...

Քոչարյանի 0-ն ու Վանեցյանի փուչիկը՝ մեկ սայլում

Քոչարյանի 0-ն ու Վանեցյանի փուչիկը՝ մեկ սայլում

1in.am-ը տեղեկություն է հաղորդել այն մասին, որ «օրերս Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի «քավորությամբ», նրա առանձնատանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ու եռյակը հասարակության թիկունքում հստակեցրել է իր գործողությունները»։

Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա այն ամբողջությամբ տեղավորվում է ինչպես Քոչարյանի, այնպես էլ Վանեցյանի որդեգրած քաղաքական հաշվարկների տրամաբանության մեջ։

Ռոբերտ Քոչարյանն ամեն կերպ ձգտում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Գործող իշխանությանը հեռացնելը Քոչարյանի համար բանտային կյանքի հեռանկարից փրկվելու միակ միջոցն է։ Նա շատ լավ հասկանում է, որ ներկայիս իշխանության պայմաններում, ինչքան էլ իր փաստաբանները փորձեն արհեստական միջոցներով ձգձգել Մարտի 1-ի դատավարությունը, մեկ է, ինչ-որ պահի բուն դատավարությունն սկսվելու է, դատաքննության ընթացքում ներկայացվելու են այն բոլոր անառարկելի ապացույցներն ու փաստերը, որոնք հաստատելու են իր մեղավորությունը, ու ինքը դատարանի որոշմամբ երկար ժամանակով հայտնվելու է ճաղերի հետևում։

Չի բացառվում, որ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին այլ մեղադրանքներ ևս ներկայացվեն՝ ապօրինի հարստացման, երկրի թալանի, կաշառակերության համար։ Այս իմաստով արժե արձանագրել Առագաստ սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացումը, որը ևս առնչվում է Ռոբերտ Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանը շատ լավ պատկերացնում է, որ իր դեմքով քաղաքական գործընթացներ ծավալելու հնարավորությունների հաջողությունը 0-ական է։ Իր գլխավորությամբ քաղաքական միավորում ստեղծելը ևս խիստ խնդրահարույց է, քանի որ հասարակության մեջ ունի անչափելի բացասական վարկանիշ։

Հրապարակայնորեն այս վերջինը խոստովանում է նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։

Եվ ահա, իր համար ոչ նպաստավոր այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանը փորձում է առաջ մղել այլ կերպարների, ու այս փուլում նրա ընտրությունը կանգ է առել Արթուր Վանեցյանի վրա։ 

Մի անձ, որը հեղափոխությունից հետո անհայտությունից հայտնվեց քաղաքական ասպարեզում, հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ձեռք բերեց հայտնիություն ու դարձավ դեմք, չգիտես ում հուշումով պատկերացրեց, թե ինքը կարող է վճռորոշ դերակատարություն ստանձնել հայաստանյան քաղաքական գործընթացներում, անգամ հավակնել վարչապետի պաշտոնին, հեռացավ կամ հեռացվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ստեղծեց ռուսական կողմնորոշման ու տանիքով կուսակցություն, իշխանափոխության թեմաներով կուլիսային բանակցությունների մեջ մտավ մերժված ու մերժվելիք քաղաքական շրջանակների հետ։

Խիստ ուշագրավ է ու տրամաբանական 1in.am-ի հաղորդած տեղեկության ու հանդիպման ձևաչափը։ Իշխան Զաքարյանը ԲՀԿ-ական ծագում ունի։ Նա ԲՀԿ-ում եղել է քոչարյանական գծի և ներկայության ծանր հրետանին ու հիմնական դերակատարներից մեկը։ Վերջին շրջանում Արթուր Վանեցյանը դաշինքի մեջ է մտել ԲՀԿ-ի հետ (ՀՅԴ-ի մասնակցությամբ) ու այս կազմով մտմտում են իշխանափոխության, պետական հեղաշրջման տարբեր սցենարներ։

1in.am-ի հաղորդմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնացել Ռոբերտ Քոչարյան-Արթուր Վանեցյան-Իշխան Զաքարյան հանդիպմանը ու դեմ է հանդես եկել հասարակության թիկունքում ստվերային այդ պայմանավորվածությանը և հրաժարվել է մասնակցել այդ համաձայնությանը: 

Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի ներսում, ամեն դեպքում, ուժեղ են Քոչարյանից տարածություն պահելու մարտավարության կողմնակիցների դիրքերը, ու նրանք Ծառուկյանին խորհուրդ են տվել հեռու մնալ քոչարյանական ծրագրերից, քանի որ դա ոչ միայն անհեռանկարային գործ է, այլև վնասակար ԲՀԿ-ի քաղաքական հեռանկարի ու անձամբ Ծառուկյանի համար։ 

Հանուն արդարության պետք է նշել, որ քաղաքական տեսակետից ռացիոնալ այս գծի գլխավոր դերակատարը Նաիրա Զոհրաբյանն է, որը մշտապես շեշտել է ԲՀԿ-ի՝ Քոչարյանի հետ կապերի բացակայությունն ու քաղաքական անհեռանկարայնությունը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյան-Արթուր Վանեցյան հնարավոր տանդեմին, դա քաղաքական շատ թույլ կոնֆիգուրացիա է՝ Քոչարյանի զրոյական վարկանիշով ու Վանեցյանի փուչիկ կերպարով։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ