Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը օրերս ձեռք բերեց գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը 5,1 միլիոն դոլարով։ Հիմա էլ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանն է վաճառել Ազատության պողոտա 1/33 հասցեում գտնվող իր հողամասը։ Նա այն վաճառել է աներոջը՝ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին։ ՀՀԿ-ական գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանն էլ Հովիկ Աբրահամյանի տան հարևանությամբ գտնվող իր երկու հողամասերն է վաճառել։ Գնորդները Վահագն ու Լևոն Կարախանյաններն են, որոնք ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարախանյանի զավակներն են։ Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են։ Կարախանյանների ընտանիքն իր գործունեությունը ծավալում է Օբնինսկում։ Այստեղ նրանք ունեն մսամթերքի ու կիսաֆաբրիկատների արտադրություն՝ «Վարվիկս» ընկերությունը, որը մսամթերք ու կիսաֆաբրիկատներ է մատակարարում Ռուսաստանի 37 մարզերում։ Կարախանյաններին Օբնինսկում պատկանում է նաև Royal Palace ռեստորանային համալիրը։ «Սիվիլնեթն» է հրապարակել այս տեղեկությունները՝ հանդես գալով ծավալուն ու հետաքրքիր հետաքննական հոդվածով, որտեղ ներկայացված է ողջ սխեման, թե ինչպես են քրեական գործերի շրջանակներում կալանքի տակ գտնվող այս սեփականությունները դարձել առքուվաճառքի առարկա։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր Հայաստանի մասին։ Հիմա ավելի տխուր բան է կատարվում։ Եթե նախկինում բոլորի համար միանգամայն պարզ էր, որ պետությունը թալանել են որոշակի խմբով և հարստացել են, հույս, ըստ այդմ՝ պայքար կար, որ մի օր այդ խմբակը պատասխան է տալու բոլոր ապօրինությունների համար, ապա հիմա Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնում է այդ խմբակին։ Մարդիկ հանգիստ «լվանում են» փողը, մաքրում են կոռուպցիոն հետքերը, վաղն էլ բաց ճակատով հայտարարելու են, թե իրենց ապրուստը հալալ քրտինքով վաստակած էր, և ոչ մի ապօրինություն չկար։ Դատարանի վճիռներն էլ որպես ապացույց մտցնելու են բոլորիս աչքը։ Դրանից հետո շարունակելու են «քաղբանտարկյալ» աշխատել։ Իսկ Փաշինյանն իր պողպատե մանդատով վրեժխնդիր է լինելու միայն նրանցից, ովքեր ֆեյսբուքներում իրեն իր չսիրած բառերն են ասել։ Ու եթե նրանք պետությունն էին թալանել ու գողացել էին բյուջեից, որը, ի դեպ, վերականգնելի է, ապա Փաշինյանն ու նրա իշխանությունը հիմա թալանում են մարդկանց սպասումն ու գողանում այն հույսը, որ մի օր կոռումպացվածները պատժվելու են։ Իսկ սպասման ու հույսի գողությունը հաճախ ավելի ծանր է նստում ժողովուրդների վրա, քան առաջինը։ Եվ ի դեպ՝ երկրորդի պատիժն ավելի դաժան է լինում, քան առաջինինը։
Գոհար Վեզիրյան