...

Ամեն օր պետք է հիշել լույսի մասին

Ամեն օր պետք է հիշել լույսի մասին

Վանոն այստեղ է

Երեկ Վանո Սիրադեղյանի հիշատակի օրն էր: Ընդհանրապես, ոչ միայն երեկ, այլ նաև վաղը, մյուս օրը, մի խոսքով, ամեն օր պետք է Վանոյի հիշատակի օր լինի: Ավելի ճիշտ՝ հիշելու: Որովհետև նրա ամեն մի արտահայտած խոսք, գրած նախադասություն, միտք... ամեն օր պետք է գալիս, ամեն օրվա համար դիպուկ է, տեղին: Ու քանի դեռ Վանո Սիրադեղյան ենք հիշում, հարգում ու մեծարում, ուրեմն, դեռ շանս կա, որ կկարողանանք ի վերջո հարգել ու մեծարել նաև մեր պետականությունը, տեր կանգնել մեր անկախությանը, այնպես, ինչպես դա Վանո Սիրադեղյանն է արել:

Գիտենք, գիտենք, շատերի մոտ սա կարդալուց կենդանական բնազդներ են արթնանալու, տրտինգ են տալու, կատաղության նոպաներ են ունենալու, շատերը գրելու են՝ բա որ Վանոն սենց, բա որ Վանոն նենց, բա մոռացե՞լ եք, թե ինչեր է արել և այլն: 

Էն ատելությունը, որ տարիներ շարունակ գեներացվել է Վանոյի դեմ, պատահական չէր: Ու պատահական չէր, որ նրա դեմ ատելության քարոզն ու հալածանքները միավորել էին դաշնակներին, թերսնված կոմերիտականներին, պալատական մտավորականներին, գյադաներին, քուչի գողականներին, կարճ ասած՝ անկախության մեջ քյար չտեսնող ստուկաչներին: Որովհետև բացի նրանից, որ անկախությունը սրանց ուղեղին հասու չէր, կար մի այլ խնդիր էլ. քանի կար Վանոն, սրանք տառապում էին թերարժեքության սինդրոմով: Միշտ է այդպես եղել. վառ անհատականությունը, ժամանակից առաջ ընկածը գորշ միջակությունների համար ատելության օբյեկտ էր, որից ժամ առաջ փորձում էին ազատվել:

Քուչի, քուչի, քուչի

Ոնց որ Շարիկովը փորձում էր ժամ առաջ ոչնչացնել իրեն ստեղծած Պրեոբրաժենսկուն: Որովհետև քանի դեռ կար պրոֆեսորը, Շարիկովը միշտ իրեն զգալու էր Շարիկ, ոչ թե՝ Շարիկով: 

Որ Քոչարյանը եկավ Հայաստան, հետո՝ վերցրեց իշխանությունը, առաջին իսկ օրից փորձել է Վանոյից ազատվել: Ֆիզիկապես կլիներ, թե գլխին կսարքեր, ինչ կաներ, կարևոր չէր, բայց քանի դեռ Վանո Սիրադեղյանը կար, Քոչարյանը նրա հանդեպ իրեն զգալու էր այնպես, ինչպես Շարիկովը՝ պրոֆեսորի հանդեպ: Գյադաների իշխանությունը չէր կարող հանդուրժել անկախության սերնդին: Իսկ Վանոն անկախության սերնդի ամենավառ ներկայացուցիչն էր:  

Ու գյադաներին հաջողվեց ի վերջո Վանոյին պոկել Հայաստանից: Նոր դրանից հետո յոնջայի դաշտում տրտինգ տալը համարվեց հայրենասիրության պիսկ, Ֆիզուլիում ու Աղդամում թրքելը՝ հերոսության գագաթնակետ: 

Ելք կա, իսկական ելքի մասին ենք ասում

Բայց Վանոն այնուամենայնիվ հասցրեց անկախության սերնդի համար սերմեր ցանել: Էդ սերմերը տարիներ շարունակ տրորել են, դեղել-թույնել են, տրակտորով-տանկով հողին են հավասարեցրել, բայց դե, ստեղից-ընդեղից այդ սերմերը ծլում են: Քիչ են, բայց կան: 

Հայաստանի, Արցախի փրկությունը, զարգացումը, կյանքը... այ էդ անկախության սերնդի մեջ է: Անկախության սերունդը 1990-ականներին ցույց տվեց, որ կարելի է հպարտ ապրել, բոլորի հարգանքը վայելել, գլուխը բարձր քայլել, սրա-նրա ողորմածությանը չապավինել, որ կարելի է հաղթել ու արարել, ոչ թե 25 տարի  լափառոշ-լափառոշ խոսելով երկիրը տանուլ տալ: 

Էսօր եկեք չխոսենք իրավիճակից: Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Այսինքն՝ խոսեցինք, էլի. գյադաների ժամանակները դեռ չեն վերջացել. 1998-ից սկսվել է, էստաֆետի փայտիկն իրար փոխանցելով, հասել են մեր օրերը: Ուղղակի հիշեցնենք, որ յուրաքանչյուր թունել ունի ելք: 

Կարդացեք Վանո. ամեն օր: Նրա մտքերը մոմի լույս են թունելում:

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ