...

37-ի երկրպագուն

37-ի երկրպագուն

Ինչո՞ւ ենք դժվարանում ազատվել անցյալի հետապնդումից: Որովհետև զանգվածային քարոզն արել է իր սև գործը, ինչի հետևանքով շատերն են դեռևս մնացել ապակողմնորոշված:

Շարունակելով ներկայացնել «Չորրորդ իշխանություն» թերթի նախկին հրապարակումները, առաջարկում ենք հանրությանն այս օրերին հետաքրքրող բարձրաստիճան այս պաշտոնյային վերագնահատել վերջին 20 տարիների և հետհեղափոխական իրավիճակների համադրության լույսի ներքո:

«ՉԻ», No 456, Մարտի 29, 2005 թ.,

Ներկայացվում է որոշակի կրճատումներով

Հայաստանի անկախացումից հետո առաջին տարիներին Աղվան Հովսեփյանը որևէ կերպ աչքի չէր ընկել և ըստ էության քչերն էին նրան ճանաչում: Շատերը առ այսօր չգիտեն, որ Ա. Հովսեփյանը 1990թ. ընտրվել էր Գերագույն Խորհրդի պատգամավոր` Մալաթիա-Սեբաստիայից, որտեղ ապրում էին նրա ծնողները: Չնայած դրան, նա պատգամավորական գործունեությամբ բացարձակապես չէր զբաղվել, և նույնիսկ խորհրդարանում քչերն էին իմանում, որ նման պատգամավոր կա: 

Առաջին անգամ նրան հիշեցին այն ժամանակ, երբ 1995թ. սահմանադրության նախագծի քննարկումներ էին ընթանում: Քանի որ նախագծի տարբեր դրույթների համար քվեարկության աջակցության կարիք էր զգացվում, խորհրդարանում սկսեցին ճշտել, թե այդ գործընթացներում ում կարելի է ներգրավել: Պարզեցին, որ դատախազությունում Աղվան Հովսեփյան անունով մի աշխատակից կա, որը գլխավոր դատախազության կարևորագույն գործերով քննիչ է աշխատում: 

Երկրորդ անգամ Ա. Հովսեփյանի անունը շոշափվեց արդեն 1997թ., երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվել էր վարչապետ: Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածու առաջադրելու համար ՀՀ վարչապետը` գործող սահմանադրության համաձայն, պետք է ստանար ՀՀ նախագահի համաձայնությունը: Ռ. Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել էր Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Շատերի մեջ բնական հետաքրքրություն առաջացավ, թե ինչու է Քոչարյանը հենց նրա թեկնածության վրա կանգ առել, ով է Աղվան Հովսեփյանը: 

Պարզվեց, որ Աղվան Հովսեփյանը 1980-ական թվականներին աշխատել է Ղարաբաղում, և այդ տարիներին բավական ջերմ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ (տարօրինակ զուգադիպություն. Վիշինսկին էլ էր մտերմություն հաստատել Ստալինի հետ հեղափոխությունից շատ տարիներ առաջ): Ավելին, այդ ժամանակ նոր հիշեցին, որ Աղվան Հովսեփյանը 88-ի Շարժման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի դեմ հարուցված քրեական գործով քննիչներից մեկն է եղել: Այդ գործի շրջանակներում, օրինակ, Վլադիմիր Նազարյանի հետ մեկնել է Մոսկվա, «Բուտիրկայում» նստած Շարժման ղեկավարներին հարցաքննելու համար: Քոչարյանը Լ. Տեր-Պետրոսյանի մոտ Աղվան Հովսեփյանին նկարագրելիս նշել է, որ նա առաջնակարգ դատախազ է, բավական վստահելի անձնավորություն: Սակայն Ա. Հովսեփյանի թեկնածությունը կտրուկ մերժվեց, որովհետև երբ ուսումնասիրեցին նրա դատախազական գործունեությունը, պարզվեց, որ նա դատախազական համակարգում այն մարդն է եղել, որը ոչ մի գործ չի ավարտել: 

Այդ տարիներին Աղվան Հովսեփյանը քննել էր մի քանի կարևոր գործեր, որոնք կապված էին խոշոր գումարների յուրացման հետ: Առաջին հերթին շինարարության և, իհարկե, էներգետիկայի ոլորտում: Հետագայում պարզվեց, որ էներգետիկ համակարգում տեղի ունեցած չարաշահումների կապակցությամբ տարվող գործը, որը անվանում էին «մազութի գործ», բոլորն էլ նշում էին, այդ թվում դատախազության աղբյուրները, վարել է Աղվան Հովսեփյանը, և հենց ինքն էլ դա ծածկել է: Բնականաբար, նմանատիպ գործերը նա չարաշահումների հեղինակների գեղեցիկ աչքերի համար չէր ծածկում: Այն մարդիկ, ում անունները առավել հաճախ էին շոշափվում «մազութի գործում», տարիներ անց հայտնվեցին Աղվան Հովսեփյանի մտերիմ մարդկանց ցանկում: Խոսքը վերաբերում է «Հայէներգոյի» նախկին ղեկավար Մելս Հակոբյանին և նրա տեղակալին` Կարեն Սարգսյանին: Ի դեպ, այս անձանց, ինչպես նաև Երվանդ Զախարյանի մասին, ըստ մեր աղբյուրների, հատուկ տեղեկություններ էին ժամանակին տվել Նովոռոսիյսկի նավահանգստի պաշտոնյաները, որոնք, իմիջիայլոց ազգությամբ հայ են: Երբ մազութը Հայաստան բերվելու փոխարեն գնացել էր դեպի Թուրքիա, այդ պաշտոնյաները բացատրություններ էին պահանջել, բայց նրանց զգուշացրել են, որ պետք չէ խառնվել: Ընդհանրապես, Աղվան Հովսեփյանի մտերիմների շրջանում մեծ թիվ են կազմում էներգետիկ համակարգում աշխատող և աշխատած պաշտոնյաները: 

Չնայած Ռ. Քոչարյանին չհաջողվեց Ա. Հովսեփյանին նշանակել ՀՀ գլխավոր դատախազ, սակայն նույն 1997թ. Քոչարյանին հաջողվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի տակ դանդաղ ներգործության ական դնել` Աղվան Հովսեփյանին նշանակելով քննչական վարչության պետ: Իսկ դատախազության համակարգում քննչական վարչության պետը կարևորագույն պաշտոնյա է: Դա ական էր, քանզի բոլոր կարևորագույն գործերը պետք է անցնեին քննչական վարչության միջոցով: Բացի այդ, պետական պաշտոնյաների, պատգամավորների հետ կապված բոլոր գործերը, նույնիսկ ամենաչնչին զանցանքները` գործող կարգի համաձայն, քննվում էին այդ վարչությունում: Փաստորեն Աղվան Հովսեփյանի վերահսկողության տակ անցան ամբողջ դատախազության կարևորագույն տեղեկությունները և գործերի ընթացքը: Նա այնտեղ ուներ քննիչների իր խումբը, որոնք էլ գործերը տանում էին Ա. Հովսեփյանի նշած հունով, և պարտաճանաչ կատարում բոլոր հրահանգները: Արդեն այն ժամանակ Աղվան Հովսեփյանը չէր ենթարկվում ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին, քանզի ուներ Քոչարյանի անվերապահ աջակցությունը: Բազմիցս եղել են դեպքեր, երբ Հենրիկ Խաչատրյանը այս կամ այն գործի վերաբերյալ նյութեր է պահանջել Աղվան Հովսեփյանից, սակայն վերջինս տարբեր պատրվակներով հրաժարվել է այդ պահանջը բավարարել: Եվ հենց Աղվան Հովսեփյանին վստահվեց նախկին իշխանությունների դեմ ուղղված առաջին խոշոր, աղմկոտ գործը` Արմեն Տեր-Սահակյանի խմբի գործը: 

1998թ. օգոստոսին, բախտի բերմամբ թե պատահմամբ, սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Արդեն բոլորը գիտեին, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աղվան Հովսեփյանը, որը, ի դեպ, վերջին մարդն էր, որ սպանությունից առաջ տեսել էր Հենրիկ Խաչատրյանին: 

Հենց Աղվան Հովսեփյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ, Հայաստանում մեկնարկ տրվեց քաղաքական հետապնդումներին: Քաղաքական պատվերների հիմնական ուղղությունն էր վարկաբեկել նախկին իշխանություններին, հատկապես նրանց, ովքեր ընդվզում էին իշխանությունների դեմ: 

Առաջին խոշոր պատվերը, որը Աղվան Հովսեփյանը սկսեց կատարել, Վանո Սիրադեղյանի դեմ ուղղորդված հետապնդումն էր: Տարբեր մեթոդներով, շանտաժով, այս կամ այն անձի հետ գործարքի միջոցով կորզած ցուցմունքներն ու տեղեկությունները Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմք դարձան: Եվ երբ 1999թ. հունվարի 25-ին Աղվան Հովսեփյանը առաջին անգամ Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով մտավ խորհրդարան, այնտեղ իբրև Վանո Սիրադեղյանի մեղքը ապացուցող մի քանի փաստեր ներկայացրեց, դրանք ուղղակի ծիծաղ առաջացրին: Օրինակ, որպես փաստ ներկայացրեց այն, թե իբր ԴՆԿ-ի բիոլոգիական փորձաքննություն է անցկացվել: Այն դեպքում, երբ Հայաստանում նման փորձաքննություն կատարելու համար համապատասխան սարքավորումներ գոյություն չունեն: Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում նման սարքավորում ընդամենը մի տեղ կար: Իսկ այն ոսկորները, որոնք իբր հայտնաբերվել և փորձաքննության էին ենթարկվել, իրականում պարզվեց, որ ոչ թե մարդու, այլ անասունի ոսկորներ էին: Եվ դրանք Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցելու հիմնական փաստարկներից էին: Իբր այդ ոսկորները պատկանում էին այն մարդկանց, ում Վանո Սիրադեղյանը սպանելու պատվեր էր տվել: 

Այդպիսի փաստարկներով Աղվան Հովսեփյանը փորձում էր ստանալ խորհրդարանի համաձայնությունը: Սակայն խորհրդարանը մերժեց: Դա առաջին հարվածն էր Ռոբերտ Քոչարյանին, և վերջինս, իր էության համաձայն, չէր կարող նման ապտակը ներել: Այդ իսկ պատճառով Աղվան Հովսեփյանը սկսեց առանձին պատգամավորների վրա աշխատել, նրանց դեմ գործեր հարուցել, այդ թվում՝ նաև Էդվարդ Եգորյանի նկատմամբ: Տարբեր ցուցմունքներով, կեղծ փաստերով: Բայց երբ Է. Եգորյանը հանկարծամահ եղավ, որոշեցին նրա գործը կարճել: 

Կարեն Միքայելյան 

Շարունակելի 

ՎԱՐԿԱՆԻՇ

   11849 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ