...

«Ադրբեջանական այս գործողությունների հետևում նաև որոշակի թուրքական հետք կա..». Տիգրան Կարապետյան

«Ադրբեջանական այս գործողությունների հետևում նաև որոշակի թուրքական հետք կա..». Տիգրան Կարապետյան

Հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել: Իրավիճակի մասին խոսել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` նշելով, որ կան վիրավորներ, մինչդեռ Պաշտպանության Նախարարության պաշտոնական խոսափողն այդ մասին լռում էր: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով ՊՆ խոսնակի լռության մասին մեր դիտարկմանը՝ նշեց.

- Նման իրավիճակում ճիշտ է հետևել միայն Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին: Հուլիսի 12-ի ամբողջ օրը մենք Տավուշի մարզում էինք, և կարող ենք փաստել, որ Պաշտպանության նախարարությունը շատ օպերատիվ աշխատում էր: Օպերատիվ էր նաև ՊՆ պաշտոնական տեղեկատվությունը: Սահմանում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխության մասին ՊՆ մամլո խոսնակն անմիջապես տեղեկատվություն էր հաղորդում: Հետևաբար, ես կարծում եմ, որ պետք է հետևենք պաշտոնական հաղորդագրություններին և առաջնորդվենք այդ տեղեկատվությամբ: Սահմանին կրակոցներ կան, կրակոցները շարունակվում են, իրավիճակը լարված է, բայց այն ամբողջությամբ վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից: 

- Պարոն Կարապետյան, համացանցում լայն քննարկումների տեղիք տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսակցությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հարցը նախարարին, թե միգուցե ադրբեջանցի զինվորները եկել էին ՈՒԱԶ-ի հետևից:

- Ամեն դեպքում, կարծում եմ՝ մեկնաբանության կարիք կա, քանի որ խոսքը ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի մասին է: Եթե մենք ասում ենք, որ սահմանագծում մեր զինված ուժերը իրականացրել են փայլուն գործողություն և հզոր ապտակ հասցրել Ադրբեջանին, պիտի նկատի ունենանք, որ այդ զորքերը գործում են Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարությամբ: Եվ այստեղ խոսքը ինչ-որ այլ ռակուրսից ներկայացնել կամ դիտարկել պետք չէ: Դավադրություններ չկան: Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ցանկացած սպառնալիքի լինելու է հակազդեցություն, լինելու է համարժեք պատասխան: ՀՀ ԶՈՒ ցանկացած գործողություն, այդ թվում և՝ վերջին գործողությունները, վստահաբար համաձայնեցված են ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

- Ինչպե՞ս եք գնահատում Աննա Հակոբյանի խաղաղասիրության կոչը՝ ուղղված ադրբեջանցի կանանց: 

- Անկեղծ ասած՝ Աննա Հակոբյանի կոչի մանրամասներին չեմ տիրապետում ամբողջ օրը արտահերթ նիստին մասնակցելու պատճառով: Ինչ վերաբերում է խաղաղությանը և խաղաղասիրությանը, կարող եմ ասել, որ արդեն երկու տարի որպես իշխանական ուժ միշտ հայտարարել և հայտարարում ենք. մենք, ինչպես և մեր ժողովուրդը, խաղաղությունը սիրող, խաղաղության գինն ըստ արժանվույն գնահատող ժողովուրդ ենք, բայց մենք պատրաստ չենք խաղաղության համար ինչ-որ բաներ զիջել, որոնք վտանգի տակ կդնեն մեր ազգային անվտանգությունը: Մենք ասում ենք՝ կա խնդիր, և այդ խնդիրը լուծվելու է բանակցային սեղանի շուրջ: Հակառակ պարագայում, եթե որևէ մեկը փորձում է մեզ հետ խոսել զենքի ուժի լեզվով, կստանա համարժեք պատասխան: Հայաստանի հանրապետության և Ացախի հանրապետության անկախությանը սպառնացող ցանկացած սպառնալիք մեր զինված ուժերը ունակ են չեզոքացնել և կչեզոքացնեն: 

- ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստորեն դատապարտել է գնդակոծությունը՝ մասնավորապես նշելով. «...քանի որ այն իրականացվում է ՀՀ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, և այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելով` իրական վտանգ է պարունակում»: Նա նաև ընդգծել է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում համավարակի պայմաններում, և տեղեկացրել, որ նախաձեռնել է թիրախային դիտարկում, որի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն ու կուղարկվեն միջազգային կառույցներին: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինեն միջազգային կառույցների գնահատականները, նաև՝ մարդու իրավունքների համապատկերում: 

- Այդ առնչությամբ այս պահին կանխատեսումներ անել չեմ կարող, բայց կարծում եմ, որ արտաքին աշխարհը շատ կոշտ պետք է արձագանքի Ադրբեջանի վերջին գործողություններին: Համավարակի այս օրերին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է այդ աղետը հաղթահարելու համար, միջազգային հանրությունը միաժամանակ պետք է կոշտ գնահատական տա նաև այս առումով Թուրքիայի արձագանքին: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը շատ ներողամիտ գտնվեց Թուրքիայի նկատմամբ, ինչը նրան իր գործողությունների իմաստով շատ հեռուն տարավ. սիրիական, քրդական պատերազմներ, Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարց և այլն: Ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան գնալով ավելի զավթողական դիրք է որդեգրում և, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այս հանգամանքին: Չի կարելի բացառել, որ ադրբեջանական այս գործողությունների հետևում նաև որոշակի թուրքական հետք կա: Մենք ապրիլյան պատերազմում այդ ամենին արդեն ականատես եղել ենք: 

Հ.Գ. Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2052 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ