...

Տախտակի ձայնը

Տախտակի ձայնը

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեզ նոր Սահմանադրություն է պետք: Ենթադրվում է, որ հերթական այս արկածախնդրությունը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով է արվել: Սրան ավելացավ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Խորվաթիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ. «Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար»: Սա նույնպես զիջում էր, քանի որ մինչև հիմա Հայաստանը պահանջում էր սահմանազատման գործընթացը ներառել խաղաղության պայմանագրի մեջ, որպես մի ամբողջական փաթեթ: Ադրբեջանը դեմ էր դրան, ու հիմա Հայաստանի իշխանությունները դեմ չեն, որ խաղաղության պայմանագիրն առանձին լինի, իսկ սահմանազատման գործընթացը՝ առանձին: 

Այնպես որ, տարին դեռ նոր է սկսվել, իսկ Հայաստանի իշխանությունները զիջումների շարք են բացել: Չգիտենք՝ ինչ աստիճանի են մեր իշխանություններին պատին գամել, եթե ստիպված ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ ամբողջ Սահմանադրությունը փոխելու մասին են հայտարարում: Շատ լավ գիտակցելով, որ դա չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ Հանրապետության համար՝ ընդհուպ սպառնալով նրա գոյությանը: 

Մի անգամ արդեն մեր Սահմանադրությունը արմատական կերպով փոխվեց Սերժ Սարգսյանի օրոք, ու դրա հետևանքները մինչև հիմա տեսնում ենք: Ընդ որում, այն ժամանակ՝ 2015-ի նոյեմբերին, Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց, զգուշացրեց, որ սահմանադրական փոփոխությունները հղի են անկանխատեսելի հետևանքներով, որ խորհրդարանական համակարգը լավ բանի չի բերելու: Այն տեսակետները, որոնք Առաջին նախագահը ներկայացրել էր այդ հոդվածում, արդիական են նաև այսօր, կարելի է նաև սրանց հասցեագրել:

Մենք մի քանի մեջբերումներ անենք այդ հոդվածից. 

«Սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր սահմանադրության նախագիծ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը։
***
Առանց պարզելու այսպիսի կտրուկ շրջադարձի դրդապատճառը, մանավանդ մի պարագայում, երբ ո՛չ ՀՀ գործող նախագահի, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբևէ ակնարկ անգամ չի եղել, անիմաստ է խոսել խորհրդարանական և նախագահական համակարգերի առավելությունների կամ թերությունների մասին:
***
Իսկ ինչ վերաբերում է դրդապատճառին, ապա ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ 
***
Նրանք չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու և ժողովրդին համոզելու որևէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արև, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից։ 
***
Թող ամենևին զարմանալի չթվա, եթե ասեմ, որ նոր սահմանադրության ջատագովները մարդկային առումով արժանի են անգամ որոշ կարեկցանքի, որովհետև, կամովին թե ոչ, հարկադրված են ապացուցել անապացուցելին, դրա հետևանքով դառնալով ժողովրդի ծաղրուծանակի առարկա։
***
Եթե ռեժիմն այդ փոփոխությունների անցկացումը դիտում է որպես կենաց-մահու խնդիր, ապա հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու համար, հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան՝ հերթական անգամ պատճառ դառնալով ներքաղաքական սուր ցնցման, ժողովրդի հուսալքության խորացման, արտագաղթի նոր ալիքի խթանման, վերջին հաշվով՝ ազգային միասնության իսպառ խարխլման և պետականության թուլացման:
***
Մեր երկիրն ազգային միասնության խարխլման և պետականության թուլացման սպառնալիքի առջև է կանգնում աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակում:

Ինչպես տեսնում եք, բան չի փոխվել: Դեռ մի բան էլ վատացել է: Այն առումով, որ Սերժ Սարգսյանը գոնե լսելու հատկություն ուներ, Նիկոլ Փաշինյանն այդ հատկությունից իսպառ զուրկ է: Ասես, չասես, տախտակի ձայն է գալիս: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ