...

Ապաշրջափակման հարցում ԱՄՆ-ի և Հայաստանի դիրքորոշումները

Ապաշրջափակման հարցում ԱՄՆ-ի և Հայաստանի դիրքորոշումները

ՍԱՌԵՑՈՒՄ

Անցած հինգ տարիների ընթացքում Ռ. Քոչարյանի վարչախումբը և նրա արտաքին քաղաքական պատասխանատուները ցայտունորեն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման խնդրում իրենք ծրագրեր չունեն: Ընդունվել է անկարողությունից բխող հարցի սառեցման ուղին: Իսկ դա ահռելի տնտեսական վնասներ է հասցնում բուն Հայաստանին, բացառում առկա տնտեսական ճգնաժամից մեր երկրի դուրս գալու հնարավորությունը: 

Մինչ քոչարյանականները լիակատար անտարբերություն են ցուցաբերում Հայաստանի շրջափակման իրողությանը և դրա ծանր հետևանքներին, սփյուռքահայ հասարակաքաղաքական շրջանակներն ու նրանց ձևավորված լոբբիստական կառույցները ճնշումներ են գործադրում իրենց կառավարությունների վրա` պահանջելով զբաղվել շրջափակման անելանելի վիճակից Հայաստանի դուրսբերման խնդիրներով: 

Իհարկե, այս առաքելությունում առանձնակի ջանքեր է գործադրում ամերիկահայ գաղութը: Կոնգրեսում վերջինիս ձևավորված հայանպաստ խումբը դիմել էր ԱՄՆ-ի կառավարությանը` պահանջելով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա և ստիպել այդ երկրին վերջ տալու Հայաստանի շրջափակմանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտն էլ ի պատասխան կոնգրեսականների այդ պահանջի, կազմել է մի ծավալուն զեկույց հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել են պետդեպարտամենտի աշխատողներ, Թուրքիայում և Հայաստանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետներ: Զեկույցում նշված է, որ «ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է օգտագործել յուրաքանչյուր պատեհ առիթ` Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ խնդիրը քննարկվել է նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ք. Փաուելի` ապրիլի 2-ին կատարած այցի ժամանակ, երբ նա Թուրքիա էր ժամանել քննարկելու Իրաքի պատերազմին առնչվող հարցեր»: 

Զեկույցում նշվում է, որ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում տարածաշրջանի երկրների զարգացման համար շատ մեծ հնարավորություններ են ստեղծվելու: Սահմանի բացման հետ կապված տնտեսական մեծ հեռանկարների շուրջ փաստերի ու փաստարկումների ներկայացումը ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի կառավարությանը` վաղուց է ձեռնարկվել: Դրանք շարունակաբար հարստացվում են նոր փաստերով ու հիմնավորումներով: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 1993թ. ի վեր Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման հետևանքով, Ադրբեջանն ու Թուրքիան իրենք կորցրեցին տրանսպորտային կապի ամենաուղղակի միջանցքը, որն անցնում է Հայաստանի տարածքով: Զեկույցում նշվում է. «Հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում կարելի է ակնկալել հետևյալը. դեպի Հայաստան և Հայաստանից գնացող տրանսպորտային ծախսերի նվազում, Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի աճ, Հայաստանի և Արևելյան Թուրքիայի տնտեսական ընդհանուր իրավիճակի բարելավում»: Տրանսպորտային ծախսերը կնվազեն շուրջ 50 տոկոսով: Հայաստան ներմուծվող կամ արտահանվող ապրանքների գները առկա տրանսպորտային ծախսերի հետևանքով 100 տոկոսով բարձրանում են, այսինքն` կրկնապատկվում են: 

Զեկույցում նաև ցուցանվում է, որ սահմանի բացման դեպքում Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալում Թուրքիան շատ ավելի մեծ կշիռ է ունենալու, իր հերթին Հայաստանն իր էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող է վաճառել Թուրքիայի արևելյան շրջաններին, որտեղ էլեկտրաէներգիայի սուր պակաս է զգացվում: Զեկույցի ընդհանրացման մեջ նշվում է, որ Հայաստանի ապաշրջափակման արդյունքները դրական մեծ ազդեցություն են ունենալու ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար: Տարածաշրջանային զարգացման ամբողջականացման գործում վճռորոշ նշանակություն է ունենալու Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը: Այս կապակցությամբ էլ զեկույցում նշվում է. «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների բացումը կհանգեցնի Բաքվի և Ստամբուլի միջև երկաթուղային ուղիղ կապի ստեղծմանը: Ինչպես նաև երկաթուղային կապ կստեղծվի կասպիական ու միջերկրական ծովերի ավազանների միջև»: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում տեղ են գտել նաև Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքները: Ըստ այդ կարծիքներից մեկի, սահմանները բացվելու դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը ընդամենը մեկ տարվա ընթացքում կարող է աճել 30-38 տոկոսով: 

Զեկույցում նաև նշված են հայ-թուրքական հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերը: Օրինակ, մինչև 2002թ. Թուրքիան դեմ էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցությանը: Անցած տարի, ճիշտ է` վերապահումով, Թուրքիան կողմ է քվեարկել ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ տեղի ունեցած քվեարկության ժամանակ: Զեկույցում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ներկայացված են հիմնախնդրի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումներն ու ծավալած գործունեությունը: Կարգավորումը դարձյալ անմիջականորեն կապվում է տարածաշրջանի տնտեսական զարգացման խնդիրների հետ: 

Հետաքրքիրն այն է, որ քոչարյանական վարչախմբի հիմքը կազմող քաղաքական ուժերը հրապարակայնորեն քամահրական վերաբերմունք են ցուցաբերում հայ-թուրքական սահմանի բացման, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական կապերի հաստատման ու զարգացման հիմնախնդիրներին: Դա էլ բխում է նրանց գաղափարական ավանդական համոզմունքներից... 

Վաղինակ Տերտերյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 286, Ապրիլի 15, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   195 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ