...

Վազգեն Մանուկյանն ուզում է նվաճել

Վազգեն Մանուկյանն ուզում է նվաճել

«ՉԻ», 25 հոկտեմբերի, 2002թ.

Պրոֆիլակտիկ

Անկեղծ ասած, բնավ չենք ուզում զբաղվել մումիաների վերակենդանացմամբ: Անշնորհակալ գործ է: Բայց երբ հանկարծ տեղից վեր են կենում ու խոսում, անարձագանք թողնել չենք կարող՝ պրոֆիլակտիկ նպատակներով:

Անկախ Հայաստանի հավերժ պրեզիդենտացու Վազգեն Մանուկյանը որոշել է նվաճել միասնական թեկնածուի տիտղոսը: Ընդ որում, այս նպատակին նա որոշել է հասնել առանց ինտրիգների: Ինչպե՞ս՝ նա դեռ չի ասում: Երևի նոր հնար-ինտրիգ է մոգոնել, որը բոլորովին էլ ինտրիգ չէ, այլ, ասենք, բլեֆ...

Թողնենք բառախաղը և հիանանք նախկին մաթեմատիկոսի կուռ տրամաբանությամբ:

Պ-ն Մանուկյանի վերջին հարցազրույցը («Առավոտ», 19.10.2002թ.) սկսվում է արտաքին քաղաքականության խնդիրների քննարկումից: Նա, ինչպես միշտ, խուսանավում է, մանևրում, շատ խելոք ձևանում և հետո խոստովանում. «Չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության շուրջ իմաստ ունի մեծ բանավեճ իշխանության և ընդդիմության միջև: Կան հարցեր, որոնք միասնական են, անկախ նրանից՝ դու իշխանություն ես, թե ընդդիմություն»: Ուրեմն Վ. Մանուկյանը իշխանությունների այսօրվա ապաշնորհությունն արտաքին քաղաքական ոլորտում գրեթե ողջունում է: Միայն առաջարկում է մի քիչ նորացված կազմով «ռեգիոնալ» համագործակցություն: «Չպետք է մոռանանք,- ասում է նա,- որ մենք Արևելքի մի շատ կարևոր մասն ենք, և մեզ համար շատ կարևոր կլինի, որ Ռուսաստանը կամ Ռուսաստանի կովկասյան նահանգները, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, մենք, Իրանը, գուցե արաբական երկրներից Իսրայելը (?), միասնական մի բլոկ կազմենք, որը ապահովի մեր տնտեսական զարգացումը, կոմունիկացիաները, քաղաքական և պաշտպանության հարցերը: Այսպիսի մեծ շրջանակի մեջ հնարավոր կլինի լուծել նաև Ղարաբաղի, Աբխազիայի, Ջավախքի և մնացած մյուս հարցերը, ինչպես դա արվեց Եվրոպայում 2-րդ համաշխարհային պատերազմից հետո»: Ոչ ավել, ոչ պակաս: Մոսկվայի թեթև ձեռքը վրան բոլորը բլոկ են կազմում ու հարցեր լուծում: Եվ պարզվում է մենք էլ արդեն, բացի Ղարաբաղից, Ջավախքի հարց էլ ունենք: Ջավախքը Ղարաբաղի ու Աբխազիայի վիճակում է: Ըստ Վ. Մանուկյանի՝ իհարկե, որն, անշուշտ, շատ է շտապում: Սպասենք, էլի, մի քիչ: Ձեր 96-ի դաշնակիցները դեռ այնտեղ երրորդ ճակատ չեն սարքել, դեռ ճանապարհին են, ռուսները դեռ «դոբրո»-ն չեն տվել: Այ, Քոչարյանը նորից կընտրվի, ու կսկսվի, Ջավախքի հարց էլ կունենանք ու կապացուցենք մեր համաշխարհային լինելը:

Եվ այնուամենայնիվ, ինչն է ստիպում պ-ն պրեզիդենտացուին հայտնվել ընդդիմության ճամբարում, եթե նա Քոչարյանի հետ գրեթե տարաձայնություններ չունի: Միայն մի բան. իշխանության գալու հիվանդագին գաղափարը: Չնայած պետք է նկատել, որ գաղափարի իրականացման համար այս անգամ նա իրեն շատ չի կոտորում: Վախենում է Քոչարյանից, այդքան չի ատում, ինչքան ատում է Տեր-Պետրոսյանին, վարկաբեկվե՞լ է, թե՞ ժամանակն է այդպիսին: Ժամանակն, իհարկե, շատ բան է փոխում: Բայց չես կարող չապշել՝ կարդալով անկախության նախկին ջատագովի արտաքին քաղաքական էքսկուրսը, ուր նա Հայաստանին խղճուկ մի դեր է վերապահում, այն էլ՝ հավերժ Ռուսաստանի հետ:

Դառնանք ներքին քաղաքականությանը: Այստեղ, անշուշտ, խոսվում է միասնական թեկնածուի մասին: Սկզբում պ-ն Մանուկյանն այնքան էլ կարևոր չի համարում այս խնդիրը, սակայն պնդում է, որ ինքը երբեք չի խոսում միասնական թեկնածուի դեմ: «Բայց միշտ շփոթում են 96-ի հետ և ասում են, թե միասնական թեկնածու էր, դրա համար հաղթեց,- ասում է նա ու քիչ անց շարունակում,- շատ է գերագնահատվում ժողովրդի ցանկությունը Լևոն Տեր-Պետրոսյանից ազատվելու: Այդպես չէր լինի, եթե դիմացը չլիներ այլընտրանքը, որպես կերպար, որպես ծրագիր, նաև՝ հետևը կանգնած ուժ: Այդ ուժը ձևավորվեց, երբ ես դարձա միասնական թեկնածու»: Չի հաշտվում իր երկրորդական դերի հետ, չի ուզում ընդունել, որ ձայներ էր հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվին: Այո՛, 1996-ին Վ. Մանուկյանը միասնական թեկնածու դարձավ հակալևոնական ալիքի վրա, քվեներ ստացավ ոչ թե հանուն, այլ ընդդեմ, և, իհարկե, սա ոչ թե հաղթանակ չէր. սա յուրօրինակ պարտություն էր: Որովհետև իրականում թեկնածուն միակն էր՝ ՀՀ առաջին նախագահը, և ընտրողներն արտահայտում էին իրենց զգացմունքները նրա՛ նկատմամբ:

Այսօր էլ նա՝ հավերժ պրեզիդենտացուն, չի գերագնահատում միասնական թեկնածուին՝ որպես վերացական հասկացություն, բայց գերագնահատում է միայն իր՝ ռեալ աղարտված կերպարը: Այդպես էլ ասում է: Այդպես էլ պատասխանում է լրագրողի սադրիչ հարցին. «Իսկ եթե դո՞ւք լինեք»: «Նշանակություն ունի,- արձանագրում է նա,- բայց միասնական թեկնածուն նշանակում է բոլոր թեկնածուներից մեկի ընտրություն: Պետք է նվաճել մեկի ընտրությունը»: Տեսա՞ք «մաթեմատիկական տրամաբանության» արտակարգ դրսևորումը: Միասնական թեկնածուն կարևոր չէ, եթե ինքը չէ: Այսպիսին է պ-ն Մանուկյանը: Ինտրիգներ պետք չեն, եթե ինքը չէ դրանց հեղինակը: 96-ն էլ միայն իրենով է նշանավորվում: Վերջին մտքի հետ չենք կարող չհամաձայնվել: 96-ին իսկապես ինքը «կերպար» էր, 1999թ. հոկտեմբերի 27-ը նախապատրաստող «կերպար»:

Զուր չէ, որ խիստ «ինտելեկտուալ» այս գործիչը 3 տարում 3 բառ չգտավ հրեշավոր ահաբեկչությունը գնահատելու համար: Եվ ինչպե՞ս կարող էր այդ անել, եթե նույն 96-ին դաշնակցել էր ՀՅԴ-ի հետ, փաստորեն կիսում էր 100-ամյա կուսակցության գործելակերպը, լիաթոք ճղճղում էր «Դրոյի» գործի մասին՝ արդարացնելով նրանց, քրեական հանցագործներին ներկայացնելով որպես քաղաքական տեսակետների համար հետապնդվողներ, լռելով նրանց ահաբեկչական հրեշավոր ծրագրերի մասին: Ընթերցողին հիշեցնենք նաև, որ աղարտված այս կերպարի ձեռագիրն ապացուցում է ահաբեկչության նախապատրաստումն իր կողմից (այս թեմային մեր թերթը վաղուց է անդրադարձել):

Ուրեմն կրկնենք՝ մումիաներին վերակենդանացնել բնավ չենք ուզում: Սակայն «կերպար և ծրագիր» Վ. Մանուկյանին ուղղում ենք 3 հարց՝ հաստատ իմանալով, որ չի պատասխանելու:

1. Ո՞րն է անպայման նախագահ դառնալու Ձեր նպատակը, եթե ներկա իշխանության հետ գրեթե տարաձայնություններ չունեք:

2. Ղարաբաղյան հիմնախնդրի ի՞նչ լուծում ունեք, բացի տարածաշրջանային համագործակցության մասին տափակ ճամարտակություններից:

3. Ահաբեկչության դերը Ձեր կյանքում: Ինչո՞ւ չկարողացաք 3 տարում դատապարտել հոկտեմբերի 27-ը, ինչո՞ւ 1999-ին՝ հոկտեմբերի 28-ին, չէիք կարողանում թաքցնել Ձեր, մեղմ ասած, հրճվանքը: Ո՞րն է Ձեր դերը հոկտեմբերի 27-ի կազմակերպման գործում:

Մ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ