«ՉԻ», 8 նոյեմբերի, 2012 թվական
Դատախազության կեղծ տեղեկանքով պատգամավոր է դարձել և պահանջում է դատախազներին պատժել
«ՉԻ»-ն, ինչպես նաև հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ ԱԺ ընտրություններից հետո պարբերաբար անդրադարձել են այն փաստին, որ ներկայումս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր է հռչակվել ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, որովհետև 2009 թ. հուլիսից մինչև 2010 թ. oգոստոսը սովորելու նպատակով մշտապես գտնվել է ԱՄՆ-ում, այսինքն` նա վերջին 5 տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը` պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։
«ՉԻ» -ն այս պատգամավորի մասով հետաքննություն է իրականացրել` համապատասխան հարցումներ ուղարկելով թե ԱՄՆ-ի համապատասխան կրթական հաստատությանը, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Մենք ստացված պատասխանները ներկայացրել ենք «ՉԻ» ընթերցողներին, պարզապես հիշեցնենք, որ այդ պատասխաններով ևս հաստատվել է մեր այն տեղեկությունը, որ Մարուքյանը կոպտորեն ոտնահարել է ՀՀ Սահմանադրությունը, իսկ ավելի որոշակի` նրան «օգնել» են դա անել բավականին ազդեցիկ մարդիկ։
«ՉԻ»-ն, ինչպես նաև այլ լրատվամիջոցներ առիթ ունեցել են գրելու, որ Մարուքյանին կեղծ տեղեկանք է տրամադրվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով։ Պատահական չէ, որ Հովսեփյանը, խախտելով օրենքը, հիմք չի ընդունում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները` որպես քրեական գործ հարուցելու հաղորդումը, և Մարուքյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությամբ չի դիմում Ազգային ժողով։
Մենք նշել էինք, որ իշխանությունների հրահանգները հնազանդորեն կատարող Մարուքյանի քաղաքական տանիք է հանդիսանում ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազը, այլև օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` սույն պատգամավորը բավականին ջերմ հարաբերություններ ունի նաև հայ զինվորներին գոմեշի մսով կերակրած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ներկայում փախուստի մեջ գտնվող Փայտյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Գրիգորիչի հետ։ Վանաձորից մեզ հասած լուրերի համաձայն` Մարուքյանի քարոզարշավը ֆինանսավորել է հայ զինվորներին սատկած գոմեշի մսով կերակրած գեներալ Արշալույս Փայտյանը, որի տղան Մարուքյանի մտերիմ ընկերն է։
Ինչպես հայտնի է, այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է «Բյուջե 2013»-ը։ Հենց այդ քննարկումների ժամանակ է երևում խորհրդարանում նոր հայտնված պատգամավորների որակը։ Մարուքյանը, թերևս, ամենաակտիվ նորելուկներից է, բայց նա ճիշտ կաներ լռեր, որովհետև ամեն անգամ երբ նա փորձում է ինչ-որ մտքեր հայտնել, բոլորի դեմքին ժպիտ է առաջանում։ Այդպես եղավ, օրինակ, երբ այս պատգամավորը լացակումած հարց բարձրացրեց, թե ինքն ինչպե՞ս պետք է ապրի 250 հազար ՀՀ դրամով։
Մեկ այլ դրվագ. Մարուքյանը, կեղծ տեղեկանքի հիման վրա պատգամավոր դառնալու սկանդալից հանրության ուշադրությունը շեղելու համար, սկսել է առանձնակի «ակտիվություն» ցուցաբերել իր պատգամավորական գործունեության մեջ, մասնավորապես, հուշարձանների նկատմամբ։ Նա հուշարձանների վիճակի հետ կապված գրավոր դիմել է ՀՀ վարչապետին և մեղադրել մշակույթի նախարարին՝ հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցում։ Չկարծեք, թե այս պատգամավորը հասցրել է խորանալ մեր երկրի բոլոր ոլորտների հիմնախնդիրների մեջ և դրանցից առաջնահերթ է համարել հենց հուշարձանների պահպանության խնդիրը։
Պարզվում է՝ նա համակարգում լավ «ինֆորմատոր» ունի՝ ի դեմս իր հոր, ով աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող մի հիմնարկության Վանաձորի մասնաճյուղում։ Ժողովրդախոսակցական տիրույթում այս կարգի մարդկանց, մեղմ ասած, կոչում են «անաղուհաց», ով սնվում է մի աղբյուրից ու ոչ միայն նրա մեջ է քար նետում, այլև փորձում է «կեղտ թափել» իր ընտանիքի կերակրողների վրա։ Սա ինչ-որ դեպքում կարելի էր ծայրահեղ սկզբունքայնություն անվանել, եթե չիմանայինք, թե ում մասին է կոնկրետ խոսք գնում։
Ուրիշ հանգամանք. բավական էր, որ Սերժ Սարգսյանը քննադատեր դատախազության համակարգը, և Մարուքյանը շտապեց իր գոհունակությունը հայտնել այդ քննադատության ուղղությամբ` հայտարարելով, որ չի ուզում բավարարվել միայն այդքանով, այլ ցանկանում է պատժված տեսնել կոնկրետ դատախազների։ Մարուքյանը, թերևս, մոռանում է, որ հենց դատախազության միջնորդությամբ է կեղծ տեղեկանք ստացել ու պատգամավոր դարձել ու հենց դատախազության բարի կամքով է մինչև հիմա ԱԺ-ում, այլ ոչ թե ուղղիչ աշխատանքային հիմնարկում։
Ի դեպ` Մարուքյանը բացառապես ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների հետ՝ Գալուստ Գրիգորիչի գլխավորությամբ, հանդես է եկել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» բավականին հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ՝ թերևս փորձելով իշխանություններից ստանալ նրանց «սատարելու» իր բաժնեմասը։ Թե ինչի մասին է խոսքը` կներկայացնենք հաջորդիվ։
Գոհար Վեզիրյան
Մելանյա Ծառուկյան