...

Առաջարկում են գործարք. ազատություն՝ տնտեսվարողների դեմ ցուցմունք տալու պայմանով

Առաջարկում են գործարք. ազատություն՝ տնտեսվարողների դեմ ցուցմունք տալու պայմանով

Մեր խմբագրություն է դիմել Արմավիր ՔԿՀ-ում գտնվող Վլադիմիր Սարգսյանի եղբայրը՝ Տիգրան Սարգսյանը: Նա պնդում է, որ իր եղբորը կալանքի տակ են պահում ապօրինի կերպով՝ առաջարկելով գործարք. կալանքից ազատ արձակվել՝ տնտեսվարողների դեմ ցուցմունք տալու պայմանով:  

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ եղբայրը «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ ընկերության սեփականատերն է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ այն հիմնավորմամբ, որ իբր ինքը տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման օգտագործման միջոցով, շահադիտական դրդումներից ելնելով օժանդակել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն։ 

«Քննչական մարմինը և դատախազությունը, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները, խափանման միջոցն օգտագործում են որպես գործիք՝ եղբորս նկատմամբ ճնշումներ գործադրելու և տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ արհեստական ապացույցներ կորզելու համար։ ՊԵԿ նախագահ Բադասյանի գործուն միջամտությամբ եղբորս փակի տակ են պահում Արմավիր քրեակատարողական հիմնարկում՝ փորձելով իրենց փնթի աշխատանքի ողջ մեղքը բարդել նրա վրա: Նախաքննական մարմինը դատարանից թույլտվություն է ստացել «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ ընկերությունից առգրավելու միայն «Նոր Զովք» ՍՊ ընկերությանն առնչվող ծրագրային և էլեկտրոնային տվյալները։ Մինչդեռ, քննչական մարմինը առգրավել է ընկերության բոլոր համակարգիչները, սերվերը, նույնիսկ աշխատակիցների և այդ պահին գրասենյակում գտնվող, ընկերության հետ որևէ կապ չունեցող անձանց անձնական հեռախոսները»։

Տիգրան Սարգսյանը նշում է, որ հայրը՝ Հարություն Վլադիմիրի Սարգսյանը, և եղբայրը՝ կալանավորված Վլադիմիր Հարությունի Սարգսյանը, փորձառու ծրագրավորողներ և 1C սերտիֆիկացված մասնագետներ են, որոնք մեծ ներդրում են կատարել ՀՀ-ում ՏՏ ոլորտում՝ հայաֆիկացնելով և լոկալիզացնելով ռուսական 1C ծրագրավորման լեզուն և ստեղծելով բիզնեսի ավտոմատացման նորարարական տեխնոլոգիաներ։ Դա նաև մեծապես նպաստել է հաշվապահության և առևտրային գործընթացների թվայնացմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը: Սկսած 2009-թ ից «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ն շուկա է ներմուծել 1C ծրագիրը, որը ոչ միայն գործարարների հաշվողական համակարգն է ավտոմատացրել, այլ նաև ՊԵԿ-ին տրվող ինֆորմացիան է ավելի արագ և ստույգ դարձրել։ 

«Սակայն ՊԵԿ-ը որդեգրել է անընդունելի աշխատաոճ: Աշխատակիցները մտնում են խանութ, սուպերմարկետ, արտադրամաս ու տնտեսվարողից խուզարկության պատրվակով առգրավում են գույքն ու տեխնիկան՝ անձնական հեռախոսներն ու նոթատետրերը, ձերբակալում ու կալանավորում մի քանի հոգու, ու հետո շանտաժ անում, թե էսքան հարկ կվճարես, հետ կտանք, մեր ուզած թիվը կտաս, բաց կթողնենք: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե անթույլատրելի է ՏՏ ոլորտին նեղացնելը և խոստացել էր տալ արտոնություններ, և այսօր փաստորեն նրա խոստումները սուտ են դուրս գալիս: Նշեմ, որ եղբայրս 4 անչափահաս, այդ թվում 2 մանկահասակ երեխաների հայր է, տան միակ կերակրողն է, ունի մշտական բնակության վայր, նրա խնամքին են նաև թոշակառու և հաշմանդամ ծնողները»,- ասում է Տ. Սարգսյանը և հավելում, որ եղբոր նկատմամբ խափանման միջոց կալանքի ընտրությունը կիրառվել է ոչ իրավաչափ նպատակներով, կրում է պատժի տարրեր և համարվում ցուցմունքներ կորզելու միջոց:

«Իր ոչ իրավաչափ նպատակներին հասնելու համար քննչական մարմինը ապօրինաբար նրան պահում է կալանքի տակ և առանց թաքցնելու ապօրինի գործարք է առաջարկում՝ ազատություն՝ տնտեսվարողների դեմ ցուցմունք տալու դիմաց, ինչը բազմիցս մերժվել է»,- ասում է նա:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   34512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ