...

Անկախ դատական համակարգի համար պայքարողներիս տեսեք

Անկախ դատական համակարգի համար պայքարողներիս տեսեք

Նախկին իշխանությանը պաշտպանող քաղաքական գործիչները, իրավաբաններն ու իրավապաշտպանները մեծ ոգևորությամբ են ընդունել այն փաստը, որ Սահմանադրական դատարանի 7 անդամներից և ոչ մեկը չի ընդունել վաղ կենսաթոշակի անցնելու իշխանության առաջարկը։ Դրա վերջնաժամկետը երեկ էր։ Այն, որ ՍԴ անդամները չեն օգտվելու վաղ կենսաթոշակի անցնելու համակարգից, ենթադրելի էր ի սկզբանե։ Սակայն սա բոլորովին այլ թեմա է։ Անդրադառնանք նրանց հերոսացնողների ոգևորիչ հայտարարություններին։

ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը չընդունելու առիթով նախկին իշխանության ներկայացուցիչներն ու իրավաբանները մեծ պաթոսով գովերգական ներբողներ են ձոնում Սահմանադրական դատարանի «հերոս», «անձնազոհ», «արդարության մարտիկ ու ջատագով» անդամների հասցեին։

Զորօրինակ, հենց Սահմանադրական դատարանին վերաբերող հարցում կեղծիքներ անելու մեջ մեղադրվող իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ ՍԴ անդամները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք և պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման. «Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը և պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասում է. «Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։ ՍԴ դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը՝ երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմանադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է»։

Սահմանադրական դատարանի անդամների՝ հանուն անկախ դատական համակարգի պայքարելու պնդումներն այնքան նոնսենս են ու հեռու իրականությունից, որքան նման բաներ հայտարարող «անկախ» իրավապաշտպանները՝ օբյեկտիվությունից ու անաչառությունից։ 

Անկախ դատական համակարգի համար պայքարող մարտիկներ են հռչակվոմ մարդիկ, որոնք հենց իրենք են տարիների ընթացքում սեփական գործունեությամբ ջարդել այդ համակարգի ողնաշարը՝ իրենց հարմարվողականությամբ, օրվա իշխանությանը ենթարկվելու, ծառայելու ու ցուցումները կատարելու պատրաստակամությամբ։ 

Նրանք իրենց կամքով մշտապես եղել են իշխանությանը կցորդ մարմնի անդամ, իրենց վճիռներով դակել հակաօրինական որոշումներ, որևէ քայլ չեն արել անկախ լինելու համար, անգամ չեն էլ մտածել այդ մասին։ Թույլ չեն տվել մտածել։ Թույլ չեն տվել այն մարդկանց շեֆերը, որոնք այսօր ՍԴ այդ անդամներին հռչակել են անկախ դատական համակարգի առաջամարտիկներ։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ