ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում տեղ գտած այն պնդմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային: Պոպովն ասել է. «Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում ՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»:
«ՉԻ». Ինչպես ասում են՝ տեղ հասանք: Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան էր տարվել արցախյան պատերազմի աղետալի հետևանքները սրա-նրա վրա բարդելու փափագով, որ չնկատեց, թե ինչպես Հայաստանի նախկին ղեկավարներին հասցեագրված մեղադրանքները մանրից հասան Ռուսաստանին:
Ու հիմա Ռուսաստանը պաշտոնապես հերքում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Պոպովի պարզաբանումը տեղադրվել է ռուսական արտաքին գերատեսչության կայքում: Սա շատ խոսուն փաստ է: Այսինքն, արդեն ռուսներն էլ «դավադիտ» եղան Փաշինյանի մանիպուլյացիաներից:
Ընդ որում, սա ոչ միայն հերքում-պարզաբանում էր. Ռուսաստանը սրանով Նիկոլ Փաշինյանին հասկացնում է, որ՝ ախպեր, կլինի՞, քիչ խոսես:
Արցախյան հակամարտության կարգավորման նախկին բոլոր առաջարկներում՝ լիներ փուլային, փաթեթային, երբեք խոսք չի գնացել 7 շրջաններն անմիջապես վերադարձնելու մասին: Միշտ եղել է 5+2 բանաձևը: Ինչի մասին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է մինչև հեղափոխությունը բազմիցս խոսել՝ դա համարելով դավաճանական մոտեցում:
Հուսով ենք, սրանից հետո Նիկոլ Փաշինյանը կդադարի արցախյան պատերազմում պարտության համար նոր մեղավորներ գտնել: Զահլա չունենք, մեկ էլ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան սկսեն արձագանքել:
Ու մի բան էլ. երբեք արցախյան հակամարտության ողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը նման մակարդակով չէր արձագանքել կոնֆլիկտի կողմերից մեկի ղեկավարի խոսքերին: