...

Ասուլիսը՝ հոգեբույժների ուսումնասիրման առարկա

Ասուլիսը՝ հոգեբույժների ուսումնասիրման առարկա

Մեր տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը հայտնվել է մի շարք անվանի հոգեբանների և հոգեբույժների ուշադրության կենտրոնում։ Հեղինակավոր մասնագետներն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են նրա դիմախաղը, շարժումներն ու խոսքի առանձնահատկությունները և այդ ամենի հիման վրա ներկայացրել մասնագիտական եզրակացություն, որի նախնական տարբերակն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Դիմախաղը։ 

Խոսելու ընթացքում պացիենտի ունքերի և ականջների անկանոն շարժումները վկայում են էմոցիոնալ անկայուն ֆոնի մասին։ Աչքերի քաոտիկ շարժումներն ու հայացքը տեսախցիկներից փախցնելը հատուկ է բոլոր ստախոսներին և գործնականում անվերահսկելի է, առավել ևս՝ եթե դրան գումարվում է նաև մեղքի զգացումը։

Ժեստիկուլյացիան։

Խոսելու ընթացքում պացիենտի վերին վերջույթների միաժամանակյա, բայց ոչ սինխրոն շարժումները վկայում են դիմացինին խաբելու հարցում սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասի մասին։ Զարմանք, տարակուսանք և մուննաթ արտահայտող բառեր արտասանելիս ուսերը վեր ձգելը վկայում է ոչ միայն չքմեղանալու ցանկության, այլև բնազդական վախի մասին, որովհետև ուսերը բարձրացնելով՝ պացիենտը փաստորեն գլուխն է ներքև ձգում ու ենթագիտակցորեն պաշտպանվում վզակոթին հասցվելիք երևակայական հարվածներից։

Խոսույթը։

Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին խոսելիս հատկապես հստակ արտահայտվում է պացիենտի ստոկհոլմյան սինդրոմը։ Ակնհայտ է սակայն, որ պացիենտն ինքը շատ լավ գիտակցում է դա և նույնիսկ օգտագործում է ներքաղաքական նպատակներով։ Այն է՝ քանի որ ՀՀ բնակչությունն էլ ի՛ր արկածախնդրության պատանդն է դարձել, իսկ պացիենտը գիտի, որ պատանդների մոտ հաճախ համակրանք է ձևավորվում ահաբեկիչների նկատմամբ, ինքը շարունակում է աղետներ բերել ՀՀ բնակչության գլխին՝ ամրապնդելու համար այդ համակրանքը։ Ավելին՝ նա վստահ է, որ վերջին ընտրությունների արդյունքները հենց ստոկհոլմյան սինդրոմով են պայմանավորված։

Պացիենտը տառապում է նաև սեփական անձը ռետինե խողովակի հետ նույնականացնելու համախտանիշով, ինչն արտահայտվում է, օրինակ, Սուս գյուղի տեղն իբր չիմանալով, դատաիրավական գործընթացներին իբր չմիջամտելով, սեփական խմբակցության կարծիքի հետ իբր հաշվի նստելով և մանիպուլյատիվ բնույթի այլ մտավարժանքներով։

Պացիենտը տառապում է նաև կաչաղակի բարդույթով (փայլուն առարկաները թաքուն գրպանը դնելը), գերմանամկան բարդույթով (ցանկացած հնարավորության դեպքում ինտենսիվորեն սնվելը), անձի երկվությամբ (մի հարցի կարող է պատասխանել որպես լրագրող, մեկ այլ հարցի՝ որպես ընդդիմադիր, երրորդ հարցին՝ որպես վարչապետ), հետապնդման մոլուցքով (նրան թվում է, թե բոլորն իրեն հետապնդում են և ուզում են անպայման վնաս տալ, բայց հնարավոր է՝ սա ոչ թե մոլուցք է, այլ իրականություն), և այլն։

Բուժումը։

Հաշվի առնելով հիվանդության հանրային վտանգավորության աստիճանը, հնարավոր է միայն տևական բուժում՝ ընդհանուր ռեժիմով ստացիոնար պայմաններում։ Լիակատար մեկուսացումը պարտադիր է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ