...

«Թեժ» բարևներ Արցախից

«Թեժ» բարևներ Արցախից

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման թեմա դարձնել, ինտրիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել:

Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ»:

«ՉԻ». Սա ինչ-որ նոր բան է: Թվում է, թե մենք պետք է ասենք՝ Արցախի նախագահը էս ի՜նչ լավ տեղը դրեց Վանեցյանին, սրտներս հովացրեց, հալալ է և այլն:

Բայց իրականում շատ զարմանալի պատկեր է ստացվում, որովհետև ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետ քաղաքական ուժերի մեծ մասը համաձայն չէ, ունի վերապահումներ: Այսինքն, մեծ մասը ո՞րն է, որքան պրպտեցինք մեր հիշողությունը, չգտանք նման քաղաքական ուժ, որը բոլոր հարցերում համաձայն լիներ իշխանությունների վարած քաղաքականության հետ: Հիմա ի՞նչ, Արցախի նախագահը ոչ մեկի հետ չի հանդիպելո՞ւ, բացի՝ «Իմ քայլից»: 

Ի՞նչ է նշանակում. կասկածի տակ դնել: Հայաստանը տոտալիտար երկիր չէ, որտեղ բոլորին պարտադրվեր հիացմունք հայտնել իշխանությունների վարած քաղաքականության մասին: Ժողովրդավարական երկիր ենք համարվում, որտեղ նորմալ է նաև քննադատելը:

Եվ ընդհանրապես, անհասկանալի է նման հայտարարության իմաստը: Չեք ուզում հանդիպել Վանեցյանի հետ, մի հանդիպեք, բայց ի՞նչ կարիք կա նման հայտարարություն անել, լրացուցիչ լարվածություն առաջացնել, ու ավելորդ շահարկումների տեղիք տալ:

Բայց թեման հարուստ է. զգում ենք, որ առաջիկա օրերին սրա շուրջ լիքը թեժ բաներ են լինելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ