...

«Ատելության խոսքը» և անմեղության կանխավարկածը

«Ատելության խոսքը» և անմեղության կանխավարկածը

«Ատելության խոսքը» կամ «ատելության քարոզը» մեր իրականության մեջ ունի սեփական առանձնահատկությունները: Գործուն միջոց է էթնոֆոլիզմի գործածությունը: Այսպես, քաղաքական հակառակորդին կամ պարզապես հակառակորդին մենք հաճախ թուրք ենք անվանում: Ի՞նչ իմաստ ենք արտահայտում սրանով: Եթե բոշա  էթնոֆոլիզմը համեմատաբար «անմեղ» հարանշանակություն ունի (մուրացկան, պնդերես, նաև փնթի), ապա թուրք-ի հետ այլ հատկանիշներ են զուգորդվում՝ վայրագություն, տգիտություն, խավարամոլություն: Ասենք ավելին՝ բառի գործածությունը խիստ վիրավորական է խոսակցի համար նաև այն պատճառով, որ ենթադրում է գործողությունների համախումբ՝ ջարդարարություն, թալան, ավեր: Ուստի այն մեղադրանքի միջոց էլ կարող է դառնալ: Այսինքն՝ թուրք բառով պիտակավորելն անմեղության կանխավարկածի խախտում է, որ մեզ համար սովորական է դարձել:

Եվ եթե «ատելության քարոզի» բառային այս միջոցը հին պատմություն ունի և այժմ կարծես նորաձև չէ, ապա սեռական փոքրամասնության պատկանելություն նշող գեյ օտարահունչ բառի գործածությունը ողողել է մեր քաղաքական խոսույթը: Ներկայացնենք մի վերնագիր. «Պետական համակարգի կեսը կա′մ գեյ է, կա′մ գեյլոյալ»: Ինչպես արդեն կռահեցիք, աներկբա մեղադրանքը ներկայացված է Հայաստանի գործող իշխանությանը: Իշխանության ներկայացուցիչներն այսպիսի արտահայտությունների համար չեն կարող պատիվ պահանջել, որովհետև շատ լավ հասկանում են՝ տակից դուրս չեն գա: 

Իշխանությունը, սակայն, նույնպես չի դիմանում անմեղության կանխավարկածը խախտելու գայթակղությանը: Ճիշտ է, բառամթերքը մի քիչ ուրիշ է, բայց…  Ցանկացած բողոքի դեպքում (կապ չունի՝ արդարացի թե անարդար) մեր իշխանավորները հիշում են հակահեղափոխության, մանիպուլյացիայի և կոռուպցիայի մասին: Այսպես, թե′ ԿԳՄՍ նախարարը, թե′ վարչապետը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծից հայոց լեզվի, գրականության և հայ ժողովրդի պատմության պարտադիր ուսուցման կետը հանելու դեմ արտահայտվողներին անմիջապես ներկայացրին կոռուպցիայի մեղադրանք, այսինքն՝ բուհերում այդ առարկաները դասավանդող բոլոր մասնագետներին անվանեցին կոռուպցիոներ:

Ի՞նչ է սա, եթե ոչ անմեղության կանխավարկածի խախտում ամենաբարձր մակարդակով:

Մեկ այլ օրինակ. թեև հեղեփոխության օրերին անդադար շեշտվում էին սերը, համերաշխությունը և թավիշը, հեղափոխության՝ վարչապետ դարձած առաջնորդը ընդդիմախոսին կարող է մեղադրել հակահեղափոխական, նախկինների ներկայացուցիչ լինելու համար և մեղադրանքն ուղեկցել, ասենք, ասֆալտին փռելու սպառնալիքով:

Իհարկե, չփաստարկված, անհիմն մեղադրանքների ծավալով նախկիններին հաղթելը շատ դժվար գործ է, սակայն, կարծում ենք, պետք է դուրս գալ հեղափոխականության վիճակից և բարձրացնել քաղաքական խոսույթի մակարդակը: 

Մ. Կիրակոսյան

Հ. Գ. Հաջորդ անգամ կներկայացնենք 90- ականների «ատելության քարոզը», որն իր բնույթով «դասական է», և որի հետևանքների զոհն ենք մինչ օրս:

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1470 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ