Էդ նրա համար ա, որ աղքատությունը գլխիցդ դուրս գա, աղքատությունը գլխիդ մեջ ա»,- ժպտում է Նիկոլն ու մատով կանչում հաջորդին․․․

Արթնանում է բակից լսվող «էժան կարտոլ, կիլոն 300 դրամ» ձայնից։ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ