...

Գյուղ գազի դիմա՞ց

Գյուղ գազի դիմա՞ց

Այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ են շարունակում մնալ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Այս բնակավայրն ու հարակից դիրքերը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում են։ Քիչ առաջ Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին՝ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Արցախի ՊՆ հաղորդագրությունում նշված է, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ «Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», ասված է հաղորդագրության վերջում։ Երեկ տեղի ունեցածին արձագանքել են Վաշինգտոնն ու Կրեմլը՝ մտահոգություն հայտնելով կատարվածի առիթով։

Փարուխ գյուղի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ավետիք Չալաբյանը, որը Փարուխում եղել է երկու շաբաթ առաջ։ «Արդեն այդ պահին մեզ համար պարզ էր, որ այս գյուղը, որն Արցախի մնացած տարածքներին կապված է ընդամենը մի գրունտային ճանապարհով, վտանգված է։ Ինչը թերևս ավելի կարևոր է՝ այս գյուղը վերահսկող Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, նրանից վերահսկվում է նաև Աղդամը, Ասկերանը, և հարակից բազմաթիվ բնակավայրեր, սակայն այս բարձունքը ևս որևէ կերպ պաշտպանված չէր։ Արդեն այդ պահից մեր հիմնադրամի թիմը սկսեց գործողություններ ձեռնարկել՝ հրավիրելու արցախյան իշխանությունների ուշադրությունը Փարուխի և Քարագլխի պաշտպանության ամրապնդման անհրաժեշտության վրա, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, և հույս կար, որ վիճակը վերահսկողության տակ կառնվի»,- գրել է նա։ Վերջինս բավականին ուշագրավ ձևակերպում է արել․ «Անցած շաբաթ բանակցելով գազատարի բացման շուրջ՝ թշնամին արդեն պահանջել էր հանձնել այս գյուղը։ Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որ հայկական զինված ուժերը դուրս են բերվում այս գյուղը պաշտպանող դիրքերից, թշնամու զինված ուժերը դուրս են բերվում դրանց հանդիպակաց դիրքերից, փոխարենը այստեղ տեղակայվում են ռուսական խաղաղապահները, և տարածքը «դեմիլիտարիզացվում» է։ Հայկական կողմը, հավատարիմ իր ավանդական «գիքորական» միամտությանը, շտապել էր կատարել պայմանավորվածությունը՝ գազատարը բացելու ակնկալիքով։ Թշնամին իսկապես երկու օրով բացել էր գազատարը, հետո այն փակեց, և մարտի 24-ին, օգտվելով հայկական կողմի բացակայությունից գյուղի պաշտպանության դիրքերից, և ռուսական կողմի կամ անպատրաստվածությունից, կամ էլ գուցե թողտվությունից, մեծ ուժերով (ավելի քան 100 զինվոր) մոտեցավ գյուղին, և առանց մի կրակոցի տիրացավ նրան, ռուսական խաղաղապահներն էլ առավելագույնս կարողացան անվնաս էվակուացնել գյուղում գտնվող փոքրաթիվ հայ բնակչությունը և մի քանի զինծառայողների»։ Վերջինս ահազանգել է, որ մարտի 25-ի առավոտվա տվյալներով վիճակը դեռևս անորոշ է, և թշնամին փորձում է ամրապնդվել գրաված բարձունքում։ «Հավանականությունը մեծ է, որ նրա հետագա քայլերը կբերեն ռազմական բախման»,- հավելել է հասարակական գործիչը։

Ի դեպ՝ անորոշության և անպտուղ բանակցությունների մասին հաստատել է Արցախի ՊՆ-ն իր վերոնշյալ հայտարարությամբ։ ՀՀ Պն-ն չի արձագանքել։ Եղե՞լ է նման պայմանավորվածություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ովքե՞ր են եղել այդ պայմանավորվածության «երաշխավորը»։ Էլի ռուսնե՞րը, թե՞ մերոնք ապավինել են սեփական ուժերին և վերստին հայտնվել անհարմար վիճակում։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ