...

Արցախը պետք է ժամ առաջ ուղիղ բանակցություն սկսի ռուսների և ադրբեջանցիների հետ

Արցախը պետք է ժամ առաջ ուղիղ բանակցություն սկսի ռուսների և ադրբեջանցիների հետ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները։ Այս տեղեկությունը հիմնականում բացասական արձագանքներ ստացավ սոցիալական ցանցերի հայ օգտատերերի կողմից։ Վիտալի Բալասանյանի նախնիներին հիշեցին, իր արածն ու չարածը նորից սկսեցին վերաթարմացնել ու համարյա դավաճան հռչակեցին նրան։ Ինչ խոսք, Վիտալի Բալասանյանը հրեշտակ չէ, և նրա՝ որպես անձի հանրային ընկալումն էլ խիստ հակասական է, բայց այս իրավիճակում գուցե գործից չհասկացողները լռեն։

Փորձագիտական-վերլուծական շրջանակներում կա մեկը, որը փակ հանդիպումներում հետևողականորեն առաջ է մղում այն տեսակետը, որ Արցախը պետք է սկսի ուղիղ բանակցել ռուսների և ադրբեջանցիների հետ։ Այդ մասին օրերս հայտարարեց հրապարակախոս, Արցախի հակամարտության գիտակ Թաթուլ Հակոբյանը, որը չնշեց այդ տեսակետի հեղինակի անունը։ Եվ չնայած դրան՝ նա ինքն էլ պնդեց, որ այդ իրավիճակում հնարավոր ելք կարելի է այդ մոտեցումը դիտարկել։ Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ ադրբեջանցիների հետ հանրային վայրերում երևալու փաստին, Հակոբյանի արձանագրումը մեջբերում ենք առանց խմբագրման։ 

«Ես ձեզ ավելին ասեմ՝ սա ոչ թե դատապարտելի է․․․Հայաստանի Հանրապետությունն այսօր չի կարողանում նրան՝ Արցախին օգնել, նրա անվտանգության երաշխավորը լինել և ժամ առաջ պետք է փորձել բանակցությունների մեջ մտնել մի կողմից ռուսների հետ, մյուս կողմից՝ ադրբեջանցիների հետ։ Հիմա մեկը լիներ, Հայաստանին օգներ։ Եվ այս պայմաններում Արցախի իշխանությունները պետք է ունենան քաջություն։ Իհարկե, ես հասկանում եմ, որ նման քայլի դեպքում նրանց պիտակավորելու են, նրանց քննադատելու են, բայց պետք է դրսևորել պետական մտածողություն՝ պետք է գնալ ուղիղ բանակցությունների մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Բաքվի հետ։ ...Չպետք է վախենալ։ Եվ այս իրավիճակում Արցախն արդեն մեկ անգամ հայտնվել է 1991թ․, երբ Խորհրդային Միությունը իրականացրեց իր՝ հավանաբար վերջին պատժիչ «Կոլցո» գործողությունը։ Եվ երբ թևաթափ էին, հուսախաբված էին, Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ 1991թ․ հուլիսի 20-ին Ստեփանակերտի օդանավակայանից ուղիղ թռիչք իրականացվեց, և 6 հոգանոց պատվիրակություն մեկնեց Բաքու, բանակցությունների մեջ մտավ Մութալիբովի հետ, և այնտեղից մեկնեց Մոսկվա։ Պատվիրակության անդամներից մեկը՝ Վալերի Գրիգորյանը, երբ վերադարձավ Արցախ՝ Ստեփանակերտ, նա գնդակահարվեց Ազատամարտիկների այսօրվա պողոտայում օրը ցերեկով։ Նրան մեղադրեցին դավաճանության մեջ, բայց այդ մարդիկ դավաճաններ չէին, ստեղծված այդ ծանր իրավիճակում նրանք փորձում էին Արցախը փրկել։ Նրանք չկարողացան Արցախը փրկել, բայց տեղի ունեցավ մի իրադարձություն, որը երկնքից թափված մանանա էր մեզ համար։ Տեղի ունեցավ հայտնի Պուտչը, Խորհրդային Միության փլուզումը, իշխանության եկավ Ելցինը, որի հետ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցավ փայլուն հարաբերություններ, իսկ Մութալիբովը համագործակցում էր Գորբաչովի հետ, և նրանք միասին էին իրականացնում «Կոլցո» պատժիչ գործողությունը։ Հիմա չգիտեմ՝ մի էդպիսի մանանա երկնքից ընկնելո՞ւ է, թե՞ ոչ։ Դրա համար պետք է ոչ թե ոտ ու ձեռ ընկնել, այլ ռեալ քաղաքականություն իրականացնել՝ ուղիղ խոսել մի կողմից ռուսների հետ և ռուսների օգնությամբ՝ Ադրբեջանի հետ։ Սա է ճանապարհը։ Իսկ Հայաստանի Հանրապետության վրա այսօր հույս դնելը որևէ տեղ չի տանելու․ ՀՀ վրա հույս պիտի դնել այն ժամանակ, երբ Հայաստանը կարողանա կրկին վերադառնալ և ստանձնել Արցախի անվտանգության և պաշտպանության այն գործառույթը, որը իրականացրել է 1991թ․ պատերազմից մինչև 2020 թվականի պատերազմը։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այսօր չի կարողանում անգամ իր սահմանները պաշտպանել, չի կարողանում դուրս շպրտել ադրբեջանական զինված խմբավորումներին, որոնք 50 տեղերում ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք»։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ