...

Պեսիմիստական

Պեսիմիստական

Խոր վշտով հայտնում ենք, որ երկարատև ծանր պառակտումից հետո, կյանքի տասներորդ տարում մեզանից հեռացավ վերին աստիճանի ազգային և միանգամայն ժողովրդավարական մի կուսակցություն՝ ԱԺՄ-ն: 

Դաժան պառակտումը մեր շարքերից խլեց ցանկապատերի դեմ պայքարի ելած աննկուն մարտիկին, համաշխարհային ազգի անխոնջ առաջնորդին ու ժողովրդի արյունն ու մազութը ծծողների վսեմ գերեզմանափորին:

Բայց բարոյակա՞ն կուսակցություն էր արդյոք պառակտյալը: Ծնվելով ՀՀՇ-ից, այս կուսակցությունն արեց ամեն ինչ, որպեսզի ապրի հասարակության հաշվին: Ավելի ճիշտ՝ իշխանությունների նկատմամբ հասարակության ատելության հաշվին: Բայց հասարակությունը չէր ուզում, որ ԱԺՄ-ն ապրի իր հաշվին, և կուսակցության փխրուն ուսերը չդիմացան:

Ամենակուլ պառակտման առաջին սիմպտոմները զգացվեցին արդեն 1996թ. սեպտեմբերի 25-ին, երբ կուսակցության խիզախ առաջնորդը մտավ ԱԺ և ժողովրդին կոչ արեց 15 րոպեից հետևել իրեն: 15 րոպե անց ժողովուրդը մտավ ԱԺ՝ հուսալով իր առաջնորդին տեսնել խոշտանգված կամ գոնե ձերբակալված: Ավաղ, պանծալի առաջնորդը ԱԺ սենյակներից մեկում հանգիստ սուրճ էր խմում: Հուսահատված ամբոխը սկսեց ծեծել ում պատահի («ում պատահիի» գործընթացը ղեկավարում էր Արշակ Սադոյանը): Սեպտեմբերի 26-ի պրոֆիլակտիկան չօգնեց. պառակտումն արդեն շատ էր խորացել: 

1998-ին ի հայտ եկան նոր ախտանիշներ՝ անձի երկվություն, հիշողության կորուստ և այլն: Այսպես, ԱԺՄ-ն նախ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չէ, իսկ հետո մաս կազմեց նրա հաստատած կառավարությանը: Անձի երկվությունն առավել սուր արտահայտվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ Վազգեն Մանուկյանը նախ պահանջեց նախագահի, իսկ մի քանի օր անց՝ վարչապետի հրաժարականը: Այս ամենին վերջին շրջանում գումարվեց նաև մարսողության խանգարումը, կուսակցության ստամոքսն առատ սնունդ էր ընդունում, բայց դրանից մարմնի մյուս անդամները բաժին չէին ստանում: 

Ի վերջո, 2001թ. փետրվարի 4-ին պառակտյալի հոգին լուծարվեց: 

Ոչ, ոչ, արցունքներ պետք չէն: Զուր չի կորչելու Վազգեն Մանուկյանի բոցաշունչ ճառերի ոչ մի ստորակետ, Դավիթ Վարդանյանի առանձնատան ոչ մի քյարփինջ: Նոր Սեյրաններ կգան, որպեսզի պահանջեն սպառողական զամբյուղները, նոր Արշակներ կգան՝ հայտնաբերելու լափած մազութի նորանոր խմբաքանակներ: Որովհետև գործն (պաշտոնն) է անմահ, լավ իմացեք:

Մնաս բարով, պառակտված բարեկամ: Քո հիշատակը միշտ վառ կմնա քեզ չճանաչողների սրտերում: 

Հ.Գ. Քաղաքական հոգեդարձը հետաձգվում է՝ քվորումի բացակայության պատճառով: 

«ՉԻ», No 148, փետրվարի 9, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   23193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ