...

Սիլվա Կապուտիկյանն արդեն պատասխանել է

Սիլվա Կապուտիկյանն արդեն պատասխանել է

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել. 

Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ Իբրահիմից։

Հագուստներս ստեղծել եմ թուրքական մոտիվներով ու ոգեշնչել եմ ինձ հետևող մի ամբողջ սերնդի էլ կրել նմանատիպ թուրքական հագուստներ ու զարդեր։

Ամուսնացել եմ գումարի համար, չնայած, որ Լևոնի հետ ենք 14 տարեկանից ու անցել ենք բոլոր հնարավոր դժվարություններով, բայց միակ բանը, որ ինձ իր հետ կապում է՝ գումարն է. թե իրեն ինչն է կապում ինձ հետ՝ նույնիսկ չգիտեմ։

Ապրում եմ Ամերիկայում, բայց ինչ-որ հրաշքով երեխաներս դպրոց և մանկապարտեզ հաճախում են Հայաստանում. տանից դպրոց ճանապարհը մոտ 17 ժամ է ստացվում, բայց ոչինչ, շուտ ենք արթնանում։

Ամեն ինչ անում եմ ուրիշի գումարներով, անկախ այն բանից, որ փոքր տարիքից ամենաբարձր հոնորարներն եմ ստանում, ու, որ Pregomesh-ն ամենաշատ վաճառվող հայկական ապրանքանիշներից է։

Ու ընդհանրապես, երբ որ ես համերգ եմ ունենում, տոմս գնելիս, ոչ թե մարդիկ են վճարում, այլ ես եմ իրենց վճարում։

Գումարներս էլ որոշել եմ ծախսել ոչ թե, օրինակ, հայերի մասին պատմող ու հային աշխարհին ներկայացնող «ARMAT» ծրագրի վրա, այլ ինձ հագուստներ ու պայուսակներ եմ գնում։

Սիրածս բառը հայերեն լեզվում՝ «շքեղ», ու ցանկալի է, որ դա լինի դղյակի կամ ավտոմեքենայի տեսքով, որովհետև ես մատերիալիստ եմ՝ բացարձակ ուրիշ արժեք չեմ ճանաչում։

Նաև անտաղանդ եմ, դե ծնողներիցս ի՞նչ պիտի ժառանգեի, ու անհասկանալի է, թե ինչպես եմ գրել օրինակ «Հավատում եմ»-ը կամ «Պռեգոմեշ»-ը ու մյուս բոլոր երգերը։

Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետև, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը: Հետո, եթե բարեգործություն անեմ, ստիպված պետք է կղզիս վաճառեմ, իսկ ես այն շատ եմ սիրում. կախարդական փայտիկիցս մի քիչ քիչ, բայց միևնույն է՝ շատ:

Միջազգային միջոցառումների հրավիրվելիս էլ հատուկ խնդրում եմ, որ չխոսեն հայ լինելուս մասին, ու անում եմ ամեն ինչ, որ մտածեն` Բուրկինա Ֆասոյից եմ: 

Էլ ինչ, եթե ինչ-որ բան բաց թողեցի համոզված եմ` կգտնվի մեկն, ով կասի. «չէ, դա հաստատ ա, ինձ նենց մարդ ա ասել...»:

Բարություն, խաղաղություն ու խելամտություն բոլորիդ»:

«ՉԻ». Այն, որ Սիրուշոն հումորի զգացում և ստեղծագործելու շնորհք ունի, լավ է: Նույնիսկ՝ ողջունելի է: Անկեղծ ասած, չգիտենք, թե իր և իր ընտանիքի հասցեին հատկապես ինչ մեղադրանքներից կամ հրապարակումներից հետո է նա այսպես արձագանքել, հնարավոր է, անթույլատրելի բաներ են գրել, բայց մենք չենք մեկնաբանի իր գրառումը: 

Իսկապես, վատ բան է, երբ մարդուն, նրա ընտանիքին անվանարկում են, ոչ մեկի համար էլ դա հաճելի չէ: Մենք չենք պատասխանի, մեր տեղը դա արել է Սիլվա Կապուտիկյանը: Թող Կապուտիկյան կարդա, որ իմանա՝ որը որից հետո է:

2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ճնշեցին Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրների խաղաղ ցույցը, Սիլվա Կապուտիկյանը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը վերադարձրեց Քոչարյանին, իսկ հետո նրան ձոնեց «Ապստամբություն» բանաստեղծությունը.

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, 
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:
Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, 
Առաջնորդներ չնչին ու կեսկատար, 
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար, 
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:
Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված, 
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, 
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:
Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից 88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին Արյուն էին տվել, կյանք ու որդի: 
Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ, Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ, 
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…
Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, 
Կախաղանի սյունից կախված անկախություն, 
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:
Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ, 
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, 
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:
Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա, 
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:
Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում, 
Իսկ թե - անեծք վերին - մնաք ինձնից երկար, 
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում, 
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

Սիլվա Կապուտիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ