...

Տղերքը վռազ են

Տղերքը վռազ են

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշում է կայացրել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը։ 

Եվ ահա, պետական հեղաշրջման ծրագրին լծված ու կորոնավիրուսի հետ դաշնակցած շրջանակներն անցել են հերթական շահարկումների փուլին՝ իշխանության որոշման տակ տեսնելով այլ նպատակներ։

Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, օրինակ, հայտարարել է, թե արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական նպատակ. «Արտակարգ դրության ռեժիմի պահպանումը չի տալիս գեթ մեկ լրացուցիչ հնարավորություն, որը կարող է կապ ունենալ համավարակի դեմ պայքարի հետ։ Փոխարենը՝ արտակարգ դրության ռեժիմում սահմանափակվում են անձանց հավաքների ազատությունը, վարչապետին անվստահություն հայտնելու խորհրդարանական լիազորությունը և սահմանադրական հանրաքվե անցկացնելը»։

Ինքը՝ Արթուր Վանեցյանն էլ թվիթերյան իր էջում գրել է. «Արտակարգ դրության երկարաձգումը չունի որևէ այլ նպատակ, քան այս իշխանության հեռացման հետաձգումն է։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Այս ողջ գործընթացի օրինականությունը շուտով դառնալու է մանրամասն քննության առարկա»։

Այս շրջանակների քաղաքական պատվերը կատարող իրավապաշտպաններն էլ («Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան) խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով արտակարգ դրության երկարաձգումից ու պահանջելով վերադարձնել քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։ 

Այսինքն, այս մարդիկ ուզում են, որ դադարեցվի արտակարգ դրությունը, որպեսզի իրենք հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն ունենան, մարդկանց հանեն փողոցներ, իշխանության դեմ ցույցեր անեն, տապալեն իշխանությունը։ Աշուղ Ջիվանին կասեր՝ խելքի աշեցեք։

Պուտչիստական հավակնություններ ունեցողների այս դիրքորոշումը դիտարկենք երկու ասպեկտով։

1. Միայն պատկերացնել կարելի է, եթե, ենթադրենք, կառավարությունը հանում է արտակարգ դրությունը, վերացվում են որոշակի սահմանափակումներ, մեղմացվում են հակահամաճարակային կանոնները, արդյունքում՝ համաճարակային իրավիճակը խորանում է, վարակվածների ու մահվան՝ մի քանի անգամ ավելի ցուցանիշներ են գրանցվում, ու այս վիճակում ինչ վայնասուն են բարձրացնելու այդ նույն շրջանակները, ինչպիսի մեղադրանքներ են ուղղելու իշխանություններին։

2. Պուտչիստները շատ մեծ կարծիք ունեն իրենց ու սեփական հնարավորությունների մասին, եթե մտածում են, թե արտակարգ դրության բացակայության պայմաններում կարողանալու են իշխանությունը տապալելու հարցով բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել, բողոքի ակցիաներ ու ցույցեր անցկացնել։

Իհարկե, մեծ ծավալի հանրահավաքներ կարող են լինել, սակայն հակառակ տրամաբանության մեջ. հեղափոխությանը մազաչափ վտանգ տեսնելու ու զգալու պարագայում բազմամարդ հավաքներ ու ցույցեր կլինեն՝ ի պաշտպանություն հեղափոխության ու դավադիրների մերժման։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ