...

Ռեֆորմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Ռեֆորմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Մինչ 44-օրյա պատերազմը, Հայաստանի զինված ուժերում իրականացվող ռեֆորմի մասին իշխանություններն այնքան էին խոսել, որ ամենահոռետեսներին անգամ թվում էր, թե իսկապես իրավիճակ է փոխվել կամ փոխվելու։ Ամենօրյա ռեպորտաժները բանակին մատակարարվող սննդի, հագուստի, բանակային առօրյան ու կենցաղը բարեփոխելու մասին պատրանք էին ստեղծում, թե շուտով ունենալու ենք որակապես այլ զինված ուժեր։ Պատերազմն, ավաղ, ծանրագույն ճշմարտություններ բացահայտեց։ Տասնամյակներով ձևավորված կոռուպցիոն սխեմաները ոչ միայն չէին ոչնչացվել, այլև դրանք «շահագործողներն» էին փոխվել․ նրանք ավելի ապիկար էին, ցինիկ ու ագահ։ «Չորրորդ իշխանության» ձեռքի տակ են հայտնվել որոշակի փաստեր, որոնց վերլուծությունը վերստին տխուր արձանագրումների տեղիք է տալիս։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, որոնք բարձրաձայնում էին բանակում իրականացվող ռեֆորմների մասին, իրականում շարունակել են «աշխատել» հին մեթոդներով՝ տեղ-տեղ գերազանցելով անգամ նախորդներին։ Ապացույցները՝ ստորև մեր փոքրիկ հետաքննության շրջանակներում։

ՊՈԱԿ-ում հսկայական շորթումների առնչությամբ ՌՈ-ն ձևականորեն քրգործ է հարուցել, իսկ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մակագրել է՝ «արխիվացնել»

2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված ներքին աուդիտի ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, մեղավորներին ազատել են աշխատանքից, իսկ խախտումների առնչությամբ առաջադրված քրեական գործը՝ արխիվացրել: Մանրամասնենք. մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, որը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատ մորաքրոջ տղան է, իր ազգականի՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանի հետ համատեղ ջանքերով շորթել են ՊՈԱԿ-ին տրվող գումարները: Բասենցյանի կինը, որն աշխատում է ուսումնական կենտրոնում, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի, սակայն կանոնավոր աշխատավարձ է ստացել։ Բացի այս, գումարներ են դուրս գրվել տարբեր դպրոցների աշակերտների հետ ականազերծման թեմաներով դասընթացների կազմակերպման պատրվակով, սակայն իրականում ուսումնական պարապմունքները տեղի չեն ունեցել: Շարունակենք՝ ՊՈԱԿ-ը, հանդիսանալով հայ-ամերիկյան կազմակերպություն, բազմաթիվ օգնություններ է ստացել, սակայն ներքին աուդիտի ժամանակ օգնությունն արձանագրող մատյաններ չեն հայտնաբերվել, ասել է թե՝ օգնությունների մուտք որպես այդպիսին չի արձանագրվել: ՊՆ ղեկավարությունը, սակայն, հասկանալի պատճառներով առանձնապես կարևորություն չի տվել այս փաստին։ Ի դեպ՝ դեռևս 2016 թվականին, երբ ՊՆ-ը ներքին աուդիտ է իրականացրել ՊՈԱԿ-ում, աուդիտից հետո ստուգողը նշանակվել է ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ․ ինչպես ասում են՝ մեկնաբանություններն այս առնչությամբ ավելորդ են: Հավելենք նաև, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մակագրել է մանկության ընկերոջ՝ քարտուղարության պետի տեղակալ Տիգրան Ղարիբյանի միջոցով: Կատարված ապօրինություններն այսքանով չեն սահմանափակվում. ՊՈԱԿ-ում գործուղումներ են ձևակերպվել, համապատասխանաբար մեծ քանակությամբ վառելանյութ դուրս գրել և գումարները ստացել ՊՆ-ի բյուջեից: Նշենք, որ ստուգումների ընթացքում ՊՈԱԿ-ի ղեկավարությունը թույլ չի տվել, որպեսզի ներքին աուդիտ իրականացվի հիմնադրամում: Արդեն 2021 թվականին ՊՈԱԿ-ում կատարված ստուգումների ժամանակ հայտնի է դարձել, որ այստեղ շորթվել է 180 միլիոն, 160 և 61 միլիոն դրամ, սակայն մեղավորները չեն պատժվել: Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ գործի է անցել Պետական վերահսկողության ծառայությունը և անօրինական կերպով գումարների դուրսգրման փաստը հաստատվել է, Ռուբեն Առաքելյանն ու իր թիմակիցներն ազատվել են աշխատանքից, սակայն ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը փաստաթղթի վրա մակագրել է՝ «արխիվացնել»: Արդյունքում շորթված գումարների ու կատարված մյուս ապօրինությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել, չկա գեթ մեկ դատապարտված անձ։ 

Գեներալիտետ. թոշակներ և կոռուպցիա

Բանակի գեներալներն ու բարձրագույն սպաները թոշակ են ստանում նաև Ռուսաստանի Դաշնությունից: Անօրինական զորացրվում են, միաժամանակ շարունակում են աշխատել Հայոց բանակում, ՌԴ-ից էլ՝ թոշակ ստանալ: Ապօրինությունների այս փաթեթն իրականացվում է Դավիթ Տոնոյանի աջ ձեռքը համարվող գեներալ Մհեր Շիրինյանի «դաբրոյով» և հրամանագրվում ՊՆ կադրերի վարչության նախկին պետ, Տոնոյանի մանկության ընկեր Նորիկ Սմբատյանի, նրա տեղակալ Հովհաննես Սուքիասյանի, բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանի կողմից: Կազմվող գործերը միտումնավոր անվերահսկելի են մնացել գեներալ Ալբերտ Բաղդասարյանի և Հասմիկ Մարգարյանի կողմից: Նշենք, որ ՊՆ-ում շատերը պնդում են՝ հենց գեներալ Բաղդասարյանի թողտվության պատճառով է կազմաքանդվել ՄՈԲ-ը։ Սրան դեռ կանդրադառնանք։ Շարունակելով անօրինական թոշակների թեման՝ ավելացնենք, որ դրանք շարունակում են ստանալ Դավիթ Տոնոյանի մտերիմ ու աջակից, գեներալ Մհեր Շիրինյանը, գեներալ Պողոս Պողոսյանը, գեներալ Իշխան Մաթևոսյանը, գնդապետ Գեորգի Վարդանյանը, գեներալ Ոստանիկ Ադոյանը: Ադոյանը բարձր թոշակ է ստանում և´ Ռուսաստանում, և´ Հայաստանում: Ապօրինի թոշակ ստացողների ցանկում է եղել նաև Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը: Մինչև 2021 թվականի դեկտեմբեր Քոչունցը և´ ծառայել է, և´ թոշակ ստացել, սակայն հասկանալով, որ կարող է բռնվել, հրաժարվել է թոշակից: 

Շարունակելի։ 

Մելանյա Ծառուկյան

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ