Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ սկսվել է ընդդիմադիր դաշտի ձևավորման պրոցես, որը տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ», Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» նորաստեղծ կուսակցությունների շուրջ։ «Սկզբնական շրջանում կձևավորվի ընդդիմադիր բլոկ, որի կենտրոնում կլինեն միայն նոր դեմքեր»,- հայտարարել է նա։
Ուզում է ասել՝ այդ ձևավորվող ընդդիմադիր բլոկում կներգրավվեն նոր որակի կուսակցություններ՝ քաղաքական թարմ դեմքերով, որոնք որևէ կապ չեն ունենա ոչ գործող, ոչ էլ նախկին իշխանությունների հետ։ Նաև նկատի ունի այն, թե գործող իշխանության հիմնական մրցակիցն ապագայում լինելու է այդ ընդդիմադիր բլոկը։
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, ինչին մի քանի հրապարակումներով նախկինում անդրադարձել ենք։
Քաղտեխնոլոգի նշած կուսակցությունները, դրանց ղեկավարները ամենևին էլ նոր որակի չեն։ Երբ հիմնադրվում էին այդ կուսակցությունները, արդեն իսկ նկատելի էր, թե որ կողմից է փչում քամին, այսինքն՝ ինչ նպատակով են ստեղծվում դրանք, որ ուժերի պատվերի շրջանակում, ինչ խնդիր են լուծում ու լուծելու, որն է նրանց անելիքը քաղաքական դաշտում։
Այդ ամենը պարզելու համար բավական է ընդամենը ծանոթանալ անցած մեկ-մեկուկես տարում այդ գործիչների ու նորաստեղծ կուսակցությունների ասելիքին, քաղաքական մտածողությանն ու պատկերացումներին, հռետորաբանությանը, արված հայտարարությունների ուղղվածությանը, քաղաքական իրավիճակի ու իրադարձությունների վերաբերյալ նրանց վերաբերմունքին ու պահվածքին։
Քաղաքական իրողությունների խորագիտակ պետք չէ լինել համոզվելու, որ կոնկրետ այդ երեք անձանց (Ավետիք Չալաբյան, Արթուր Ղազինյան, Արթուր Վանեցյան) ասելիքը, հայտնած կարծիքները, հայտարարությունները, քաղաքական կեցվածքը որևէ բանով չեն տարբերվում մերժված ռոբասերժական շրջանակների հռետորաբանությունից, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների (օրինակ, Մարտի 1-ի, կոռուպցիայի դեմ պայքարի, թալանչիների դեմ հարուցված քրեական գործերի, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողի, դատաիրավական բարեփոխումների) վերաբերյալ նրանց մոտեցումները խստորեն տեղավորվում են քրեաօլիգարխիկ ու կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչների արտահայտած մտքերի տրամաբանության մեջ։
Այսինքն՝ ակնհայտ է այդ կուսակցությունների ու գործիչների արժեհամակարգային, մտածողական, դիրքորոշումային կապը մերժված ու հեռացված համակարգի հետ։ Այդ կապն այնքան օրգանական է, որ կարելի է ենթադրել, թե ովքեր են թաքնված այդ «նորերի» դեմքերի ետևում։ Պատասխանը մեկն է՝ հները։
Այս սցենարի մասին շատ անգամներ է խոսվել. մերժված նախկինները փորձում են իրենց քաղաքական ներկայությունն ու դերակատարությունը պահպանել նորաստեղծ կուսակցությունների ու նոր դեմքերի միջոցով։
Համլետ Կիրակոսյան