...

Ուր էլ հանգչեմ, ձեր դատաստանին լինելու եմ ներկա. այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձն է

Ուր էլ հանգչեմ, ձեր դատաստանին լինելու եմ ներկա. այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձն է

Հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-րդ տարեդարձն է:

Այնպես է ստացվել, որ նրա ամենահայտնի բանաստեղծություններից մեկն այսօր առավել քան արդիական է հնչում: Դա բանաստեղծություն - հոգու ճիչ էր, Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի վայրագությունների նկարագիրը: 

Հիշեցնենք, որ 2004 թվականի ապրիլի 13-ին ուժային կառույցները աննախադեպ դաժանությամբ հաշվերհարդար տեսան խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ չլսված խոշտանգումների ենթարկելով հարյուրավոր քաղաքացիների, տասնյակ ընդդիմադիր գործիչների բանտերը լցրեցին, Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998 թվականին և գրեց «Ապստամբություն» բանաստեղծությունը:

Ռոբերտ Քոչարյանը Ս. Կապուտիկյանի այս քայլին պատասխանել էր իրեն բնորոշ ցինիզմով. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»։ Ծանոթ ձեռագիր է, այդպես չէ՞: Երբ «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին, Քոչարյանը մի քանի օր անց հրապարակավ հայտարարեց. «Եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ես իրեն ասելու բան կունենայի»: 

Ներկայացնում ենք Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծությունը

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք կեղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՎԱՐԿԱՆԻՇ

   2253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ