...

Ինչո՞ւ են աղմկում «հոգեխանգարվածները»

Ինչո՞ւ են աղմկում «հոգեխանգարվածները»

Երեկվանից քաղաքական հայտնի շրջանակները հոգեխանգարմունքի մեջ են հայտնվել։ Այդ վիճակին հասնելու համար նրանք լուրջ պատճառներ ունեն։ Ի վերջո, կազմաքանդվում է պետաիրավական ասպարեզում իրենց վերջին բաստիոնն ու խրամատը՝ Սահմանադրական դատարանը, ավելի ճիշտ՝ դատարանի այն կազմը, որը սպասարկել ու սպասարկում է քրեաօլիգարխիկ, մաֆիոզ-կոռուպցիոն համակարգի շահերը։ 

Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ի հենց այդ կազմով է, որ պետական այդ կառույցը ընդդիմացել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իր վրա վերցրել Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու օպերացիան, դիտարկվել է որպես ռևանշի ու պետական հեղաշրջում իրականացնելու կարևորագույն օղակ։ 

Այն բանից հետո, երբ երեկ խորհրդարանի իշխող մեծամասնությունը ձեռնամուխ եղավ ՍԴ-ի ճգնաժամի լուծմանը ու ընդունեց Սահմանադրական փոփոխությունները, որոնցով ՍԴ նախագահի ու երեք անդամների հարցը պետք է լուծվի ԱԺ-ում, ընդ որում՝ օրենքն ուժի մեջ է մտնում ոչ թե նախագահի, այլ ԱԺ նախագահի ստորագրությամբ, հոգեխանգարված շրջանակները, իրար հերթ չտալով, հայտարարություններ ընդունեցին իշխանության կողմից իբր սահմանադրական կարգը տապալելու, իշխանության յուրացման, իրավական պետության ոչնչացման մասին ու հնչեցնում այս նոտայով այլ՝ արդեն երկու տարի կրկնվող մեղեդիներ: 

Իսկական սյուրռեալիզմ, ֆուտուրիզմ ու աբսուրդիզմ է (ականջդ կանչի, Նաիրա Զոհրաբյան), որ սահմանադրական կարգի տապալման մասին գոռգոռում են ուժեր ու մարդիկ, որ 20 տարուց ավել ընտրությունները կեղծելով՝ մշտապես ու պարբերաբար տապալել են երկրի սահմանադրական կարգը, ամեն քայլափոխի թքել Սահմանադրության, իրավունքի ու արդարադատության վրա։ 

Ի վերջո, ի՞նչ արեցին երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նրանք ընդունեցին օրենք, որով պարզապես 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը՝ ՍԴ-ի մասով, դրվում է այն փիլիսոփայության մեջ, որն արտահայտված է այնտեղ, ինչը, սակայն, չի պահպանվել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի ձևավորման մեջ։ Այսինքն, արել են այն, ինչ պետք է անեին նախկին իշխանությունները, երբ ուժի մեջ էին մտնում իրենց անցկացրած Սահմանադրության համապատասխան գլուխները։

Ի պատասխան ի՞նչ են ասում մերժված ու նրանց ձայնակցող ուժերը, իրավաբաններն ու անհատները։
Օրինակ, «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը հայտարարում է, թե իշխանությունը «օրը ցերեկով ոտնահարել է սեփական երկրի սահմանադրությունը, եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքը, օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի սահմանադրությունը, եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքը, երկրի տառացիորեն բոլոր ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների հստակ արտահայտված մոտեցումները, բազմաթիվ իրավաբանների մասնագիտական կարծիքները, և ուժի զոռով, միանձնյա, առանց հանրային կարծիքի հետ հաշվի նստելու, մի օրվա ընթացքում, կամայական փոփոխության ենթարկել երկրի սահմանադրությունը՝ սեփական միահեծան իշխանությունը ամրապնդելու նպատակով»։
Իսկ գիտե՞ք, թե որոնք են նրա նշած «բոլոր ազդեցիկ քաղաքական կազմակերպությունները»։  Այո, այո, այդ «ազդեցիկները» հանրության կողմից մերժված ուժերն են՝ ՀՀԿ, ՀՅԴ, վերջերս այս շարքին միացած ԲՀԿ, դրանց տարատեսակ արբանյակներ, արբանյակների արբանյակներ, կոռուպցիոն շրջանակներին սպասարկու իրավապաշտպան խմբեր, որոնց «փորացավը» ոչ թե սահմանադրականությունը, օրենքն ու արդարադատությունն են, այլ Սահմանադրական դատարանը այդ կազմով պահպանելը։

Ավետիք Չալաբյանի ակնարկած՝ իբր հանրային կարծիքի հետ հաշվի չնստելու մասին։ 

Միանշանակ է, որ երեկ խորհրդարանը հենց հանրային կարծիքը հաշվի առնելով ընդունեց ՍԴ-ի մասին օրենքը։ Հանրային կարծիքն արդեն տարիուկես պահանջում էր դա, իշխանությունը մի բան էլ ուշացրել էր այդպիսի օրենք ընդունելը։ Իշխանությունը հանրության կարծիքը հաշվի չէր առնում այն ժամանակ, երբ մեկուկես տարի ձգձգում, ծամծմում, անիրատեսական նախագծեր էր ձեռնարկում, անհամարձակ քայլեր անում Սահմանադրական դատարանի հարցը լուծելու գործում։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ