...

Էժան ու էժանագին

Էժան ու էժանագին

Կառավարության հուլիսի 21-ի նիստի օրակարգում քննարկվելու է ոստիկանության համար 175 ավտոմեքենա ձեռք բերելու նախագիծը: Ոստիկանությունը որոշել է, որ պետք է ձեռք բերի Toyota Fortuner մակնիշի մեքենաներ՝ ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից, որի սեփականատերերն են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը և գործարար Սամվել Մայրապետյանը, գրել է Civilnet-ը:

Նշենք, որ այս տարվա սկզբին «Տոյոտա Երևան»-ի հետ կնքվել էր ավելի քան 1,7 միլիարդի պայմանագիր:

«ՉԻ». Բայց Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը ենթակա չէ ընկալման: Մի կողմից կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործչի եղբորը ստիպում է Կենտրոնական բանկում աշխատանքից ազատվելու դիմում գրել, մյուս կողմից կես տարին մեկ մի քանի միլիոն դոլարի ավտոմեքենա է գնում մի ընկերությունից, որի սեփականատերերից մեկը կալանքից գրավով ու միջնորդությամբ ազատ է արձակվել, հետո՝ փախել Հայաստանից: 

Այսինքն՝ որևէ հետևողականություն չկա: Երկու ենթադրություն կա. կամ Նիկոլ Փաշինյանի ուժը չի պատում Սեդրակ Քոչարյանի ու Սամվել Մայրապետյանի հետ վարվել այնպես, ինչպես Ավետիք Չալաբյանի դեպքում, այն է՝ որևէ վատություն անել, հետևներից ընկնել, ազգականներին հալածել, կամ էլ սա ինդուլգենցիա է Քոչարյանին՝ վերջինիս հրաշալի, պարզապես գերազանց ընդդիմադիր գործունեության համար: 

Բայց հետաքրքիր է, չէ՞, թե ընդդիմության դեմ ինչպիսի անողոք պայքար է տանում Նիկոլ Փաշինյանը: Ծառուկյանին է սար ու ձոր նվիրում, Քոչարյաններից է ավտոմեքենա գնում, արանքում տուժում են միայն Ավետիք Չալաբյանն ու նրա եղբայրը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ