«Մի հետաքրքիր բան ասեմ. հանրապետության վարչապետը Արցախում ելույթի ժամանակ ասում է, որ մեր մեծագույն նվաճումներից մեկը մեր բանակն է: Այո, շատ շնորհակալ եմ, ճիշտ է ասում ինքը, իսկապես ճիշտ է ասում, բայց ո՞վ է այդ բանակը կառուցել, ախր դուք չկայիք, չէ՞, տղերք, որ այդ բանակը սարքում էին: Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մեր հրաշալի կամավոր ընկերները և Պարգև սրբազանը, մեր սպաներն ու գեներալները»:
Սա հատված էր Մերուժան Տեր-Գուլանյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» օրաթերթին:
«ՉԻ». Իսկապես շատ հետաքրքիր էր: Հետաքրքիր է, թե ինչպես կարող է մարդը, իրեն մտավորական համարողը կյանքի 8-րդ տասնամյակում դեռ իր մեջ ուժ գտնի այսքան անազնիվ կերպով ծառայություններ մատուցելու իր հովանավորներին: Այսքան էժան ձևով փորձի խեղաթյուրել պատմությունը:
Հարցազրույցի սկզբում Տեր-Գուլանյանը ասում է, որ շատ վաղուցվանից է ինքը գալիս, իսկ խորհրդային տարիներին գրեթե այլախոհ է եղել: Թողնենք մի կողմ Տեր-Գուլանյանի սնապարծությունը և գլուխգովանությունը: Ի՞նչ այլախոհ է եղել, որ ոչ մեկին հայտնի չէ: Խորհրդային տարիներին խոհանոցում շատերն էին դժգոհում, բայց ոչ բոլորն էին այլախոհ:
Տեր-Գուլանյանը խեղաթյուրում է պատմությունը, երբ բանակի ստեղծման հիմնադիրների մեջ առաջնային չի նշում պետության ղեկավարի անունը: Ոչ միայն առաջինը չի նշում, այլև ընդհանրապես չի նշում: Արքեպիսկոպոսի անունը հիշում է, բայց չի հիշում Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Եթե ժամանակին չի հասկացել, թե Տեր-Պետրոսյանը ինչ դեր է ունեցել բանակի ստեղծման գործում, կարող է դիտել վերջերս համացանցում հայտնված Վազգեն Սարգսյանի խոսքը, որտեղ ամեն ինչ ասված է: Այս փոքրիկ դրվագով Տեր-Գուլանյանը ցույց է տալիս, որ ինքը դեռ շարունակում է ծառայություններ մատուցել Քոչարյանին և Սարգսյանին:
Իսկ ինչո՞ւ է դեռ ծառայություններ մատուցում: Միգուցե պարտք է: Պարտք է, որովհետև տարիներ շարունակ պետական բյուջեից ստացել է տասնյակ միլիոնավոր դրամներ՝ ինչ-որ ամսագիր տպելու համար, որը երբևէ ընթերցող չի ունեցել: Չի բացառվում, որ նման հարցազրույցներով Տեր-Գուլանյանը փակում է նախկին պարտքերը: