...

Այս աղմուկը որտեղի՞ց է սկսվել

Այս աղմուկը որտեղի՞ց է սկսվել

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որդու հասցեին քննադատություններին.

«Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:

Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույլտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:

Ի դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020թ.-ից:

Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:

Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:

Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:

Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք»:

Տիկին Արոնովայի ամեն բառի տակ պատրաստ ենք ստորագրել: Ոչ մի ավելորդ բան չի ասել: Դիպուկ է գրված:
Իմիջիայլոց, մենք որքան էլ քննադատենք Սերժ Սարգսյանին, երբևիցե չենք շահարկել նրա՝ շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելու հանգամանքը, Լևոն Արոնյանի հետ մտերմությունը: Կապ չունի մտերմության աստիճանը: Մենք դրա մեջ քաղաքականություն չենք տեսել, ընկալել ենք որպես զուտ մարդկային, նորմալ հարաբերություններ, որոնք մինչև հիմա էլ շարունակվում են: Որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ, Սերժ Սարգսյանն իրեն դրսևորել է լավագույն կողմերով: Ինչ ճիշտն է, ճիշտն է:

Ինչ վերաբերում է Լևոն Արոնյանին, նույնիսկ թթու խոսք անգամ նրա հասցեին չես կարող ասել: Արոնյանը նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկն է, ոչ ոք այդքան փառահեղ հաղթանակներ չի պարգևել մեզ, ինչպես նա: Նրա պես ոչ ոք Հայաստանի դրոշի պատիվը այդքան բարձր չի պահել: Անուրանալի է նրա դերը Հայաստանում շախմատի մասսայականացման մեջ: 

Ինքն այնքան բան է արել Հայաստանի համար, որ եթե նույնիսկ հիմա գնա, Եգիպտոսի դրոշի ներքո հանդես գա, էլի բան չենք ասի: 

Ուղղակի մի հանգամանք կա, որը տիկին Արոնովան, գուցե էթիկական նկատառումներից ելնելով, չի ասում: 

Այս աղմուկը որտեղի՞ց սկսվեց: Սկսվեց «Մեդիապորտ» կոչվող տելեգրամյան ալիքից: Աշխարհի ամենատխմար զառանցանքն էլ որ հրապարակի, քոչարյանական լրատվամիջոցներն այն անմիջապես տարածում են: Սրա մասին մենք մի անգամ գրել ենք: Շատ լավ ձև են գտել. անանուն այդ ալիքը ինչ ուզում, գրում է, մնացած լրատվամիջոցները՝ հղում անելով նրան, տարածում են: Ոչ պատասխանատվության հարց կա, ոչ՝ լրագրողական էթիկայի ու բարոյականության:

Հիմա այս «Մեդիապորտը» օրեր առաջ գրել էր, թե Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, կարող է գնալ ԱՄՆ, հիասթափված է իշխանություններից, քանի որ սրանք իրեն ինչ-որ սուպերհամակարգիչ էին խոստացել, բայց խոստումը չեն կատարել: 

Ու սա քոչարյանական լրատվամիջոցները անմիջապես տարածեցին: Նույնիսկ վարչապետի խոսնակից մեկնաբանություն խնդրեցին: Ու ինչն էր հետաքրքիր, որ Լևոն Արոնյանն այս ընթացքում մի բառ անգամ չի ասել: Բայց իրեն ինչ-որ մտքեր էին վերագրվում, տարածում էին, այսպես է անում, այնպես է անում: 

Դե, մեր ֆեյսբուքահայության ահագին զանգված մի հատկություն ունի. ով ինչ գրի, հավատում են: Թեկուզ գրեն, որ Երևանից-Ստամբուլ ճոպանուղի է կառուցվելու, էլի կհավատան:

Կհավատան ու կսկսեն լուրջ-լուրջ դա մեկնաբանել: Ինչպես՝ Արոնյանի  դեպքում: Ինչ ասես, որ Լևոնի հասցեին չեն գրել: Վիրավորանքներ, դավաճանության մեջ մեղադրանքներ, հրեական արմատներն են հիշել, անձնական կյանքն են շահարկում, Սերժի մանկլավիկ, փողասեր, փառասեր... կարդում ես գրառումները, շշմում, մտածում՝ հո դուք անասուն չե՞ք: Մարդ ե՞ք գտել քննադատելու: 

Իսկ «Մեդիապորտը» շարունակում է մեր անաչառ լրատվամիջոցներին ստույգ, վստահելի, հարյուր տոկոսանոց տեղեկատվություն տրամադրել: Այսպիսին է վիճակը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1029 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ