...

Ծառուկյան-Վանեցյան սոուսը ի սկզբանե վառված է

Ծառուկյան-Վանեցյան սոուսը ի սկզբանե վառված է

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, այս օրերին ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում ՀՅԴ-ի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ի ու նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության կգբ-շնիկ ղեկավար Արթուր Վանեցյանի, Ծառուկյանի ու Վանեցյանի միջև։ Հասկանալի է, որ այս հանդիպումների ու քննարկումների հիմնական օրակարգը տվյալ ուժերի ու գործիչների և նրանց հետևում կանգնած շրջանակների մտքում պտտվող պետական հեղաշրջումն է։

Նկատելի է, որ հեղափոխական իշխանություն տապալելու ծրագրեր ունեցող ուժերը առաջին պլան են մղել հենց Ծառուկյան-Վանեցյան-ՀՅԴ եռյակին, իսկ ռոբասերժական շրջանակները, գործառնական ու ակտիվության առումով, առայժմ ստվերում են մնում։ Սա իր բացատրությունն ունի և պայմանավորված է հեղափոխություն-հակահեղափոխություն, հեղափոխության կողմ ու դեմ ուժերի բաժանարար գծերով։

Նման մարտավարության քաղաքական տրամաբանությունն առավել քան պարզ է։ Տպավորություն ստեղծել, թե իբր նախապատրաստվող պետական հեղաշրջումը ուղղված է ոչ թե հեղափոխության, այլ գործող իշխանության դեմ, քանի որ վտանգավոր է այս պահին բացահայտորեն դեմ գնալ հեղափոխական արժեքներին։

Դավադրության մասնակիցների մտածելով, Ծառուկյանի ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Վանեցյանը աջակցել են հեղափոխությանը, ըստ այդմ՝ իրավունք ունեն իշխանափոխության կենտրոն դառնալ, իսկ ռոբասերժականները եղել են հեղափոխության գլխավոր թիրախը ու հակառակվել հեղափոխությանը, ըստ այդմ՝ այս փուլում նրանց ակտիվությունը պետք է հնարավորինս աննշան լինի։

Սակայն այս շրջանակները մոռանում են մի բան. ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ինչ իրավիճակում ու երբ են իրենց աջակցությունը հայտնել հեղափոխությանը, ամեն ինչ փաստագրված է. այս կուսակցությունները հեղափոխությանը միացել են այն պահին, երբ արդեն պարզ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը ու հեղափոխության առաջին հաղթանակը։ Ու միացել են ոչ թե գաղափարաբանական համոզմունքներից ելնելով, այլ՝ ստիպված, ուրիշ ելք չունենալով, գոնե ինչ-որ չափով քաղաքական դեմքն ու դերակատարությունը պահելու նպատակով։ 

Անգամ հեղափոխական կառավարության մաս կազմելով՝ թե ԲՀԿ-ն, առավել ևս ՀՅԴ-ն, մշտապես թիկունքից հարվածել են հեղափոխությանն ու հեղափոխական թիմին, դեմ եղել համակարգային փոփոխություններին, մասնակցել 2018-ի հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի նախաձեռնած դավադրությանը, իսկ ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցել է ու եղել քոչարյանական ակցիաների կենտրոնում։

Հանրությունը լավ հիշում է նաև ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի՝ տարիների կոալիցիոն կապերը մերժված ՀՀԿ-ի հետ՝ ոչ մի տարբերություն չդնելով այս երեք կուսակցությունների միջև, որոնք հավասարապես պատասխանատու են նախկինում վարած կործանարար քաղաքականության համար։

Չի բացառվում նաև, որ Ծառուկյանի նպատակն այս ամբողջ խաղում ոչ թե այս պահին իշխանափոխությունն է, այլ 2023 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը։ Ամեն դեպքում, ԲՀԿ-ի առաջիկա քայլերը լույս կսփռեն այս հարցի վրա։

Արթուր Վանեցյանի մասով. անհարմար է անգամ խոսել սույն անձի հեղափոխականության մասին։ Որոշակի ու միջին կարգի պաշտոն ունեցած սովորական կգբ-շնիկ, որը ինչ-ինչ հանգամանքների բերումով (ի դեպ, շատ կարևոր է հանգամանորեն պարզել այդ հանգամանքները) հայտնվեց հետհեղափոխական առաջնագծում, Նիկոլ Փաշինյանի կողմից կարգվեց շատ բարձր պաշտոնի, ստացավ մեծ լիազորություններ, հեղափոխության առաջին ամիսների հաղթական ֆոնին ձեռք բերեց որոշակի հասարակական ճանաչողություն, իրեն պատկերացրեց շատ խոշոր գործիչ կամ այդպես համոզեցին նրան և համարելով, որ այլևս իր դիրքերը շատ ամուր են, երևան հանեց հեղափոխության տակ ական լինելու իրողությունը ու ընդդիմացավ հեղափոխությանը։

Հանրությունը շատ լավ հասկանում է նախկինների խաղի ողջ իմաստը ու Ծառուկյան-Վանեցյան սոուսով «կուտը» երբեք չի ուտի։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ