...

Քաղաքական հետապնդման նոր դարաշրջան

Քաղաքական հետապնդման նոր դարաշրջան

Վահե Վարսանյանը, որն իրեն մինչև վերջերս համարում էր Նիկոլ Փաշինյանի ընկերը, իր համար կարևոր հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին և, ըստ էության, մերժում ստացել։ Հարցը ոչ թե անձնական է, այլ ավելի շուտ առնչվում է արդարությանն ու օրինականությանը։ «Hetq»-ի միջոցով Վարսանյանը հրապարակայնացրել է տեղի ունեցածը։ 

Մարդը տեղեկացել է, որ Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը: Տեղեկությունը ստանալու նույն օրը Վարսանյանը, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, գրում է նրան։ Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ երեկ զանգահարում է նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանում է Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»,- հակադարձում է Փաշինյանի ընկերը: Իսկ նա շարունակում է նույնը կրկնել. «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»: Երկխոսությունից հետո Վարսանյանը «Hetq.am»-ի միջոցով հրապարակած նամակում հայտարարում է անմեղ մարդկանց նկատմամբ սարքված գործերի և քաղաքական հետապնդման մասին։ «2018 թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից», բայց «այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք: Ի լրումն՝ ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի»,- արձանագրել է Փաշինյանի ընկերը:

Չենք զարմանա, եթե Քննչական կոմիտեն կամ դատախազությունն այսօր հանդես գան մամուլի հաղորդագրությամբ՝ ազդարարելով, որ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը չարաշահել է իր լիազորությունները կամ մի ահավոր արարք է թույլ տվել, որի առիթով նախաքննություն է ընթանում։ Չենք զարմանա, եթե Մարտին Գալստյանը զրպարտության հոդվածով դիմի դատարան ու մի գործ էլ Ավետիքի եղբոր դեմ հարուցվի։ Երրորդ տարբերակն էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա կառավարության նիստում կհանձնարարի պարզել, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր վաղեմի ծանոթ Վարսանյանի միջև։ Հետո Փաշինյանը կհայտարարի, որ իրեն զեկուցել են այդ խոսակցության մասին, և հիմա նա ուզում է հպարտ քաղաքացիներին ասել, որ վարչապետ Փաշինյանի մասին ստոր և կեղծ հերյուրանք տարածողներին պետք է սատկացնել։ Կասի՝ եկել է վրեժի ժամանակը, բոլորը ծափ կտան, Չալաբյանների ազգանվան կողքին կհայտնվեն այլ ազգանուններ՝ դիցուք Վարսանյաններ, Գալստյաններ, Պողոսյաններ և այլն։ Ու նորից կձգվի ժամանակը՝ ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմով։

 Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ