...

Բա ասում էիր՝ նոր բան չկա

Բա ասում էիր՝ նոր բան չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը մեղադրել է իշխանությանը բանակցային գործընթացը տապալելու համար, ասել է. «Եկեք խոստովանենք, որ «5+2»-ի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետև դեռևս 2016-ին Սերժ Սարգսյանը խոսել է 7 շրջանների մասին։ Այն 2-ը բանակցային պաշարն էին, որ հետագայում, երբ պրոցեսն անցնի անդառնալիության կետը, տարբեր փուլերում կողմերի համար գործընթացը դարձվի ավել կամ պակաս գրավիչ»:

Հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը մի կողմից ասում է՝ «5+2» բանաձև չի եղել, ու հաջորդ իսկ նախադասությունում հերքում է իր ասածը՝ նշելով, որ 2 շրջանները՝ Քելբաջարի և Լաչինի, մեր բանակցային պաշարը պետք է լինեին, այսինքն՝ դրանք վերադարձվելու էին հետագա բանակցությունների արդյունքում: Թե ինչի դիմաց, դա արդեն բանակցությունների ընթացքից պետք է կախված լիներ:

Այսինքն՝ եթե նախկինում Փաշինյանը մի բան էր ասում, մի ամիս հետո հերքում կամ հակասում էր իր ասածին, հիմա մի նախադասության մեջ է ինքն իրեն հակասում:

Ընդ որում, սրանով Փաշինյանը, փաստորեն, հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը սուտ էր խոսում, երբ վերջինս պաշտոնապես հերքեց վարչապետի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային:

Հիշեցնենք, որ Պոպովն ասել էր հետևյալը, որ 2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կողմերին ներկայացված պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսի վերադարձը: 

«Ընդ որում, ընդգծեմ հատուկ,- ասում էր Պոպովը,- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով։ Երևանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։

Չենք կարծում, որ Մոսկվան ևս մեկ անգամ կարձագանքի Փաշինյանի այս հայտարարությանը, որովհետև մեզ թվում է՝ ռուսների զահլեն գնացել է վարչապետի՝ իրար հակասող հայտարարություններից: Բանը մի անգամ են ասում, պարզորոշ ներկայացրեցին իրականությունը, տեսան՝ չէ, Նիկոլը էլի իր տրանսպորտն է քշում: 

Բայց Նիկոլ Փաշինյանը իր այդ նույն նախադասության մեջ մի ուրիշ տեղ էլ է իրեն հակասում: Երբ 2018-ին Տեր-Պետրոսյանը հանդիպել էր նրա հետ, խորհուրդ տվել հանրությանը ներկայացնել, թե ինչ փուլում է գտնվում բանակցային գործընթացը, և ինչ պայմանների է համաձայնվել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը բանի տեղ չդրեց, դեռ մի բան էլ հայտարարեց, որ Առաջին նախագահը նոր բան չասաց: Իսկ եթե նոր բան չէր, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր 5+2 բանաձևին, այսինքն՝ բանակցային սեղանին դա է եղել: Իսկ հիմա Փաշինյանը հայտարարում է՝ 5+2 բանաձև չի եղել: Բա որ չի եղել, 2018-ին ինչի՞ էիր ասում, որ բանակցային գործընթացում նոր բան չկա: Նոր բանը 7+0-ն է, որը դու ես ստորագրել: Այսինքն՝ 7 շրջան վերադարձրել ես՝ ոչ մի բանի դիմաց, ու հիմա հայտարարում ես, որ նախկինները հենց սրան էին համաձայնվել: 

Դե, Խորենացի փողոցում 5+2 բանաձևի մասին Փաշինյանի հայտնի ելույթին էլ չենք անդրադառնում: Ինքը դա համարում էր կապիտուլյացիոն բանաձև, խայտառակ, դավաճանական: Իսկ 7+0-ն երևի արժանապատիվն էր:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ