...

0+0+0+0+0…

0+0+0+0+0…

ՏԻՄ ընտրություններն առիթ դարձան, որ մեր մամուլն ու վերլուծաբաններն անդրադառնան իշխող ուժին՝ ՔՊ-ին: Բազմաթիվ հարցազրույցներում, հոդվածներում էր հնչում հետևյալ միտքը՝ ՔՊ-ն ոչինչ է, զրո է՝ առանց Նիկոլ Փաշինյանի: Ըստ այս կարծիքի՝ վարչապետն ինքնուրույն միավոր է, զրո չէ: Արդյոք այդպե՞ս է, թե՞ ինքն էլ է մի սովորական զրո: Խոսենք փաստերով:  

Լրագրողական գործունեությունը Նիկոլ Փաշինյանի համար պատեհ առիթներ է ստեղծել սեփական գաղափարներ, համոզմունքներ ունեցող կարևոր անհատների՝ Տիգրան Հայրապետյանի, Աշոտ Բլեյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի շրջապատում հայտնվելու համար: Այսպիսի ընկերակցությունը նրան նույնպես դարձնում էր կարևոր. չէ՞ որ զրոների կողքին զրոն միավոր չի դառնում, իսկ միավորի կողքին կանգնելով՝ ինքն իրեն անգամ տասնավոր կարող է համարել: Երիտասարդ խմբագիրը կարողանում է կապեր հաստատել նաև մյուս՝ իշխանական ճամբարի հետ: Օր.՝ Միքայել Մինասյանը պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանին փող է տվել: Պնդումը մինչ օրս չի հերքվել…

Սույն անձին, սակայն, չէր բավարարում լրագրողական գործունեությունը, անգամ բավականին հայտնի թերթի խմբագիր լինելը, և նա որոշեց քաղաքական դեմք դառնալ: 2008-ին Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ՀՀ առաջին նախագահի շրջապատում: Սեփական գաղափարներ, իհարկե, չուներ, բայց կարողանում էր կրկնել առաջնորդի ասածները՝ դրանք ավելի պարզունակ դարձնելով:

Նպատակին հասավ: Ստացվեց: Հայ ազգային կոնգրեսն օգտագործեց որպես ցատկահարթակ և 2012թ. հայտնվեց ՀՀ ԱԺ-ում: Արդեն պատգամավոր էր: 

Ն. Փաշինյանն այս անգամ էլ արագ կողմնորոշվեց, «թռավ» թիմից, որովհետև կա՛մ ինքը գլխի ընկավ, կա՛մ գլխի գցեցին, որ Հայ ազգային կոնգրեսի հետ հույս կապելն անիմաստ է: Ինչո՞ւ: Քանի որ սա հայաստանյան միակ քաղաքական ուժն է, որն ունեցել է և ունի իրական գաղափարներ և երկրի ճակատագիրը սեփական ստամոքսից, կուսակցական մանր շահից վեր է դասում: Իսկ ամենակարևորն այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակությանը չի խաբել, չի խաբում և չի խաբելու, հեքիաթներ չի պատմելու: Նիկոլ Փաշինյանը՝ որպես ճարպիկ երիտասարդ, վաղուց էր հասկացել, որ մեր ընտրողն ավելի շուտ կըմբռնի դըմփ-դըմփ հու-ն, Արցախը Հայաստան է, և վերջ դատարկաբանությունը, քան կփորձի հասկանալ, թե իրականում ինչ է պետք պետությանը: 

2013 թվականին շուրջը հավաքեց իր նմաններին՝ զրոներին, և ստեղծեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

2015թ. դեկտեմբերին նա խաղաց Սերժ Սարգսյանին ձեռնտու խաղը, այսինքն՝ հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելը կեղծ օրակարգ է: 2017-ին նրա թիմը ԵԼՔ դաշինքով դարձյալ հայտնվեց խորհրդարանում, մի խոսքով՝ պարգևատրվեց: 

Այս անգամ էլ նա հագավ հակառուսական քղամիդը, ինչը ձեռնտու էր թե՛ այն ժամանակվա իշխանությանը, թե՛ իրեն, որովհետև կարիերայի առաջընթացն ապահովելու համար պետք էր դուր գալ եվրոպացիներին, որոնց ոչ վաղ անցյալում հենց ինքն էր հորջորջում եվրոյոնջա: Ինչպես տեսնում եք, որևէ նոր, սեփական գաղափար այս անձը չուներ մինչև 2018 թվականը:

2018-ին էլ չուներ: «Թավշյա հեղափոխության» հանրահավաքների ժամանակ չի ասվել որևէ արժեքավոր խոսք, սակայն ապահովվել է հավաքվածների «դուխը»՝ իշխանություններին փոխելու, պատժելու, թալանը վերադարձնելու ամպագոռգոռ խոստումներով, ԵՊՀ և Հանրային ռադիոյի շենքերը գրավելով: Սկզբունքը մեկն էր. ինչքան բարձր աղմկեին, այնքան շատ մարդ կհավաքեին: Ստացվեց:  

Համոզված ենք, որ 2018-ի իշխանափոխության գործում իրենց մասնաբաժինն ունեն թե՛ այն ժամանակվա իշխանությունները, թե՛ արտերկրից հեղափոխականներին սատարողները:

2018-ի մայիսից մինչև այսօր նա իշխանության ղեկին է: Ի՞նչ արժեքավոր գործ է արել Հայաստանի համար, ընտրողներին տված ո՞ր խոստումն է կատարել: Թվենք.

1.  Գանձագողերը չեն հայտնաբերվել և չեն պատժվել.
2.  Օլիգարխիան չի վերացել, որոշ անձեր են փոխվել.
3. Կովիդի դեմ պայքարը փաստորեն տապալվել է.
4. Հայաստանն ու Արցախը ծանրագույն պատերազմի մեջ է գցել սեփական ապաշնորհության կամ այլ  պատճառներով.
5. Պատերազմի ժամանակ իրեն հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար և գիտակցաբար հազարավոր երիտասարդների կյանքեր է զոհաբերել.
6. Պատերազմի ամբողջ ընթացքում ստել է երկրի ներսում, իսկ արտերկրում դրսևորել դավաճանական անգործություն.
7. Պատերազմից հետո դարձյալ օգտագործել է նախկինների միֆը և իշխելու քվե ստացել, սակայն ոչինչ չի արել երկրի անվտանգությունն ապահովելու համար:

Եզրակացնենք: Այս մարդը երբեք սեփական գաղափարներ չի ունեցել, ճարպկորեն օգտագործել է ուժեղ անհատների շրջապատում լինելու պատեհությունը: Իշխանության գալուց հետո պետության համար ոչ մի  լավ բան չի արել, հակառակը՝  դարձել է շարունակվող աղետի մոդերատոր: Սակայն իր նպատակներին հասել է. ապահովել է իր, իրեն հավատարիմ զրոների իշխանությունն ու բարեկեցությունը:

Դե որոշե՛ք՝ միավո՞ր է Նիկոլ Փաշինյանն իր ընտրողների և երկրի համար, թե՞ զրո: 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ