...

Ռետրո. Խաղաղ կարգավորումը՝ «պատերազմի օրենքի» հիման վրա

Ռետրո. Խաղաղ կարգավորումը՝ «պատերազմի օրենքի» հիման վրա

ՌԵՏՐՈ 

44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքն ի ցույց դրեց վերջին 20 տարում Հայաստանում տիրող քաղաքական մտքի սնանկությունը։ Իսկ ինչպե՞ս էին պարտության ուղին բռնած քաղաքագետները վերաբերվում ողջախոհ քաղաքական մտքին։ 

ՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող ելույթի արձագանքների մասին է 2016 թվականին «Չորրորդ իշխանություն» թերթում տպագրված ներկայացվող հոդվածը։
---------------------
ՍՆԱՆԿ ՄՏՔԻ ՏԻՏԱՆՆԵՐԸ

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի բուռն արձագանքները պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի։ Կատարյալ տխմարություններ (ինչպես, օրինակ, այն «տեսակետները», թե Ղարաբաղի իշխանությունները պիտի դատի տան Լևոն Տեր-Պետրոսյանին` տարածքային զիջումների մասին խոսելու համար), մանկամիտ հոխորտանքներ (ինչպես, օրինակ, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի «անդրադարձը»), և Տեր-Պետրոսյանի դիրքորոշման անընդունելի լինելը շատից-քչից տրամաբանական փաստարկներով հիմնավորելու փորձեր։ Հենց այս երրորդ խմբին էլ կանդրադառնանք, որովհետև առաջին երկու խմբերին անդրադառնալը խոճկոր խուզելու պես բան է. աղմուկը շատ կլինի, արդյունքը` զրոյական։

Եվ այսպես` ի՞նչ հակափաստարկներ են բերվում Տեր-Պետրոսյանի դիրքորոշման անընդունելիությունը հիմնավորելու համար։ Հիմնականը սա է. եթե մենք կարգավորման առաջին փուլում որոշ տարածքներ զիջենք` դրանից Ղարաբաղի ռազմաքաղաքական վիճակը միայն ավելի կծանրանա, թշնամին նպաստավոր դիրքերում կհայտնվի ու նոր հարձակում կսկսի, իսկ միջազգային երաշխիքներին հավատալ պետք չէ` դրանք ընդամենը թղթի կտորներ են։ Միանգամայն ճիշտ է. միջազգային երաշխիքներին հավատալ իսկապես պետք չէ։ Այսինքն` միջազգային օրենքներին ապավինել չարժե. պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին։ Սա արձանագրենք և անցնենք առաջ։ Հարց է ծագում` բա այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հայտարարում, թե մեծ ուրախությամբ կզիջեն ազատագրված տարածքները, բայց` միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ անկախությունը կամ գոնե անկախության իրավունքը։ Չէ՞ որ այդ ճանաչումը նույնպես թղթի կտոր է։ Նրանք կճանաչեն, մենք տարածքները կվերադարձնենք, իսկ նրանք որոշ ժամանակ անց որևէ առիթով նոր պատերազմ կսկսեն անկախ ԼՂՀ-ի դեմ։ Եվ ի՞նչ, միջազգային օրենքնե՞րը պիտի պաշտպանեն մեզ։ Բայց մենք արդեն ֆիքսել ենք, չէ՞, որ միջազգային օրենքներին ապավինել չի կարելի։

Հենց սրա համար էլ այս փաստարկը ներկայացնողները հաջորդ միտքն են առաջ քաշում` որևէ բան զիջել չի կարելի, ազատագրված տարածքները մեզ են պատկանում պատերազմի օրենքով, և վերջ։ Իսկապես տրամաբանական է հնչում, և լավ կլիներ, որ այդպես էլ լիներ։ Միայն թե` եթե մենք առաջնորդվում ենք «պատերազմի օրենքով», դրանով իսկ համաձայնվում ենք, որ մեր հակառակորդները նույնպես առաջնորդվեն նույն օրենքով։ Այսինքն` մենք նախապես համաձայնվում ենք, որ եթե, օրինակ, Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր գրավի Ղարաբաղը կամ Հայաստանի մի մասը, մենք պիտի սուսուփուս ընդունենք դա ու համարենք, որ ամեն ինչ ճիշտ է։ Ընդ որում` Ադրբեջանն, իհարկե, Ղարաբաղը գրավել չի կարող (ապրիլյան պատերազմը ցույց տվեց դա), բայց եթե հանկարծ Թուրքիան որոշի օգնել իր «կրտսեր եղբորը» ու հարձակվի Հայաստանի վրա, հնարավոր է` տարածքային կորուստներ ունենանք։ Իսկ միջազգային նորմերին ապավինել, եթե հիշում եք, չարժե։ Համ էլ` միջազգային ուժերի նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։ Ու միակ խախուտ հույսն այն է, որ Ռուսաստանը թույլ չի տա դա։ Այսինքն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մեր բացառիկ հայրենասերներն ու Հայաստանի անկախության նվիրյալները գերադասում են առաջնորդվել խաղի այնպիսի կանոններով, որոնք ենթադրում են Հայաստանի հավերժ կախվածություն Ռուսաստանից։ Ընդ որում` շատ կո՛շտ կախվածություն։ Որովհետև պատերազմի օրենքով առաջնորդվելու պատրաստակամությունը ենթադրում է նաև մշտապես պատերազմելու պատրաստակամություն, իսկ պատերազմելու համար, ի դեպ, նաև զենք է պետք, որը Հայաստանը չի արտադրում։

Իմիջիայլոց, մի քանիսի խելքին էլ փչել էր քննադատել այն միտքը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքին է։ Հակափաստարկն էլ սա էր` դա այդպես չէ, որովհետև իրականում Ռուսաստանի ձեռքին հակամարտության չկարգավորմա՛ն բանալին է։ Հիմա դե արի ու սրանց բացատրիր, որ դա նույն բանն է, որովհետև եթե կա փակ դուռ, և ինչ-որ մեկը կարող է որոշել` բացել այն, թե ոչ, նշանակում է` բանալին նրա մոտ է (անկախ նրանից` ուզո՞ւմ է բացել, թե՞ ոչ)։ Ենթադրենք` միջազգային բոլոր կառույցները ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալիների տրցակներ ունեն, բայց Ռուսաստանը թույլ չի տալիս այդ կարգավորումը։ Հիմա ի՞նչ ստացվեց, ո՞ւմ մոտ է իրական բանալին։

Ինչևէ։ Փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի ելույթը շատերին ստիպեց անդրադառնալ ղարաբաղյան կարգավորմանը. թե չէ մի տեսակ երկրորդ պլան էր մղվել։ Դա էլ է արդյունք։ Իսկ նախընտրական իրավիճակի վրա այդ ելույթի ազդեցությանը կանդրադառնանք մի ուրիշ անգամ։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 2016-12-23

ՎԱՐԿԱՆԻՇ

   10465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ