ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը, գրել է. «Խայտառակ վիճակում է Երևանը։ Փողոց չի լվացվում, մայթերը չեն ախտահանվում, շքամուտքերն ու լիֆտերը` նույնպես։ Քաղաքապետ ՀՄ-ն իր թիմով չի երևում. սովորական դասալիք է։ Դասալիք է նաև ՏՌ-ն։ Միլանի չվերթը ժամանակին չփակելու համար այդ կինը մի ամբողջ երկիր վարակեց ու թռավ։ Մի օր այս ամենը կվերջանա և իշխանափոխություն կլինի»:
«ՉԻ». Սկսենք նրանից, որ ՏՌ-ն՝ Տաթևիկ Ռևազյանն է: Ընդհանրապես, Հրանտ Բագրատյանը արդեն տևական ժամանակ է, ինչ ալարում է մարդկանց անունները գրել՝ նշելով միայն նրանց սկզբնատառերը: Թե որտեղից է վերցրել նման ոճը, չգիտենք, օրինակ, մենք երբևիցե մեզ թույլ չենք տա Բագրատյանի մասին գրելիս նշել՝ Հ.Բ.:
Բայց հիմնական խոսքը սա չէ: Չենք անդրադառնալու նախկին վարչապետի մտքերին: Դրանք կարող են վիճելի լինել, միգուցե՝ ճիշտ են:
Բայց մեզ ուրիշ բան զարմացրեց: Հ. Բագրատյանն այս գրառումն արել է իր ֆեյսբուքյան էջում: Ու պարզվում է, որ ինքը ֆեյքեր է պահում: Մտեք, գրառման տակի մեկնաբանությունները կարդացեք: Ով ինչ խոսում է, մի քանի ֆեյքեր հարձակվում են նրանց վրա: Դե, մենք մի քիչ հասկանում ենք ֆեյքերից, տարբերում ենք ֆեյքը իրական օգտատիրոջից, դրա համար կան որոշակի նախանշաններ:
Մի ժամանակ մարդկանց գրառումներին Բագրատյանն էր անձամբ արձագանքում, իսկ հիմա՝ ինքը չկա, միայն ֆեյքեր են հայտնվել ու ագրեսիվ տոնով բոլորին հաթաթա տալիս:
Մենք սա էլ չէինք նշի, պարզապես Հ. Բագրատյանը ժամանակ առ ժամանակ իրեն քննադատողներին որակում է իշխանության ֆեյքեր: Ու հիմա ինքն անում է այն, ինչը ուրիշներին է վերագրում: Չմեռանք, սա էլ տեսանք: