Քանի դեռ իշխանությունները չեն հասցրել Լևոն Երանոսյանին կամ Աշոտ Գիզիրյանին նոր պաշտոններ տալ, կցանկանայինք վերջապես անդրադառնալ մի կարևոր թեմայի, որի զահլեն հիմա քչերը ունեն:
Օրերս կյանքից հեռացավ երգիչ Բորիս Դավիդյանը՝ հանրության շրջանում հայտնի Բոկան: Բոլոր լրատվամիջոցները այս մասին գրեցին, հիշեցրին, թե ով է Բոկան, և միայն ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն էր նկատել այն, ինչ մնացածները կամ չէին նկատել, կամ էլ չնկատելու էին տվել:
Արմեն Դարբինյանը իր նկատածի մասին գրել էր հետևյալը. «Վատ է իհարկե, որ Բոկան մահացավ: Հազար անգամ վատ է, որ այդ առիթով «Արմենիայի» հեռուստաանդրադարձը համեմվեց Доля Воровская երգով: Վրաստանում մի հինգ հոգի արդեն քրեական հոդվածով կնստեին դրա համար: ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՆԶՈՒՐԱ: Իմացեք, որ սա՛ է նաև գաղտնիքը իրենց հաջողությունների: Ո՞ւմ եմ ասում»:
2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո հանրության շրջանում մեծ էին ակնկալիքները, որ հեղափոխությունը կտարածվի բոլոր ոլորտներում, կիրականացվեն ռադիկալ փոփոխություններ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Այսինքն, մշակութային հեղափոխության անհրաժեշտություն էլ կար: Բայց մենք ի՞նչ ենք տեսնում. գողական բարքերը, հանցավոր աշխարհին բնորոշ կարծրատիպերը ոչ միայն պահպանվել են, այլև դրանք շարունակում են էական ազդեցություն ունենալ հասարակական հարաբերություններում, դրանց տեղ է տրվում, շատ հաճախ տարատեսակ հակասությունները այդ ճանապարհով են լուծվում: Ու պատահական չէ, որ Доля Воровская երգը Հանրապետության ամենահայտնի հեռուստաընկերություններից մեկի եթերում է հայտնվում:
Այո, Վրաստանում Վարդերի հեղափոխությունից ամիսներ հետո պատերազմ հայտարարվեց կրիմինալ աշխարհին և այդ պատերազմում անհավանական արդյունքներ գրանցվեցին: Ոչ թե հանցավոր գործունեությունը, այլ հենց հանցավոր, գողական մտածելակերպն ու բարքերը օրենքից դուրս հայտարարվեցին: Արդյունքում մի քանի ամսվա ընթացքում գողական մշակույթը ջախջախվեց: Այսպես կոչված «բլատնոյ» երգերը զվարճանքի, ժամանցի վայրերում, ռեստորաններում վերացան: Այն Վրաստանում, որտեղ հենց մարդ մտնում էր, հազար տեղից կլպում ու թալանում էին, օրենքի և համոզմունքների ուժով նոր, իսկապես քաղաքակիրթ մշակույթ ներդրվեց:
Իսկ մեզ մոտ մինչև հիմա Доля Воровская են հիշում: Կիսատ-պռատ հեղափոխություն չի լինում: Դա միայն քաղաքական իշխանության փոփոխությունը չէ, դա փոփոխություն է ամենուրեք, այդ թվում՝ մարդկանց մտածելակերպում: Եթե այդ մտածելակերպում նստած է գողական ենթագիտակցությունը, այն պետք է արմատախիլ անել: Մեր իշխանությունները ընդհանրապես այս ուղղությամբ ոչինչ չեն արել:
Հիմա մի բան պատմենք, այս մասին քչերը հիմա կհիշեն, նոր սերունդն ընդհանրապես չի իմանում սրա մասին: Ուրեմն, 1998 թվականին, երբ Արմեն Դարբինյանը ՀՀ վարչապետն էր, մի օր գիշերը արթնանում է, հեռուստացույցը միացնում է, ու հանկարծ տեսնում է, որ ԱՐ հեռուստաընկերությամբ... պոռնո են ցույց տալիս: Ոչ թե էրոտիկա, ոչ թե՝ օրինակ, «9 ու կես շաբաթ», այլ հենց՝ պոռնո: Զայրացած զանգահարում է այդ հեռուստաընկերության ղեկավարին, երևի մի երկու քաղցր խոսք ասած էլ կլիներ, պահանջում դադարեցնել այդ ֆիլմի ցուցադրությունը: Դրանից հետո այդ հեռուստաընկերությունը իր եթերից «էրոտիկ» ֆիլմերը վերացրեց: Եվ ընդհանրապես, կինոյի այդ ժանրը հայկական եթերից աստիճանաբար դուրս եկավ:
Այդ դեպքը պատմում ենք, որ հասկանալի լինի, որ նույնիսկ մի զանգով հնարավոր էր որոշակի ազդեցություն ունենալ հայկական մեդիադաշտի եթերի պարունակության վրա: Ցավոք սրտի, երկրորդ նման դեպք այլևս չենք հիշում: Մինչդեռ նույն հետևողականությամբ պետք էր հեռուստաընկերություններին պարտադրել գողական կյանքի, գողական մշակույթի քարոզչությամբ չզբաղվել, իսկ այսօր մեր ամբողջ եթերը դա է, որ ալիքը միացնում ես, մի հատ «անասուն» սերիալ է գնում, որտեղ ծայրից ծայր գողական ժարգոնով են խոսում, անընդհատ գողական ինչ-որ «ռազբորկաներ» են, փողոցային բառապաշարով զրույցներ: Ի՞նչ հեղափոխություն, եթե մինչև հիմա նման խայտառակ վիճակ է տիրում եթերներում, ու դրա դեմն առնելու քայլեր չեն իրականացվում:
Կարող են ասել, բայց նման հարցերը մի զանգով չեն լուծվում, հիմա ուրիշ ժամանակներ են, օրենք պետք է փոխվի, համապատասխան օրենսդրական դաշտ ձևավորվի, բլա-բլա-բլա:
Ու այստեղ նորից պետք է հիշել 1998թ. ԱՐ-ի այդ պատմությունը: Գիտե՞ք՝ ում հեռուստաընկերությունն էր պոռնո ցուցադրել. Մերուժան Տեր-Գուլանյանի: Այո, այո, էն որ իբր թե մտավորականության ներկայացուցիչ է համարվում, բաներ-մաներ է գրում, պոեզիա-բանաստեղծություն: Որ ասում են՝ պալատական մտավորական, ոնց որ հատուկ իր համար լինի այդ տերմինը: Ինչո՞ւ ենք մենք հիմա հիշատակում նրա անունը: Որովհետև, եթե մեր աչքերը մեզ չեն խաբում, նա մինչև հիմա Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:
Դե, եթե նման մարդը նման ոլորտում մինչև հիմա դերակատարում ունի, Доля Воровская երգը ի՞նչ է, որ չհեռարձակեն եթերով: Մերուժան Տեր-Գուլանյանո՞վ պետք է մշակութային հեղափոխություն անենք: Ավելի շուտ՝ մշակութային հակահեղափոխություն կլինի: Դրա համար էլ այս վիճակն է. մշակութային հեղափոխությունը դեռ չծնված՝ մեռել է:
Հ.Գ. Այսինքն, էլ ի՞նչ Մերուժան Տեր-Գուլանյան, եթե արդեն Գեբելսին են հետ բերում: