...

Քաղաքական դիագնոզ

Քաղաքական դիագնոզ

Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու քաղաքական գործիչների տարօրինակ պահվածքը՝ այսուհետ պարբերաբար կներկայացնենք նրանցից ոմանց հիվանդությունների պատմությունն ու ախտորոշումը։

Ցավոք, բժշկական էթիկան թույլ չի տալիս նշել կոնկրետ անուններ, բայց ընթերցողները, կարծում ենք, հեշտությամբ կճանաչեն պացիենտներին։ Եվ այսպես։

Հիվանդ X․

Տարիքը՝ 46։ Կենդանի քաշը՝ մոտ 95 կգ, զրահաբաճկոնով՝ շուրջ 1 ցենտներ, որևէ հանրային միջոցառման մասնակցելուց հետո քաշն ավելանում է 5-6 կիլոգրամով։ Հասակը՝ մոտ 175 սմ (գլխարկով)։ Ախտորոշումը՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում, որն ուղեկցվում է թույլ արտահայտված շիզոֆրենիայով և սիմպտոմատիկ շատակերությամբ։ Հիվանդության ծագման պատճառներն անհայտ են։ Մասնագետների կարծիքով՝ առավել հավանական է փոքր ժամանակ հեծանիվի բացակայության և չափազանցված ինքնագնահատականի համադրությունը։

Մանիակալ կամ հիպոմանիակալ փուլում հիվանդն ակտիվորեն գոռգոռում է, սպառնում բոլորին փռել ասֆալտին, ձեռքերով ու ոտքերով անկանոն շարժումներ է անում (երբեմն՝ միաժամանակ), հակված է ինքնավնասման, ինչն արտահայտվում է ժողովրդի հետ շփվելու անզուսպ ցանկությամբ, մեջբերումներ է անում «Կարգին հաղորդումից» և այլն։ Այդ փուլում հիվանդն իր արարքները չի գիտակցում և դրանց հետևանքների համար պատասխանատվություն չի կրում։ Սրացումները կրում են ինչպես սեզոնային, այնպես էլ սիմպտոմատիկ բնույթ։ Առանձին բառեր կամ արտահայտություններ կարող են հանգեցնել կարճատև սրացումների։ Մասնավորապես՝ «հողատու դավաճան» կամ «կապիտուլյանտ» բառերը հիվանդի մոտ առաջացնում են հիպերագրեսիա և աջուձախ բոլորին պատերին ծեփելու մանիակալ ցանկություն, «Լևոն» բառն առաջացնում է հիշողության կարճատև կորուստ, վերին վերջույթների կոնվուլսիվ ցնցումներ և քոր՝ ծոծրակի շրջանում, «կոռուպցիա» բառը հանգեցնում է ստամոքսահյութի անկառավարելի արտադրության։

Դեպրեսիվ փուլում հիվանդը հակված է ինքնամեկուսացման և որևէ հիմնադրամի ֆինանսական խնդիրների կարգավորման՝ մանիակալ փուլում կալանավորած անձանց գրավի դիմաց ազատ արձակելու միջոցով։ 
Միջփուլային շրջանում, որը սովորաբար շատ կարճ է տևում, փորձում է աշխատել։

Բուժումը՝ հարկադիր մեկուսացում հասարակությունից և հոգեթերապիա՝ զուգորդված հակափսիխոտիկ կամ բենզոդիազեպինային դեղամիջոցների կիրառմամբ։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ