Լրագրող, վերլուծաբան Զոհրապ Եգանյանը գրել է. «Նայում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչող հասարակական որոշակի շրջանակների հնչեցրած կարծիքին ու համոզվում, որ չի կարող հրապարակայնորեն ճշմարտությունն ասողի վարկանիշը բարձր լինել, բարձր է լինում խաբեբայի, կամ` առնվազն ճշմարտությունը, իրողությունը թաքցնողի վարկանիշը:
Հ.Գ. Մարդը պատերազմ հաղթեց, հետո ասաց, թե ինչ է սպասվում մեզ ու եղավ 99% ճշգրտությամբ: Հիմա ասում են ծախված ու դավաճան: Իսկապես խենթանոց է, եթե մեր հաղթող առաջնորդը դավաճան է, ապա եկեք «դավաճանի» բերենք իշխանության»:
«ՉԻ». Հենց երեկ էինք գրել «խավարասերի էֆեկտի» մասին: Այսինքն՝ երբ Տեր-Պետրոսյանն ինչ-որ բան է գրում, կամ նրա մասին են գրում, միանգամից խավարասերի պես ծակուծուկերից դուրս են գալիս ու վրա են տալիս Զոհրապին:
Հատկապես ուժեղ հոգեխանգարմունքի մեջ էր ընկել հայտնի սկաուտ-դաշնակ Բագրատ Եսայանը: Գրել է. «Հողատվության գաղափարախոսի մասին ես գրում, հարգելիս։ Ու իր «պայծառատեսությունն» իրականացրեց իր գաղափարական հետևորդը, քանի դեռ «չզիջողներն» էին իշխանության, էս տականքը մի անկյուն էր քաշվել։ Այսքան պարզունակ «վերլուծություն» չէի սպասում»:
Բագրատ Եսայանը երևի մոռացել է, որ ինքը 1920 թվականի կապիտուլյացիան ստորագրողների գաղափարական հետևորդն է: Իսկ 1920 թվին մենք ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 2020 թվին:
Ավելին, եթե փաստերով ու տրամաբանությամբ խոսենք, ապա Նիկոլ Փաշինյանը հենց դաշնակների գաղափարական հետևորդն է, քանի որ հենց դաշնակների գաղափարախոսությամբ է առաջնորդվել: Դաշնակները հայտարարել են՝ «ոչ մի թիզ», ու ահագին տարածքներ են հանձնել, Փաշինյանն ասել է՝ ոչ մի թիզ, էլի ահագին տարածքներ է հանձնել: Իսկ Տեր-Պետրոսյանը չի ասել՝ «ոչ մի թիզ», բայց տարածքներ է գրավել: Հիմա ո՞վ է ում գաղափարական հետևորդը:
Ընդհանրապես, այս թեմայի ամենալավ ու դիպուկ պատասխանը տվել է Իշխան Սաղաթելյանը: Երբ նրան 2020թ. պատերազմից հետո հարցրին, թե դուք կընդունեի՞ք Լավրովի պլանը, ասաց՝ ոչ մի դեպքում: Պրծավ, գնաց:
Այսինքն՝ հայտարարել է, որ կաներ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է արել: