Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե սխալվում եմ՝ ուղղեք։
Ես լավ հիշում եմ, որ 2008-ի փետրվարին Առաջին նախագահը Ազատության հրապարակում «Մանվե՛լ» ու «Գագի՛կ» էր կանչում։ Նկատի ուներ Պաշտպանության փոխնախարարներ, գեներալներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Ես լավ հիշում եմ, որ հրապարակում հավաքված մարդիկ ակնկալում էին նշված գեներալներին տեսնել ոչ թե ծաղիկների, այլ տանկերի ուղեկցությամբ։
Մանվելն ու Գագիկը չեկան։ Ո՛չ տանկերով և ո՛չ էլ ծաղիկներով։ Իսկ Առաջին նախագահն այսօրվա հայտարարությամբ «ռազմական հեղաշրջումը» որակել է որպես կործանարար երևույթ։
Չե՞ք տեսնում հակասություն»։
«ՉԻ». Այն, որ այս սուբյեկտը հիմա իրեն իրավապաշտպան է կոչում, նորմալ է: Այդպիսի ժամանակներում ենք ապրում: Պարզապես սարսափում ես, երբ պատկերացնում ես, որ ժամանակին նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է աշխատել: Սարսափում ես, որ իրավաբաններ է պատրաստել և քննություններ ընդունել:
Առաջին նախագահը երեք պարբերություն է գրել, բայց Մելիքյանը ի վիճակի չի եղել ընկալելու այդ կարճ տեքստի ուղերձները:
2008 թվականին իշխանությունը պատրաստվում էր զորքի միջոցով ճնշել ժողովրդական ըմբոստությունը: «Մանվելը և Գագիկը» չէին պատրաստվում ռազմական հեղաշրջում իրականացնել, ընդամենը հայտարարել էին, որ անթույլատրելի է ժողովրդի դեմ բանակ հանելը:
Հիմա Մելիքյանի գործունեության շահառուները կրկին փորձում են անել նույն բանը, ինչ արեցին 2008 թվականին: Այն է՝ բանակի միջոցով ճնշել ժողովրդավարությունը և անհնարին դարձնել ժողովրդի կամարտահայտության հնարավորությունը:
Հ.Գ. 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը աշխատանքից հեռացրեց «Մանվելին և Գագիկին»՝ պատճառաբանելով, որ նրանք խառնվել են քաղաքական գործընթացներին: Հիմա ողջունում է զինվորականների ներգրավվածությունը ներքաղաքական կյանքին: Ռուբեն Մելիքյանը հակասություն չի՞ տեսնում Քոչարյանի գործողությունների մեջ: Կամ մի կողմ դնենք Քոչարյանին: Ինքն իր պահվածքի մեջ հակասություններ չի՞ տեսնում, որ 2008 թվականին լուռ էր, ինչպես ձուկը, իսկ հիմա բղավողների առաջին շարքերում է: 2008 թվականին անչափահաս չէր, արդեն պաշտոններ զբաղեցնող իրավաբան էր, կարող էր մի կեսբերան արտահայտվել: