...

Աղվան Հովսեփյանը՝ սպասման ռեժիմում

Աղվան Հովսեփյանը՝ սպասման ռեժիմում

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մինչ այդ վերջինիս պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ նա մայիսի 30-ից մինչ օրս գտնվել  է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Ներկայացնելով նախկին դատախազի հիվանդությունները՝ փաստաբանները նկատել էին, որ Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը և պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում:

Եվ չնայած սրան՝ հրավիրված արտահերթ դատական նիստի վերջում Հովսեփյանի խափանման միջոցը չփոխվեց։ Փոխարենը Աղվան Հովսեփյանին ուղարկեցին դատական փորձաքննության։ Սա որոշ շրջանակների հիմք տվեց ենթադրելու, որ հնարավոր է դատավորը չի հավատացել ներկայացված փաստաթղթին, ուստի՝ դատաբժշկական փորձաքննության է ուղարկել նախկին դատախազին։ Մինչդեռ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հարցն ամենևին էլ հավատալ-չհավատալը չէ։ Անկախ գործի և անձի կարևորությունից՝ քրեական գործի համար սովորական կամ քաղաքացիական հիվանդանոցների տվյալները հիմք չեն հանդիսանում կալանավորին ազատ արձակելու համար։ Դրանք պարզապես առիթ են, որ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, ինչն էլ նոր հիմք կարող է հանդիսանալ դատավորի որոշման համար։  

Այնպես որ, Հովսեփյանին ազատ արձակել-չարձակելու հարցը դեռ օդում է։ Պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի, եթե դատաբժշկական փորձաքննությունը չապահովի նրա խափանման միջոցի փոփոխման հարցը։ Ասելու են՝ Աղվան Հովսեփյանը քաղբանտարկյալ է։ Իսկ եթե հիմք լինի ու նրա խափանման միջոցը փոխեն, ասելու են իշխանության հերթական շոուն էր՝ «վատ կարած» գործի հատորներով։ Երկու դեպքում էլ տուժելու է իշխանությունը, շահելու է Գառնիկիչը:

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1801 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ