Հայաստանում նախընտրական պայքարը ոչ միայն սկսվել է, այլև արդեն իսկ ուրվագծվում են հիմնական մասնակիցներից երկուսի՝ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի քարոզչական մանիպուլյացիաների հիմնական շեշտադրումները։ Եթե մի կողմ դնենք միմյանց հասցեին հնչող հայհոյանքներն ու ֆեյքային ջղաձգումները, ապա պատկերը մոտավորապես այսպիսին է․ Ռոբերտ Քոչարյանի հիմնական ասելիքն այն է, թե ինքը բանակցություններով ետ է բերելու Հադրութն ու Շուշին, Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեխն էլ այն է, որ թեև Արցախը կորցրեցինք, բայց շուտով ճանապարհները կբացվեն, ու վերջապես «կուշտ փորով հաց կուտենք»։
Կրկնենք՝ հիմնական ասելիքները սրանք են, մնացածը հարակից քարոզչական աղբ է։ Բայց ամենացավալին այն է, որ երկուսն էլ բացահայտորեն սուտ են ասում։ Ոչ Քոչարյանի ասածն է հնարավոր, ոչ Փաշինյանինը։
Սկսենք բանակցությունների միջոցով Հադրութն ու Շուշին ետ բերելու «ծրագրից»։ Արդյո՞ք դրա հնարավորությունը կա՝ թեկուզ տեսականորեն։ Ադրբեջանը, հասկանալի է, երբեք ինքնակամ չի գնա այդ քայլին, իսկ Ռուսաստանին դա ընդհանրապես պետք չէ։ Նրանց պետք էր ռազմական ներկայացվածություն Արցախում, ու նրանք դա ստացան։ Մոտ 3 հազար քառակուսի կիլոմետրանոց հայաբնակ տարածքը ռազմաբազայի համար լիուլի հերիք է ու իդեալական տարածք է, որովհետև օդանավակայանը կա, ռազմական ենթակառուցվածքներն ու «սպասարկող անձնակազմը»՝ նույնպես, ավելին նրանց ինչի՞ն է պետք։ Եվ ինչո՞ւ պիտի նրանք «ինչ-որ» Հադրութի ու Շուշիի համար առճակատման մեջ մտնեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ապագան նույնպես կանխատեսելի է՝ որպեսզի 4-5 տարի անց էլ Ռուսաստանի ռազմական ներկայությունն այնտեղ շարունակվի, նրանց պետք են լինելու նորանոր հայ-ադրբեջանական բախումներ, հայ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների «մանր-մունր» վայրագություններ և այլն, իսկ այդպիսիք կազմակերպելն առանձնապես դժվար չի լինելու։ Այնպես որ՝ բանակցություններով Հադրութն ու Շուշին վերադարձնելու անգամ տեսական հնարավորություն չկա, և Քոչարյանը, վստահաբար, հասկանում է դա։ Պարզապես ընտրություններից առաջ մարդկանց խաբելու համար դա իդեալական թեմա է։
Անցնենք ապաշրջափակմանն ու «կուշտ փորով հաց ուտելուն»։ Երևի ավելի ճիշտ կլիներ Նիկոլին հայհոյելու և «այդ հացը ո՞նց է կուլ գնալու» տիպի հարցադրումների փոխարեն (կամ դրանց զուգահեռ) հարցնել նաև՝ իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ մեկին պետք է Հայաստանի ապաշրջափակումը։ Ադրբեջանին այդ հարցն ընդհանրապես չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն Նախիջևանի հետ ցամաքային կապը, իսկ Նախիջևանով Թուրքիայի հետ միանալ կարելի է նաև առանց Հայաստանի, որովհետև Սադարակով այդպիսի միջանցք վաղուց կա։ Առավել ևս, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապ նույնպես վաղուց կա՝ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին գործում է արդեն 2017-ից։ Պարզ ասած՝ նրանց համար խնդիրը միայն Նախիջևանն էր, իսկ այդ հարցի լուծումը Հայաստանի ապաշրջափակման հարցի վրա որևէ կերպ չի անդրադառնում։ Ռուսաստանին նույնպես պետք չէ Հայաստանի ապաշրջափակումն ու Թուրքիայի հետ տնտեսական կապերի սերտացումը, որովհետև դա կթուլացնի իրենց ազդեցությունը։ Իսկ դա նշանակում է, որ սրանք ընդամենը դատարկ լոլոներ են, ոչ մի սահման էլ չի բացվելու, և Հայաստանի փաստացի շրջափակումը շարունակվելու է (եթե անգամ «թղթի վրա» թույլատրվի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի տարածքով)։ Այո, մեզ համար ձեռնտու կլիներ հայ-թուրքական սահմանի բացումը, բայց դա չի լինելու, որովհետև մեզանից բացի որևէ մեկին դա ձեռնտու չէ։ Ավելին՝ սահմանի փակ մնալը Հայաստանում ներկայացվելու է որպես մեծ հաղթանակ։ Իբր՝ տեսա՞ք, մենք հայրենասեր ենք և թուրքական էքսպանսիա թույլ չենք տալիս։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, գիտի (կամ երևի արդեն գլխի է ընկել), որ իրականում ոչ մի ճանապարհ էլ չի բացվելու, բայց շարունակում է խաբել մարդկանց։ Ու որևէ մեկը թող չփորձի արդարացնել, թե «բա ուրիշ ի՞նչ անի, ստիպված է ցույց տալ, թե իբր իր բերած այս աղետը գոնե ինչ-որ դրական բան է տալու»։ Ոչ, սուտն արդարացում չունի։ Առավել ևս՝ ծանր վիճակում հայտնված ժողովրդին ասվող գիտակցված սուտը։
Արմեն Բաղդասարյան