ԲՀԿ քաղաքական խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել, որտեղ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է. «Այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, որ կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»:
Ըստ էության, շղթան փակվեց: Քաղաքական այն ուժերը, որոնք 20 տարի իշխել են Հայաստանում. լինեն դրանք իշխանության կուսակցություններ, լինեն՝ դրանց սպասարկող «ընդդիմադիր» ուժեր, իշխանափոխություն կամ հեղաշրջում իրականացնելու գործընթացում, միավորվեցին:
Եկեք տեսնենք, թե ովքեր են այսօր պահանջում իշխանությունների հրաժարականը. Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող ՀՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող ԲՀԿ-ն, «չգիտենք ում կողմից» ղեկավարվող «Լուսավոր Հայաստանը», «էլ ավելի չգիտենք ում կողմից» ղեկավարվող «Հայրենիք» կոչվող կուսակցությունը, այսինքն՝ Արթուր Վանեցյանը, բազմաթիվ կողմերով ղեկավարվող ՀՅԴ-ն, քոչարյանական աղբյուրներից սնվող կառույցները՝ «Վերնատուն», հաճախորդներ, իշխանական կերակրատաշտից դուրս մնացած գործիչներ:
Ի՞նչ ունեն այս ուժերը, որ այսպես բաց խաղաքարտերով են արդեն հայտարարել իշխանափոխության գործընթացի մասին:
Կապիտալ. տասնյակ տարիներ այս ուժերը իրենց ձեռքում են կենտրոնացրել երկրի կապիտալի 70-80 տոկոսը: Այսինքն, ունեն հսկայական ռեսուրսներ: Դա իր մեջ ներառում է հարյուրավոր ձեռնարկություններ, օբյեկտներ, բանկեր, անշարժ գույք: Հեղափոխությունից հետո այդ կապիտալը նրանց գործնականում հաջողվել է պահպանել:
Մեդիադաշտ. այստեղ էլ, այս ուժերը վերահսկում են ոլորտի նույնպես մի 80 տոկոսը: Եթե ոչ ավելին: Բոլոր հեռուստաընկերությունները, երկրի խոշորագույն ինտերնետային ռեսուրսները, այդ ամենը՝ հագեցած տեխնիկայի ամենավերջին խոսքով, նրանց ձեռքում է: Սրա շնորհիվ արդեն երկու տարի կատաղի հակաքարոզչություն է իրականացվում իշխանությունների դեմ, կիրառվում են մանիպուլյացիայի և ապաքարոզչության բազմապիսի գործիքներ, և դա արվում է ոչ թե հախուռն կերպով, այլ՝ շատ լավ մշակված, հստակ ուղեցույցներով, հետևողական և նույնատիպ մեխանիզմներով: Նույն այս ուժերը նաև իրենց վերահսկողության տակ ունեն քաղաքական տեխնոլոգների, PR-շիկների, բլոգերների, սոցցանցերում տեղեկատվություն տարածող և դրանք մեկնաբանող ֆեյքերի մեծ բանակ:
Մարդկային ռեսուրս. սա այս ուժերի ամենաթույլ տեղն է: Չնայած այդ կատաղի հակաքարոզչությանը, իշխանություններին մեթոդաբար սևացնելու քաղաքականությանը, այնուամենայնիվ, հանրության աջակցություն այս ուժերը չեն վայելում: Շատ պարզ պատճառով. մարդիկ 20 տարի տեսել են, թե սրանք ինչով են զբաղված եղել և ինչի են ընդունակ:
Արտաքին ռեսուրս. սա այս ուժերի ամենաուժեղ կողմն է: Հաշվի առնելով, որ այս ուժերը անհրաժեշտ ներքին աջակցություն երբեք չեն ունեցել, ներքաղաքական հարցերում միշտ էլ ապավինել են արտաքին ուժերին և միշտ սպասարկել են նրանց՝ իշխանության համար պայքարում: Եվ դա արել են մեր պետականության և ազգային անվտանգության հաշվին: Սկսած երկրի ստրատեգիական նշանակության բոլոր ոլորտները իրենց աջակցող դրսի ուժերի տրամադրության տակ դնելով, վերջացրած՝ Հայաստանը արտաքին հարաբերություններում մանրադրամ դարձնելով: Վստահաբար, բոլոր այս ուժերը արտաքին ազդակներ են ստացել, որ այսպես բաց տեքստով են արդեն հայտարարում իշխանության դեմ լայնածավալ հարձակում սկսելու մասին:
Իսկ ի՞նչ ունի իշխանությունը. միայն մարդկային ռեսուրս: Բայց դա չափազանց քիչ է: Երկու տարվա ընթացքում իշխանություններին այդպես էլ չհաջողվեց մարդկային այդ ռեսուրսը, որը անվերապահորեն աջակցում էր իրեն, ճիշտ օգտագործել: Իշխանությունների վարանոտ, երերուն, պաթոսով և հախուռն գործողություններով լի քաղաքականությունը թույլ տվեց նախկին ռեժիմին ուշքի գալ, սթափվել, ուժ հավաքել և այսօր արդեն նաև միավորվել: Բազմաթիվ բացթողումներ եղան, որոնք աններելի էին: Այն բարեփոխումներն ու քայլերը, որոնք պետք է արվեին երկու տարի առաջ, այդպես էլ մնացին օդում: Դատական և քաղաքական համակարգի բարեփոխումներն իրականացնելու դեպքում երկիրը կթևակոխեր նոր փուլ, որտեղ ռևանշիստական ուժերի համար այլևս տեղ չէր լինի:
Իսկ հիմա Հայաստանը մտնում է շատ վտանգավոր մի փուլ. ակնհայտ է, որ ռևանշիստական, հակահեղափոխական ուժերի, դրսից սպասարկվող մարգինալների ախորժակը բացվել է և նրանք միայն իշխանափոխության կոչերով չեն բավարարվի: Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է լինի, որ իշխանությունները վերջապես դադարեն երբեմն մանկամտության հասնող գործերով զբաղվել, թարգեն այս աղջկա լուսանկարը հրապարակել, այն տղամարդու քիթը ցույց տալով: Իրենց շատ լուրջ ուժեր շատ լուրջ մարտահրավեր են նետել: Եթե չսթափվեն, եթե չգիտակցեն, թե ինչ է սպառնում իրենց և մեր երկրին, ապա նրանց տխուր և դաժան վերջաբան է սպասվում:
Հ.Գ. Ու այս ամենը՝ կորոնավիրուսի մոլեգնող պանդեմիայի ընթացքում: Այսինքն, իշխանությունները մի պատերազմից բացի, կարող են երկրորդը ստանալ: