...

Վազգեն 1-ինի հոտն ու Գարեգին Բ-ի կլանը

Վազգեն 1-ինի հոտն ու Գարեգին Բ-ի կլանը

Կաթողիկոս Գարեգին Բ-ի (ավազանի անունը՝ Կտրիճ Ներսիսյան) խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, հայ հասարակությանը ալեկոծելու հերթական առիթը հանդիսացավ: Արդեն բազմաթիվ արձագանքներ են եղել Կաթողիկոսի այս արարքի առթիվ, այդ թվում՝ վարչապետի մակարդակով, որը շատ դիպուկ ու տեղին հիշեցրել էր, թե ինչպես է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի անձնական երաշխավորությամբ Մարտի 1-ի գործով անցնող, գործարար, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանը կալանքից ազատ արձակվել, իսկ հետո փախել: Ընդ որում, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը 15 մլն դրամ գրավ էր վճարել: Առ այսօր այս խայտառակ փաստին Մայր Աթոռը որևէ կերպ չի արձագանքել, ու իբր դա մարսել է, հիմա նոր միջնորդությամբ է հանդես գալիս, ինչը ցինիզմի դրսևորում կարելի է որակել:

Բայց մենք ցանկանում ենք անդրադառնալ մեկ այլ խնդրի. հիմա հանկարծ Կաթողիկոսի պաշտպաններ հայտնվեցին, որոնք հետևյալ կերպ են բացատրում իրենց տեսակետը. դե գիտե՞ք ինչ, Գարեգին Բ-ն Հայոց Կաթողիկոսն է, մեր հոգևոր առաջնորդն է, նա Աստծո օծյալն է, և նրա խոսքը մեկնաբանության ենթակա չէ: Նա իրավունք ունի բոլոր հարցերի վերաբերյալ տեսակետ հայտնել, ու ոչ մի մահկանացու իրավունք չունի նրան քննադատել դրա համար:

Սա դարն ապրած տեսակետ է: Այսինքն՝ սա միջնադարյան մոտեցում է: Միջնադարում ընդունված էր Հռոմի Պապի անսխալականության դոգման: Նա համարվում էր Աստծո առաքյալը երկրագնդի վրա, և նրա բոլոր քայլերը կատարվում են Աստծո օրհնությամբ: Ու այդպես, իրար ետևից, Հռոմի պապերը՝ հղում անելով իրենց անսխալականության վրա, ստեղծեցին բռնապետական համակարգը, ինկվիզիցիան, մահապատժի էին ենթարկում բոլոր այլախոհներին, իրենք էին որոշում, թե գիտական հաստատություններում ինչ առարկաներ պետք է լինեն, որոնք՝ չլինեն, գրաքննություն էին մտցրել, ու որ մի բան էլ ասում էին, հիմնավորումը միշտ մեկն էր՝ Հռոմի Պապը Աստծո ներկայացուցիչն է երկրում, եթե Աստված անսխալ է, ուրեմն՝ անսխալ է նաև նրա ներկայացուցիչը: Բանը հասավ նրան, որ Հռոմի պապերը սկսեցին ինդուլգենցիաների բիզնեսով զբաղվել: Այսինքն, մեղք գործած մարդը ինդուլգենցիա ստանալու համար վճարում էր, նրան տեղեկանք էին տալիս, որ իր մեղքերը ներված են: 

Այնքան շահավետ բիզնես էր, որ սկսեցին ապառիկով ինդուլգենցիա վաճառել. այսինքն, մարդու որոշակի գումարի դիմաց ինդուլգենցիա էին տալիս, մեր լեզվով՝ տեղեկանք, որ՝ օրինակ, առաջիկա մեկ ամսում այդ մարդը ինչ մեղքեր էլ գործի, դրանք ներված են: 

Ի վերջո, գերմանացի աստվածաբան ու հոգևորական Մարտին Լյութերի նյարդերը չդիմացան, ասաց, հերիք եղավ, բոլ եղավ, Հռոմի Պապը սխալ է, այդպես չի կարելի: Ու այդտեղից սկսվեց կաթոլիկ եկեղեցու պառակտումը, բողոքականությունը դարձավ քրիստոնեության երրորդ հոսանքը և այլն: Այսինքն՝ պառակտման առիթ դարձավ, թե Հռոմի պապը կարո՞ղ է սխալ լինել, թե՞ ոչ: Հետագայում Հռոմի բազմաթիվ պապեր, հատկապես՝ 20-րդ դարում, ներողություն են խնդրել եկեղեցու գործած բազմաթիվ մեղքերի համար: 

Հիմա մեր այս Կաթողիկոսը չի հասկանում, որ նման քայլով Հայ Առաքելական եկեղեցին կարող է պառակտման եզրին հասցնել. բազմաթիվ հավատացյալներ, աստվածապաշտներ, իրապես բարեպաշտ ու օրինապաշտ մարդիկ իրենց հարց են տալիս. ինչպե՞ս կարող է նման դեմագոգ, կեղծավոր, հեղինակազուրկ մարդը իրենց հոգևոր առաջնորդը լինել: Ինչո՞ւ կեղծավոր. որովհետև 1999թ. հոկտեմբերի 27-ից ի վեր երբևիցե որևէ քաղբանտարկյալի համար նման միջնորդությամբ հանդես չի եկել: Այսինքն՝ հետևողականությամբ աչքի չի ընկել: Թող ինքը բացատրի, թե ոչ մի մեղք չգործած Սմբատ Այվազյանը, իրական հերոսը ինչո՞ւ չի արժանացել նման միջնորդության, իսկ ահա մարտի 1-ին ժողովրդի դեմ կրակած, ԺԵԿ-ի տեղեկանքով հերոս ճանաչված մարդը արժանացել է: 

Հեղինակազուրկ. դե, այստեղ չգիտենք էլ, որ մեկը ասենք. այդ անձնավորությունը Եկեղեցուն որպես բիզնես է վերաբերվում, եղբոր հետ հոգևորականին ոչ հարիր քայլեր է ձեռնարկել այլ հոգևորականների դեմ, էլ չենք ասում, որ ո՛չ 2008թ. մարտի 1-ին, ո՛չ 2004թ. ապրիլի 12-ին ծպտունը դուրս չի եկել: Երբ առաջին պլանում պետք է լիներ, քանի որ ջարդում ու սպանում էին իր հոտին: 

Ու հիմա՝ ինքը, ամբողջությամբ հեղինակազուրկ լինելով, հեղինակազրկում է նաև Մայր Աթոռը, ինչը հղի է ծանր հետևանքներով: Հասկանում ենք, որ Գարեգին Բ-ն հազար ու մի թելով կապված է Քոչարյանի հետ, բայց եթե այդքան մտահոգված է վերջինիս ազատությամբ, ապա հազարապատիկ ավելի մտահոգված պետք է լիներ իր հոտի ազատությամբ, որը 20 տարի բռնաբարվել է: 

Եթե Կտրիճ Ներսիսյանը շարունակի այսպես գործել, ապա հոտը իրավունք ունի կասկածի տակ դնել նրա հետագա «պաշտոնավարումը»: Թեպետ, ինչո՞ւ ենք չակերտների մեջ դնում, հենց այդպես՝ պաշտոնավարումը: Այդ Վազգեն 1-ինն էր, որը հիրավի հոգևոր առաջնորդ էր:

Մենք հիմա մի կողմ թողնենք Կտրիճ Ներսիսյանին և հիշեցնենք, որ Վազգեն Ա-ի օրոք Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն ուշքի եկավ Օսմանյան և բոլշևիկյան կայսրությունների հարվածներից, այլև՝ վերականգնեց Մայր Աթոռի բնականոն գործունեությունը ԽՍՀՄ-ի օրոք, կարողացավ խորհրդային համակարգին զուգահեռ սկիզբ դնել եկեղացաշինության նոր փուլին, Եկեղեցու հեղինակությունը բարձրացնել այնքան, որ նրա հետ հաշվի նստեր խորհրդային աթեիստ պարտնոմենկլատուրան: Նա իսկապես Աստծո օծյալն էր, աստվածային մարդ, որի մեկ խոսքն իսկ ակնածանք էր առաջացնում կրոնից կիլոմետրերով հեռու քաղքենիների մոտ, նա հավատքի սերմեր էր ցանում Խորհրդային Հայաստանում, որի պտուղները պետք է քաղեինք անկախ Հայաստանում: 

Այս Հայաստանի ծնունդը Վազգեն 1-ինն է օրհնել, պատգամել, որ սրբորեն պահպանենք այդ Հայաստանը մեր սրտում և հոգում, և մենք իրավունք չունենք այդ պատգամը անտեսել: Իսկ այդ պատգամը կենսագործելու համար մենք չպետք է հանդուրժենք կեղծիքը, դեմագոգիան և իհարկե՝ մեղքը:

Ավարտում ենք թեման Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի մի խոսքով, որը նա ասել էր դեռևս 1979 թվականին. 
«Մենք բոլորս քրիստոնյաներ ենք: Դուք ալ քրիստոնյաներ եք, չէ՞. Հայաստանյայց Եկեղեցվո զավակներ եք և գիտեք, թե ինչ կնաշանակե քրիստոնյա ըլլալ:

Քրիստոնյա ըլլալ կնշանակե այս աշխարհի վրա ապրիլ Քրիստոսի անունով, Քրիստոսի պաշտամունքով, Քրիստոսի հանդեպ սիրով: Քրիստոնյա ըլլալ կնշանակե Քրիստոսի պատվիրանները հարգել և գործադրել մեր կյանքին մեջ, մեր առօրյա կյանքին մեջ: Միայն խոսքով չէ, որ քրիստոնյա պիտի ըլլանք, այլ մեր կենդանի գործերով»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ