...

Մնաց Սուրբի Դոգը

Մնաց Սուրբի Դոգը

Համարյա Սարդ-մարդն է

Այս շաբաթն էլ չեղարկվեց: Այսինքն՝ անցավ չեղարկումների ներքո: Սնուփ Դոգի հացը հանկարծ ու ինչ-որ Little Big խումբը կտրեց: Պարզվեց, որ այդ խումբը պետք է Երևանում համերգ տա, էն էլ չեղարկվեց, որովհետև սրբապիղծ խումբ է: Դա մենք չենք ասում, այլ այդ խմբի դեմ կենաց-մահու պայքար մղած մարդկանց մի խումբ՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համահիմնադիր, «Ոչ պարտադիր պատվաստմանը» նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ: Հալալ է այս մարդուն. ո՞նց էլ հասցնում է այսքան սրբապիղծ երևույթների դեմ պայքարել: 

Չգիտենք, ինքը ինչ կարգի փաստաբան է, բայց իր «նիշան» գտել է. առավոտից-երեկո համաշխարհային դավադրություններ է բացահայտում ու դրանք հենց բնում խեղդում:

Իսկ թե Little Big խումբը ինչի է սրբապիղծ, չգիտենք, առաջին անգամ ենք լսում նրանց մասին: Մենակ այն իմացանք, որ ռուսական խումբ է, Ռուսաստանը ներկայացրել է «Եվրատեսիլում», հիմա էլ ԱՄՆ-ում է աշխատում:
 
Շուստրին այսպես է լինում

Բայց վերադառնանք մեր ոչխարներին, այսինքն՝ Սնուփ Դոգին: Սրան հրավիրելուց էլ է սրբապղծության հոտ գալիս: Մինչ Արա Զոհրաբյանը Little Big-ի դեմ հաղթանակն է տոնում, պարզվում է, որ Սնուփոյի համերգը «Հրազդան» ստադիոնում կազմակերպելու է ընդամենը մի ամիս առաջ ստեղծված ընկերություն: Ընկերություն, որը 51 տոկոսի չափով պատկանում է ՄԱՊ-ի Ալիկի տղուն, Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին: Ոչ թե Մոլդովայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, այլ հակառակը: Հոտը զգացի՞ք: 

Այ էդպես, ընկերություն ես ստեղծում, մի հատ զիզի-բիզի դեմքի այց ես Հայաստան կազմակերպում, 6 մլն դոլար ես ստանում... բայց լավ գործ է: Ասում ենք, մի ընկերություն էլ մենք ստեղծենք, էն Էլթոն Ջոնին բերենք Հայաստան: Չէ, ձև չի: Նախ, մենք պատվավոր հյուպատոսներ մեր շարքերում չունենք, երկրորդն էլ Արա Զոհրաբյանը Էլթոն Ջոնի անունը լսի, մեր բմբուլները քամուն կտա: 

Վայ, Նարե, Նաա՜րե

Այնպես որ, բավարարվենք երգչուհի Նարե Գևորգյանի երգի պրեմիերայով: Թարսի պես, դա էլ է չեղարկվել: Պատճառը շատ արտառոց է ու անեկդոտիկ: Ինչ-որ մարդիկ, չգիտենք, Արա Զոհրաբյանը նրանց թվում է, թե չէ, ասել են, թե Նարեի «Քամանչա» երգի երաժշտությունը թուրքական է: Էս աղջիկն էլ երգը չի հրապարակել: Գրել է. «Եթե անգամ փոքր կասկած կա, որ երգի երաժշտությունը թշնամի ազգի մշակույթի հետ կապ ունի, ես երբեք հանդես չեմ գա այդ երաժշտությունը պրոպագանդողի դերում»: Ջան:

Ոնց որ չէր կարող մինչև երգը ճշտել այս ամենը: Կամ էլ լավ, ասենք թե, երգի երաժշտության մեջ թուրքական տարրեր կան, մինչև հիմա նման բան բան չի՞ եղել: Լուսահոգի Արամ Ասատրյանի քանի՞ երգ ասենք, որոնք թուրքական ծագում ունեն, մինչև հիմա լսում են, որևէ մեկը նրան թշնամու մշակույթը պրոպագանդող որակե՞լ է: Կամ գնացեք Թուրքիա, տեսեք, թե այնտեղ ոնց են լսում, ձևափոխում ՍուպերՍաքոյի «Մի գնա» երգը: 

Էլ չենք ասում, թե Հայաստանում թուրքական արտադրության ինչքան ապրանքներ են վաճառվում: Էդ սաղ հե՞չ, մի հատ երգի երաժշտությունը մե՞ջ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   612 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ