«- Նախկին իշխանություններն ունեն մեծ ֆինանսներ և բավականին համակարգված պայքար են մղում գործող իշխանությունների դեմ: Չե՞ք վախենում, որ նրանք կհաջողեն:
- Նախկին իշխանությունների համար որոշակի պիկային իրավիճակ է, դատական համակարգում բարեփոխումների օրենքն ընդունվեց, մի քանի հայտնի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ կան, Արցախի նախագահական ընտրություններն են, որոնց արդյունքը մի անձի դեպքում իրենց համար շատ անակնկալ էր: Այդ բոլորը գումարվել են և պատճառը դրանք են, որ մեր նկատմամբ հարձակում են գործում: Հավատացնում եմ՝ մենք կդիմանանք:
- Արցախում ո՞ր անձին նկատի ունեք:
- Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին: Նրանք հույս ունեին, որ Վ.Բալասանյանը կընտրվի, և նրա միջոցով ազդեցություն կունենան ՀՀ-ի և ՀՀ իշխանությունների վրա»:
Սա հատված էր ԱԺ Իմ Քայլը խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հարցազրույցից՝ տրված Ա1+-ին:
«ՉԻ». Հետաքրքիր է՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը որտեղի՞ց է վերցնում իր տեղեկատվությունը, ի՞նչ աղբյուրներից է օգտվում: Հայաստանում, Արցախում և սփյուռքում չկար մեկը, որ հավատար, թե Բալասանյանը կարող է ընտրվել նախագահ: Տարբեր կանխատեսումներ էին արվում և դրանցից առավելագույնը հենց 15 տոկոսն էր, որքան էլ ի վերջո ստացավ Բալասանյանը:
Նախկին ռեժիմը գիտեր, որ Բալասանյանը չի կարող ընտրվել Արցախի նախագահ և այդ առումով զուր հույսեր չի փայփայել: Բալասանյանը նրանց ուրիշ բանի համար էր պետք: Բալասանյանի շուրթերով ծայրահեղական կոչեր, մեղադրանքներ և վիրավորանքներ հնչեցրեցին ՀՀ իշխանությունների հասցեին: Եվ պատգամավորին հարիր չէ հպարտ քաղաքացիների վրա վաճառել մի հաղթանակ, որը չի կայացել:
Ինչ վերաբերում է «մենք կդիմանանքին»: Նիկոլ Փաշինյանը վերջերս մի լավ խոսք արտաբերեց՝ տենց ուվերենի մի ասա: Մինչ դուք չեղած երևույթներն իբրև հաղթանակ եք ներկայացնում, Երևանի կենտրոնից, ԱԱԾ աչքի տակից անհետանում են ամենածանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք, կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավը, օտարերկրյա գործակալները նորանոր կուսակցություններ և մեդիաներ են բացում, ձեր դիմանալու հնարավորությունը օրեցօր նվազում է:
Այս տեմպերով մի օր կարթնանաք և անակնկալի կգաք, որ Արցախում հաղթանակ չեք տարել և առանձնապես տարբերություն չկա՝ ով է ընտրվել՝ Բալասանյանը, թե Հարությունյանը, որովհետև երկուսն էլ սերտ կապեր ունեն նախկին ռեժիմի պարագլուխների հետ: