Քոչարյանական կայքերից առաջատարն իրեն հատուկ հակահիգիենիկ բառապաշարով դարձյալ անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ղեկավարած ՀԱԿ-ին: Իրեն հարգող ոչ մի լրագրող նման բառապաշարով չի ներկայանա հանրությանը: Նյութը ոչ միայն հակահիգիենիկ է, այլև անհեթեթության հասնող ստերի պակաս էլ չկա: Պարզվում է՝ կլիենտին ներվայնացրել է դատարանի բակում ՀԱԿ-ի ակտիվիստների ներկայությունը, որտեղ մեկնարկել էր իրենց տիրոջ դատավարությունը: Ահա այսպես: Ոչ ավել, ոչ պակաս ասում է՝ ՀԱԿ-ում վախեցած են, որ Քոչարյանի գործոնն ուժեղանում է, և այն իր ազդեցությունն է թողնելու քաղաքական զարգացումների վրա: Այնուհետև շարունակում է, որ ՀԱԿ-ում տեսնում են, որ Նիկոլն օր օրի փլուզվում է և հասկանում են, որ Նիկոլի փլուզումը փլատակների տակ է թողնելու նաև իրենց: Բայց անհեթեթությունն այսքանով չի ավարտվում: Շարունակում է: Երբ ՀԱԿ-ը համագործակցության առաջարկ է արել Ծառուկյանին, պատրաստ է եղել նաև համագործակցել ու ծառայություններ մատուցել Քոչարյանին: Ակնհայտ սուտ: Միայն հիվանդ ուղեղն է ընդունակ նման անհեթեթությունների: Երկարատև ընդմիջումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն նշանավորվեց իր հայտնի ելույթով, որտեղ մանրամասն ներկայացրեց, թե ինչ ավազակապետական կարգեր են տիրում երկրում և ազդարարեց բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին: Եթե ՀԱԿ-ը պայքարում էր Քոչարյանի ստեղծած համակարգի դեմ, էլ ինչպե՞ս կարող էր համագործակցել և նույնիսկ ծառայություն մատուցել: Անհեթեթություն: Տրամաբանությունն է հուշում, որ նման բան չէր կարող լինել:
Այո, ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ քսան տարի անզիջում պայքարում է կոռումպացված համակարգի դեմ: Լրատվամիջոցը մինչև հիմա պիտի հասկացած լիներ, որ եթե Նիկոլն էլ պարտություն կրի, Քոչարյանին վերադարձ չկա, հանրությունը թույլ չի տա: Չենք թվարկում Քոչարյանի ղեկավարման տարիներին ի՞նչ ավերածություններ են տեղի ունեցել երկրում՝ հույս ունենալով, որ լրատվամիջոցը ինքն էլ քաջատեղյակ է, պարզապես դեմագոգիայով է զբաղվում: ՀԱԿ-ը վախենալու ոչինչ չունի: Քսան տարի պեղեցին և ոչինչ չգտան: Եթե սուտը գրում են, եթե ՀԱԿ-ին վախեցնելու ինչ-որ բան լիներ՝ կգրեին:
Իսկ ինչ վերաբերում է, որ Քոչարյանի գործոնն ուժեղանալու է և իր ազդեցությունն է ունենալու քաղաքական զարգացումների վրա, սա կարող է ՀՀ քաղաքացու մոտ միայն ժպիտ առաջացնել: Քոչարյանը մինչև հիմա ոչ մի կուսակցության անդամ չէ, քաղաքական գործունեություն չի ծավալել, ղեկավարման տարիներին անասելի չափերի հարստություն է կուտակել և պաշտոնավարումից հետո անմռունչ վայելում էր: Քաղաքականության մասին հիշեց, երբ քրեական գործ հարուցեցին, այն էլ ծանրագույն մեղադրանք: Ինքը հայտարարեց, որ տղան զրոյից է սկսել բիզնես գործունեությունը: Իսկ տղան էլ հայտարարում է, որ միլիոնատեր են: Ընտանիքով հաջողակ բիզնեսմեններ են: Հիմա Քոչարյանին սատարում են փոքրաթիվ մարդիկ, սատարողներն իրենք էլ գիտեն՝ ինչի են սատարում, Քոչարյանն էլ շատ լավ գիտի իր վարկանիշի մասին և ամեն գնով ուզում է խուսափել արդարադատությունից, իսկ սատարողների պիցցա ուտող խումբն էլ ուզում է ինչքան հնարավոր է դատավարությունը երկարաձգվի, իրենք էլ նորանոր բաղադրատոմսերով պիցցա կուտեն:
Մի փոքր զգուշությունը լրատվամիջոցին չէր խանգարի: Փոքր երկիր է, բոլորն էլ գիտեն ո՞վ է պետական ու քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը և ո՞վ է Քոչարյանը: Մենք չենք ասում քաղաքական հակառակորդ պարզ պատճառով, որ պետական ու քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ քաղաքական հակառակորդ չի կարող լինել Քոչարյանը: Տվայտանքներն անիմաստ են: Հանգիստ նստեք Ձեր տեղը:
Ջավահիր Այվազյան