...

Սա էլ են զգուշացրել

Սա էլ են զգուշացրել

8 տարի առաջ Հայաստանում փոխվեց Սահմանադրությունը, և մեր պետության կառավարման համակարգը դարձավ խորհրդարանական: Հիմա մենք ընդդիմության շարքերից ենք անընդհատ դժգոհություններ լսում, որ իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքում է կենտրոնացրել գործադիր, օրենսդիր և դատական լծակները: Ճիշտ են ասում: Այն ընդդիմությունը, որը ժամանակին մեր վզին փաթաթեց այս սահմանադրությունը, կորցրեց իշխանությունն ու հիմա դժգոհում է: Հակակշիռների այն մեխանիզմները, որոնք ամրագրված էին 1995-ի Սահմանադրության մեջ, վերացվեցին, ամբողջը վարչապետին տվեցիք, և մեր աղետների պատճառներից մեկն էլ դա դարձավ, որ խելքին փչածն անում է, ու դրան այլընտրանք չկա:

Մենք ներկայացնենք երկու հրապարակում, թե 2015-ին ով էր զգուշացնում նոր սահմանադրության վտանգների մասին, իսկ ով էր փրփուրը բերանին դա գովերգում ու անհրաժեշտություն համարում:

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ տասն օրից հանրաքվեի դրվելիք Սահմանադրության նախագիծը անկանխատեսելի հետևանքներով սպառնալիք է Հայաստանի և Ղարաբաղի համար։ Այսօր հրապարակած հոդվածում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը կկասեցնի գործընթացը։

«Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերևս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռևս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսևորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլևս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու և դրանով ռեժիմի և հասարակության միջև գոյություն ունեցող անջրպետն ավելի ևս խորացնելու մտքից»,- «Իլուր» կայքում գրում է նա։

Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե փոփոխությունների անցկացումը իշխանությունների համար կենաց-մահու խնդիր է, ապա ռեժիմը հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան, որը իր հետ անցանկալի հետևանքներ կբերի։ Սա, ըստ նրա, մտահոգիչ է, քանի որ ի տարբերություն 2008 և 2013 թվականների հետընտրական ցնցումների, այժմ աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակ է։

«Ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ Ուստի «Այո»-ի ճակատի հավաստիացումներն առ այն, թե իբր սահմանադրական փոփոխությունները ձեռնարկված են բացառապես հանուն Հայոց պետականության ամրապնդման, իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովման, լիակատար օրինականության հաստատման, կոռուպցիայի և հովանավորչության վերացման, ժողովրդավարության հետագա խորացման, մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության և այլն, փարիսեցիությունից կամ ցինիզմից բացի, այլ բառով դժվար է բնորոշել»,- գրել է Տեր-Պետրոսյանը, 26.11.2015թ.:

«Ըստ դաշնակցական Արսեն Համբարձումյանի, գործող Սահմանադրությունն է պատճառը, որ «Հայաստանում օրենքները չեն գործում, երկրում կա մոնոպոլիա և արտագաղթ»:

«Այո»-ի ջատագով ՀՅԴ-ն շարունակում է սահմանադրական փոփոխությունների օգտին ակտիվ քարոզարշավը մարզերում՝ մարդկանց հորդորելով դեկտեմբերի 6-ի հանրաքվեին «վճռական այո» ասել առաջարկված նախագծին: Այսօր Գավառի արվեստի դպրոցում կայացած հավաքին դաշնակցական Արսեն Համբարձումյանն իր խոսքում ընդգծեց՝ «հրաշքներ չենք խոստանում, բայց «այո»-ն կյանքը դեպի լավը փոխելու առաջին քայլն է»:

«Մենք հակված ենք փոփոխությունների, իսկ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ես ձեզ վստահեցնում եմ, որ լուրջ, արմատական, չեմ վախենա այդ բառից՝ հեղափոխական փոփոխություններ է բերելու մեր կյանք, անխուսափելիորեն, որովհետև արմատապես փոխվում է պետական կառավարման համակարգի ձևավորման ամբողջ փիլիսոփայությունը: Իսկ սա, իր հերթին, բերելու է փոփոխության մեր կյանքի բոլոր ասպարեզներում»,- իր խոսքում ասաց Համբարձումյանը:

Դաշնակցական գործչի համոզմամբ, գործող Սահմանադրությունն է մեղավոր, որ «Հայաստանում օրենքները չեն գործում, որ պետական իշխանության մարմիններն արդյունավետ չեն աշխատում, որ երկրում կա տնտեսական մոնոպոլիա, որ չունենք տնտեսական աճ, որ կա արտագաղթ»: Ուստի, ըստ նրա՝ տեղին չեն այն շահարկումները, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ: «Եթե մենք պատճառը չվերացնենք, հետևանքները չենք վերացնի»,- ասաց նա:

Իշխանությունն այսօր այնքան ուժեղ չէ, որ պահի ողջ իշխանությունը, սակայն, ընդդիմությունն էլ չունի իշխանությունն ամբողջությամբ վերցնելու հնարավորություն: Ոստի՝ դաշնակցության ներկայացուցիչը վստահ է՝ այդ դեպքում փոխզիջումային միակ տարբերակը սահմանադրական փոփոխություններն են: Վերջինիս համոզմամբ, «ոչ» ասելու դեպքում, «կունենանք այն վիճակը, ինչ որ ունենք այժմ», 28.11.2015թ.:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ