...

Վարոսյանը չի նկատել, որ ՍԴ-ն վաղուց է չոքած

Վարոսյանը չի նկատել, որ ՍԴ-ն վաղուց է չոքած

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե քանի որ ՍԴ-ն չչոքեց, պետք էր այն ցրել։ Դե քանի որ ցրելու իրավական մեխանիզմ չկար, պետք էր մի հակասահմանադրական հանրաքվե անել, դե որ անունը գոնե հանրաքվե լինի։ Դե քանի որ պարզ դարձավ, որ մարդիկ սկսում են հասկանալ իրավիճակն ու հանրաքվեի դրված փոփոխությունը անհրաժեշտ ձայների կեսն էլ չեն հավաքի, պետք է հարցը հետ բերել ԱԺ ու մի քվեարկություն անել, դե որ հետո դատվելուց շատով դատվել։ Դե իսկ եթե ԱԺ-ում քվեարկությունը չստացվի օրինակ վիրուսի կամ պատգամավորների ծխախոտի գործով զբաղված լինելու պատճառով, պետք է հարցը տանել, կառավարության նիստ անել ու քվեարկել»։

«ՉԻ». Ընդհանրապես զավեշտալի է իրեն լուրջ մարդ ներկայացնողից լսել, թե ՍԴ-ն չչոքեց: Արդեն երկու տասնամյակ չոքածի վերաբերյալ նման տեսակետ հայտնելն առնվազն տեղին չէ:

Մի՞թե չոքել չէր, որ 1998 թվականին ՍԴ-ն որևէ կերպ չարձագանքեց կեղծ տեղեկանքով Ռոբերտ Քոչարյանի նախագահ կարգվելուն: Մի՞թե չոքել չէր 2004 թվականին վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իր որոշումը թղթի վրա մնալու մասով ձայն չհանելը: Ուրիշ ինչպե՞ս պետք էր չոքել և չարձագանքել 2018 թվականին գործող սահմանադրության կոպիտ խախտումներով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ կարգելու օպերացիային:

Հետաքրքիր է նաև ՍԴ-ն ինչ-որ գերլեգիտիմ մարմին ներկայացնելու ցանկությունը, իսկ Աժ-ն՝ զուրկ լեգիտիմությունից և որոշումներ ընդունելու իրավունքից: Սահմանադրական դատարանի անդամների գերակշիռ մասը նշանակվել և ընտրվել է զրո լեգիտիմություն ունեցող նախորդ խորհրդարանների ու նախագահների կողմից: Իսկ խորհրդարանը ընտրվել է ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում, որի իսկությունն ընդունել է ամբողջ աշխարհը: Անգամ եթե ՍԴ-ի ճակատագիրը որոշվի կառավարության նիստում, դա ավելի լեգիտիմ որոշում կլինի, քան Քոչարյանի և Սարգսյանի ճաշակով ընտրված ՍԴ-ի հետագա գործնեությունը: ՍԴ անդամները կարող են համալրել այն փաստաբանների շարքերը, որոնք ինքնամոռաց պաշտպանում են վերոհիշյալ երկուսի շահերը, բայց Հայաստանի բարձրագույն դատարան կոչվելու իրավունք չունեն, քանի որ իրենց նշանակողների վերաբերյալ ժողովուրդը վաղուց է կայացրել իր վճիռը:

Սահմանադրական դատարանի դատավորները վաղուց են չոքել, պարզապես այժմ ժամանակն է նրանց հեռացնել պետության հաշվեկշռում գտնվող շենքից: Թող գնան և շարունակեն չոքած մնալ Մելիք-Ադամյան կամ Էրեբունի պլազա շենքերում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ