...

Վանեցյանի առաջին կադրը

Վանեցյանի առաջին կադրը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, մշտապես ռոբասերժական համակարգին ծառայած, ներկայում իրեն իրավապաշտպան հռչակած Արսեն Բաբայանը հայտարարել է, որ որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ և միանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիմին: 

Այսօրվանից վանեցյանական դարձած սույն պարոնը կուսակցական մկրտությունը ազդարարող իր հայտարարության մեջ ասում է. «Մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու և մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը»։ 

Արթուր Վանեցյանը քաղաքականություն մուտք գործելու և կուսակցություն հիմնելու իր մտադրությունների մասին ակնարկել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից խայտառակ ձևով հեռացվելուց ի վեր։ Դրանից հետո նա ժամանակ առ ժամանակ հեռակա բանավեճի մեջ էր մտնում Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների հետ, սոցցանցերում մի քանի տողանոց իբր թե քաղաքական գրառումներ անում, որոնցում, անկախ թեմայից, մշտապես մատնանշվում էր «ազգային անվտանգություն» արտահայտությունը։

Արթուր Վանեցյանի հիմնելիք կուսակցության, դրա ուղղվածության, նյութական ու մարդկային ռեսուրսի շուրջ քաղաքական-հասարակական շրջանակներում տարբեր սցենարներ էին զարգացվում։ 

Օրինակ, խոսվում էր անգամ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ համատեղ կուսակցություն ստեղծելու մասին՝ նկատի ունենալով, որ երկուսն էլ մինչև ուղնուծուծը ռուսական դավանանքի անձինք են։

Չէր շրջանցվում նաև Սերժ Սարգսյանի փեսա, վատիկաններից օրումեջ «հեղափոխական թեզիսներ» գրող Միքայել Մինասյանի հետ կապն ու հավանական համագործակցությունը։ Միգուցե ոչ ուղղակի համագործակցության մասին էր խոսքը։

Ինչ սցենարներ էլ զարգացվելու լինեն, հստակ է, որ Արթուր Վանեցյանի ստեղծելիք կուսակցությունը հենված է լինելու մերժված համակարգի կամ դրա հետ փոխկապակցված մարդկանց վրա։ Արսեն Բաբայանի օրինակը՝ վկա։ Վերջինս կասկածվում է 2018 թվականի մարտ ամսին Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հետ կապված կեղծիքների մեջ։ Հեղափոխությունից որոշ ժամանակ հետո նա ակտվորեն ներգրավվեց միշիկական ու ռոբասերժական խմբակներում՝ ռևանշիստական դիրքերից պայքարելով իշխանության դեմ։ 

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ